Ադրբեջանը հրապարակել է սահմանն անցած ՀՀ քաղաքացու լուսանկարըRazm.info.am-ը գրում է.

Ժամեր առաջ Ադրբեջանի՝ Հայաստանի հետ սահմանակից Թովուզի շրջանում, համաձայն ադրբեջանական կողմի տեղեկությունների, ձերբակալել են ոմն հայ երիտասարդի, որին ներկայումս տեղափոխում են Բաքու։

Ռազմինֆոն կապ հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հետ։ Վերջինիս խոսքերով՝ իրենք նման տեղեկություններ չունեն, ոչինչ ասել չեն կարող։

Ադրբեջանական xezerxeber.az կայքն արդեն հրապարակել է սահմանն անցած ՀՀ քաղաքացու լուսանկարը, որը քաղաքացիական հագուստով է, իսկ Ադրբեջանի Գերիների, պատանդների ու անհայտ կորածների պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սայիլովի խոսքերով՝ նա ծնվել է 1991-ին, անուն-ազգանունը՝ Արսեն Խոջայան։

Ռազմինֆոյին հաջողվեց պարզել, որ նման անձնական տվյալներով բնակիչ կա Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում։ Ռազմինֆոն տեղեկության հաստատման կամ հերքման նպատակով դիմեց Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանին։ Վերջինս ասաց, որ հիմա փնտրում են երիատասարդին, ճշտումներ են կատարում, դեռևս որևէ բան հաստատապես ասել չեն կարող։

Հիշեցնենք, որ 77-ամյա Մամիկոն Խոջոյանը, որը վերջերս էր արտահանձնվել հայկական կողմին, ևս Վերին Կամիրաղբյուր գյուղից էր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել