Սկզբում մեկ մարդու կամ մարդկանց խմբի կողմից որոշակի մեթոդոլոգիայով (դա առանձին քննարկման թեմա է) հնազանդեցվում է մի որևէ կուսակցություն: Հետո այդ կուսակցությունը խորհրդարանում դառնում է մեծամասնություն: Այդ հնազանդ մեծամասնության կողմից ձևավորվում է հնազանդ կառավարություն: Հնազանդ խորհրդարանի և հնազանդ կառավարության միջոցով սկսում են ձևավորվել դատական համակարգ, իրավապահ մարմիններ և այդպես շարունակ: Այդ կուսակցության վրա հենվում է նախագահը, որը միաժամանակ կուսակցության սանձահարողն է: Որից հետո այդ հնազանդ պետական և կուսակցական կառույցները բերվում են հավասարակշռության: Բոլորը միմյանցից կախված են հակասահմանադրական հարաբերություններով: Եթե այդ մարմիններից որևէ մեկը փորձում է դուրս գալ հավասարակշռությունից և ինքնուրույնություն ցուցաբերել, մյուս կառույցները նրան սանձում են: Կոլեկտիվ անպատասխանատվության պայմաններում բոլորը պատասխանատու և հաշվետու են բուրգի գագաթին, այլ ոչ թե բուրգի հիմքին՝ հանրությանը: Կուսակցության անդամները, բնականաբար, օգտվում են կոռուպցիոն իրավունքներից, սակայն զրկված են խոսքի և մտքի ազատությունից: Նրանք մտածելու և ազատ խոսելու իրավունք չունեն: Այդ իմաստով այսօրվա հանրապետականները Հայաստանի ամենաիրավազուրկ մարդկանցից են:
Երբ տեղի է ունենում պալատական հեղաշրջում, ապա խորհրդարանում մեծամասնություն է կազմում հաջորդ հնազանդ կուսակցությունը, և արդեն պատրաստի կառույցները սկսում են հարմարվել «նոր» իրավիճակին և ամեն ինչ սկսվում է նորից:
Ո՞րն է այս շղթայի ամենաթույլ և ամենակարևոր օղակը: Իհարկե, կուսակցությունները, որոնք ըստ սահմանադության մասնակցում են ԱԺ ընտրություններին, և որոնց շնորհիվ կառուցվում է այդ համակարգը: Պարզ է՝ եթե փոխվում է իշխանությունը, սակայն չեն փոխվում ներկուսակցական հարաբերություններն ու կանոնները, ամեն ինչ սկսվում է նորից: 
Ինչից է պետք սկսել համակարգափոխությունը: Ինչ թվում է, որ պետք է սկսել կուսակցություններից: Ինչո՞ւ: Հայաստանում գործող յուրաքանչյուր կուսակցություն իր մեջ, սաղմնային վիճակում արդեն ունի այն հրեշը, որ իշխանության գալուց հետո զարգացնում է ու տարածվում է ողջ երկրով: Այսօր դա Հանրապետական կուսակցությունն է: Վաղը կարող է լինել ցանկացած այլ կուսակցություն, որը հանդես է գալիս համակարգային փոփոխության կարգախոսով, բայց այդ նույն համակարգը կրում է իր մեջ. կուսակցության առաջնորդը հաշվետու չէ կուսակցության անդամներին և որոշումները կայացնում է առաջնորդը ինքնակամ եղանակով: 
Երբ որևէ կազմակերպություն բանկից վարկ է ուզում, ապա բիզնես ծրագիր ներկայացնելուց առաջ նախ ներկայացնում է իր փաստաթղթերը՝ կանոնադրություն և այլն, որտեղից պարզ է դառնում է, թե ինչպես են որոշումները ընդունվում, ում կողմից, ինչպիսի ներքին վերահսկողության մարմիններ ունի և այլն: Նաև նախօրոք պայմանավորում են, թե վիճելի հարցերը ոնց են լուծվում, իսկ լուրջ գումարի դեպքում նաև աուդիտի պահանջ է առաջանում: Հիմա կուսակցությունները մեզանից ոչ թե վարկ են ուզում, այլ իշխանություն` մեր ճակատագիրը որոշելու համար: Արդյո՞ք տեղին չի իրենցից պահանջել այդ փաստաթղթերը, պարզել աուդիտի հարցը և պատասխանատվության չափը:
Մեխանիզմները կարելի է գտնել և սկսել է պետք հենց իշխանության ձգտող կուսակցություններից, որոնք ունեն հանրային աջակցության կարիք: Միայն այդ պարտադրված փոփոխություններից հետո է կարելի աջակցել ընդդիմադիր կուսակցություններին իշխանության տապալման գործում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել