Life.panorama.am-ը գրում է.
Մարտի 8-ը`կանանց միջազգային օրը, ևս մեկ առիթ է վերջիններիս խնդիրները հերթական անգամ բարձրաձայնելու, նրանց իրավունքների պաշտպանության մասին խոսելու և տոնի իրական խորհրդին անդրադառնալու համար: Life.panorama.am-ը թեմայի շուրջ զրուցել է Օմբուդսմենի՝ Կանանց հարցերով խորհրդական Աննա Սաֆարյանի հետ` պարզելու` որքանով է այսօր հայ կինը պաշտպանված, ինչ հիմնախնդիրներ են նրա առջև ծառացած, և ինչ պետք է անել` դրանք կանխելու համար:
-1908-ի մարտի 8-ին կանանց իրավունքների պաշտպանության համար հանրահավաքիցհետո էր, որ ողջ աշխարհում այս օրը սկսեցին նշել կանանց տոնը. մեկ օր հատուկ առանձնացնելն իմաստ ունի՞, արդյունք տալի՞ս է:
-Արդյունավետ է այն առումով, որ այս օրն ավելի շատ են ուշադրություն դարձնում կանանց հիմնախնդիրներին, սա սիմվոլիկ օր է և ևս մեկ առիթ` այդ խնդիրների մասին բարձրաձայնելու համար:
-Հայաստանը անդամակցում է կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված միշարք միջազգային պայմանագրերի. սա որևէ դրական տեղաշարժի հանգեցնու՞մ է:
-Փաստ է, որ այսօր հայ կանայք շատ հիմնախնդիրներ ունեն իրավունքների պաշտպանության հետ կապված, սկսած բռնությունից` վերջացրած հասարակական կյանքի տարբեր ոլորտներում իրենց իրավունքների իրականացման հետ կապված հարցերով: Շատ են ընտանեկան բռնությունները, աշխատանքի վայրերում առկա են որոշակի խտրականության դրսևորումներ, նաև կան խնդիրներ`կապված քաղաքական կյանքում պետական կառավարման որոշումների կայացման գործընթացում նրանց պասիվ դերի հետ: Եվ չնայած մենք ունենք միջազգային փաստաթղթերով ստանձնած մի շարք պարտավորություններ, բայց չենք կարող ասել, որ դրանք այսօր լիարժեք կերպով իրականացվում են: Պետությունը որոշ դեպքերում միջոցներ չի էլ ձեռնարկում:
-Ի՞նչն է դրա պատճառը:
-Նախ`պետական կամքի, ապա` որոշակի ֆինասական ռեսուրսների բացակայությունը:
-Հայաստանում ամենաշատը կանանց նկատմամբ խտրականության ո՞ր դրսևորումն է տարածված:
-Խտրականությունը տարբեր կերպ կարող է դրսևորվել. առաջինը ֆիզիկական- հոգեբանական բռնությունն է: Այն տարածում ունի ընտանիքներում եւ նույնիսկ որոշակի դրսևորումներ կան աշխատանքի վայրերում: Փաստ է, որ որոշ դեպքերում կանայք բռնության են ենթարկվում նաև գործատուների կողմից: Խտրականության վառ դրսևորում է նաև սեռով պայմանավորված աբորտը, երբ աղջիկը դեռ չծնված բռնության է ենթարկվում միայն այն բանի համար, որ իգական սեռի ներկայացուցիչ է:
-Հայ կնոջ նկատմամբ կիրառվող բռնության ամենատարածված տեսակը ո՞րն է:
-Գիտեք, մենք դրա վերաբերյալ հստակ վիճակագրություն չունենք, նաև չունենք միջոցներ և մեխանիզմներ` նման հաշվարկներ անելու համար: Ունենք ՀՀ ոստիկանության կողմից ներկայացրած ֆիզիկական բռնության վերաբերյալ տվյալներ, բայց սրանք այն դեպքերն են, երբ կանայք բարձրաձայնել են խնդրի մասին: Դեպքերի մեծ մասն առնչվում է ֆիզիկական բռնությանը`ծեծի, բռնաբարության դրսևորումներով:
-Կա՞ն ուշագրավ դեպքեր, որոնցից ամենաշատն եք տպավորվել:
-Օրինակ` դեպք ենք ունեցել, երբ ամուսինը հարբած վիճակում կնոջը ծեծելով տանից հանել էր` իր մոտ պահելով երկու ամսական մանկահասակ երեխային: Կնոջը թույլ չէր տալիս խնամել, տեսակցել նրան: Բավականին երկար ժամանակ երեխայի մայրը հեռու էր մնացել զավակից, մինչև որ ոստիկանների միջամտությամբ կարողացել էին հարցը լուծել: Բայց պետք է նկատել, որ սկզբնական փուլում կինը վախենում էր ոստիկանությանը բարձրաձայնել իր խնդիրների մասին, քանի որ վստահ էր, որ որևէ կերպ չեն արձագանքելու, համոզելու են, ասեն. «Ամուսինդ է, պետք չէ բողոքել, հետագայում ինչպե՞ս ես մենակ ապրելու»:
Դեպք ենք ունեցել, երբ կինը ծեծի է ենթարկվել ամուսնու և սկեսուրի կողմից: Նույնիսկ բանը հասել էր նրան, որ կնոջ նկատմամբ երկաթե ձողով բռնություն էին կիրառել, և երկու երեխաների հետ տանից դուրս հանել: Կինը դիմել էր ՄԻՊ. ոստիկանությանը խուսափել էր դիմել, քանի որ փոքրիկ գյուղում էին ապրում, և կինը վստահ էր, որ ոստիկանն ամուսնու հետ համաձայնության կգա, ու իր բողոքին որևէ կերպ չեն արձագանքի: Հետագայում հասարակական կազմակերպությունների միջոցով կարողացանք հարցը լուծել, և նա վերադարձավ ընտանիք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



