Operativ.am-ը գրում է.
Գորիսը դառնում է պատերազմական առանցք Վերլուծության փորձ: Ինչու՞ է վերջին շրջանում հանրապետության հնագույն քաղաքներից մեկը դարձել ուշադրության կենտրոն, ինչու՞ են ակտիվացել խոսակցություններն այս քաղաքի մասին, որը, թվում էր, միացել էր աստիճանաբար մոռացվողների թվին: Մոտ 25 հազար բնակիչ ունեցող, տնտեսական խոշոր լծակներից զրկված բնակավայրը, թվում էր, չէր հետաքրքրելու շատերին, քանզի այս քաղաքը չունի «ստրատեգիական» նշանակություն քաղաքական զարգացումների համատեքստում: Սակայն հենց այս քաղաքն է այսօր վերածվում Սյունիքի մարզի ինքնահատուկ կենտրոնի, քանզի այստեղ են կուտակված բոլոր «դրական» և «բացասական» լիցքերը, այս քաղաքն է դառնում ինքնատիպ կատալիզատոր հանրապետության հարավային բնակավայրերի «ֆեոդալականացման» ճանապարհին: Իսկ մի քաղաքի ֆեոդալականացումը կարող է օրինակ դառնալ մյուսների համար, և այստեղ ձևավորված «էքսպերիմենտները» տեղափոխել այլ բնակավայրեր: Անտարակույս, գորիսյան «կերպարանափոխումների» և զարգացումների առանցքում հառնում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի «օդիոզ» անձը, հենց նրա ներկայությունն է այստեղ Գորիսը դարձնում զարգացումների կենտրոն: Սուրիկ Խաչատրյանն անընդհատ հայտարարում է այն մասին, որ ինքն ապրում է Երևանում, սակայն շարունակում է իր գործունեությունը հայրենի քաղաքում: Սա սովորական և զգացմունքային խոստովանություն չէ: Սա մեսիջ է՝ ուղղված իշխանություններին և բոլոր սյունեցիներին: Մարզպետ Վահե Հակոբյանին առայժմ հաջողվել է իր ազդեցության տակ վերցնել Կապանն ու Մեղրին՝ շրջակա տարածքներով, մինչդեռ Գորիսում, Սիսիանում Լիսկայի իշխանությունն է: Հատկապես Գորիսում, որտեղ այժմ պատրաստվում են քաղաքապետի ընտրությունների: Սուրիկ Խաչատրյանը մի պահ կորցրեց այս քաղաքում վերահսկողությունը, ինչի հետևանքով էլ չափազանց թուլացավ նրա դրածո քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը: Գորիսեցիներին թվաց, Լիսկայի «խաղաձևերը» մաշվել են, միօրինակ դարձել, բայց «հետազոտական» աշխատանքներ կատարելուց հետո, շատերի համար անսպասելի, հրապարակ նետվեց Սուրիկ Խաչատրյանի հորեղբոր տղայի՝ Սասուն Խաչատրյանի անունը: Վերջինս Սյունիքի ամենահարուստ մարդկանցից մեկն է, «Որոտան» հէկ-երի գլխավոր տնօրենը, Գորիսում ահռելի տարածքներ սեփականաշնորհած անձնավորություն, համարվել է երկրորդ Լիսկան, ուստի հենց նման թեկնածուի առաջադրումը առավել մեծացնում է Խաչատրյանների իշխանության հավանականությունը: Նաև դառնում է միջոց՝ պարտակելու այն բոլոր ապօրինի սեփականաշնորհումները, որոնք կատարվել են այս քաղաքում: Այսպես, օրերս տեղի ունեցած ավագանու ընդլայնված նիստի ժամանակ Ոստիկան-վետերանների միության նախագահ Ռոբերտ Հակոբյանը հրապարակեց մանկապարտեզի սեփականաշնորհման փաստը, երբ մոտ երեք հարյուր միլիոն դրամ արժողությամբ մանկապարտեզի շենքը Սասուն Խաչատրյանը սեփականաշնորհել է չնչին գումարով՝ քաղաքի բյուջեին հասցնելով ահռելի վնաս: Ճիշտ է, գործող քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը հայտարարեց, թե 70 մլն դրամի օգուտ ունեն, կամենում են այդ գումարներն օգտագործել նպատակին՝ լուծելով համայնքի առաջնային խնդիրները, սակայն ակնհայտ է, որ համայնքի բյուջեում ազատ միջոցները կարող էին տասնապատիկ ավել լինել, եթե Սուրիկ Խաչատրյանն ու նրա ընտանիքը՝ հարազատների հետ միասին, չտնօրինեին քաղաքի սեփականությունը: Սասուն Խաչատրյանի դեմ այսօր ելնում են շատերը, շատերն են քննարկում իշխանական սցենարները և հանգում այն եզրակացության, որ այլևս ոչ ոք չի կարող իր կամքը թելադրել, բարոյական ճնշումներ գործադրել գորիսեցիների վրա: Այստեղ երկու բացատրություն կա: Որոտան հէկ-երի համակարգի խայտառակ վաճառքի մեջ Սասուն Խաչատրյանն ունի իր գործուն մասնակցությունը, բոլոր «մութ գործարքները» կնքվել են նրա և Արմեն Մովսիսյանի մասնակցությամբ, էներգետիկայի և բնական պաշարների նախարարն ու գլխավոր տնօրենը միասին են կազմել բոլոր փաստաթղթերը, ինչն էլ նշանակում է, որ Սասուն Խաչատրյանը դարձել է իշխանության պատվարներից մեկը: Հետևաբար նման անձնավորությունը պիտի լինի իշխանությունների հետ: Սակայն գորիսեցիների գերակշռող մեծամասնությունը չի պատրաստվում ձայն տալ Սասուն Խաչատրյանին, որովհետև օրավուր մեծանում է անվստահությունը նրա հանդեպ, օրավուր բացահայտվում են նրա գործած տարբեր ապօրինություններ: Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրի Սաֆարյանը և Գորիսի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Սլավիկ Ամիրյանը, որոնք համարվում են քաղաքում մեծ ազդեցություն ունեցող մարդիկ, արդեն հրապարակավ հայտարարել են, որ թույլ չեն տա, որպեսզի Գորիսը կրկին լիսկայացվի: Սա արդեն նոր իրողություն է, ինչն էլ սրում է պատերազմական իրավիճակը, ինչն էլ հուշում է, որ Լիսկան ու նրա թիմը լուրջ դիմադրության են արժանանալու: Մյուս բացատրությունը կապակցվում է Սուրիկ Խաչատրյանի անձին: Հարկավոր է այնպես անել, որ Լիսկայի «շնչառությունը» միշտ զգացվի այստեղ, նա շարունակի իր կամքը թելադրել, որովհետև հեռու չեն նոր համապետական ընտրությունները: Որքան էլ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը նշանակվել է իշխանությունների կողմից, այնուհանդերձ Սուրիկ Խաչատրյանի վրա են դրված բոլոր «խաղադրույքները»: Բայց ոմանք սա համարում են իշխանությունների մոլորությունները, որովհետև հանրային տրամադրությունները ցույց են տալիս, որ Լիսկան աստիճանաբար կորցնում է իր ազդեցությունները Գորիսում և Սյունիքում, իսկ Սիսիանում արդեն հակալիսկայական տրամադրությունները զրոյացնում են նրա ազդեցությունը: Իսկ ահա Սյունիքում և մասնավորաբար Գորիսում չեն ուզում համակերպվել իշխանական սցենարի հետ: Այստեղ արդեն շրջանառվում է նոր անուն՝ Տիգրան Կարապետյան, երիտասարդ ու եռանդուն մի մարդ, որը գործարար դաշտում իր ներկայությունն է հաստատել, ունի համակիրների մեծ ներկայություն քաղաքում: Գորիսեցիներից շատերը պատրաստ են նրան ձայն տալ առաջիկա ընտրություններում՝ այսպես ձգտելով քաղաքն ազատագրել լիսկայականությունից, Ավելին, Տիգրան Կարապետյանի կողքին այսօր կանգնած են Բուդաղյանները, որոնք նույնպես շահագրգռված են, որպեսզի քաղաքապետի պաշտոնում ընտրվի մի մարդ, որը երբեք չի մասնակցել «իշխանական ռազբորկաներին»: Հենց նոր թեկնածուի հայտնությունն էլ սրում է իրավիճակը, մեծացնում այս քաղաքում «պատերազմական կրքերի» թեժացման հավանականությունը…
Լևոն Մութաֆյան