Asparez.am-ը գրում է.

-Ես գիտեի, որ լրատվամիջոցներին շատ է հետաքրքում սենսացիան: Բա սա սենսացիա չէ՞, որ Հայաստան երկրում ինչ-որ մեկը հոժարակամ իր պաշտոնը հանձնում է ուրիշի, էդ արդեն սենսացիա է, դրա համար էլ էսպիսի մեծ ալիք առաջացավ: Եւ դրանով սենսացիան չի վերջանում: …  Ինչու են հանձնում, որովհետեւ իրենք քանդել են էդ հիմնարկը, փախնում են, տալիս են ուրիշին… ուրեմն այստեղ ասեմ, որ ընդհակառակը, թատրոնը հիմա շատ լավ վիճակում է, գոնե իմ տասը տարվա ղեկավարման ընթացքում հիմա ամենալավ վիճակում է, դրա համար էլ շատ համարձակորեն հանձնում եմ իմ կրտսեր ընկերոջը,- նկատի ունենալով նորանշանակ երիտասարդ գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանին, այսօր հայտարարեց Գյումրու Վարդան Աճեմյանի պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական խորհրդատու, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը:

Մի քանի օր առաջ Ն. Ծատուրյանն ինքնակամ հրաժարվել էր Գյումրու պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից եւ նշանակվել գեղարվեստական խորհրդատու:

Ինչպես երեկ հրավիրված ասուլիսում նշվեց, Նիկոլայ Ծատուրյանը թատրոնի գեղարվեստական ղեկավարի աշխատանքից ազատման դիմում չի ներկայացրել, այլ թատրոնի տնօրենին առաջարկել է թատրոնում կատարել կառուցվածքային որոշ փոփոխություններ, ինչի մասին, ի դեպ, բազում անգամներ բարձրաձայնել է:

-Իր կողքին պատրաստել է կադր, որը պիտի հետագայում իր ուսերին կրեր այս թատրոնի պատմությունը, ճակատագիրը,- ասաց թատրոնի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանն: Այս տարբերակով Ն.Ծատուրյանը մտածել է վաղվա օրվա, թատրոնի ապագայի մասին:

-Այսօրվա օրը կա, բա վա՞ղը, ես, իսկապես, շատ եմ մտածում վաղվա օրվա մասին: Մենք մշտնջենական չենք, շատ-շատ մարդիկ ասում են` մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ, ես թողնեմ կգնամ, ինչ ուզում է լինի, իսկ ես անպայման ուզում եմ իմ հետեւից թողնել ինչ-որ մի հետք,-նշեց Ն.Ծատուրյանն ու շարունակեց,- ես ոչ մի բանի համար չեմ փոշմանում եւ ավելի քան համոզված եմ,  ի դեպ ասեմ, ամեն մի քայլ անելուց առաջ ես ծանր ու թեթեւ եմ անում, հասկանալու համար՝ ինչ եմ կորցնում եւ ինչ եմ ձեռք բերում…Ձեռք բերեցի մի հիանալի մարդ, դրա համար էլ ասում եմ` հետը կլինեմ:

Ն.Ծատուրյանի խոսքով` գեղարվեստական ղեկավարի պաշտոնը թողնելով՝ կորցրել է դիրք, պաշտոն, ինչի համար եւս չի փոշմանում. «…Էդ չեմ ուզում, ոչ արել եմ, ոչ էլ ուզում եմ…  կաբինետ ունեմ. բայց ես երեւի այդ կաբինետում տասը տարվա ընթացքում մի շաբաթ եմ եղել»:

Տ. Վիրաբյանի կարծիքով` կադրային փոփոխությունը պետք չէ կապել ժամանակին տեղի ունեցած միջադեպերի հետ:

-Ըստ իս` այնքան էլ ճիշտ չէ, որովհետեւ փակել ենք այդ հարցը վերջնականապես: Երբ մշակույթի նախարարը Գյումրիում էր, նա հայտարարեց, որ Նիկոլայ Ծատուրյանը կաշխատի Գյումրու թատրոնում այնքան ժամանակ, ինչքան կուզի ինքը,-հայտնեց Տ.Վիրաբյանը:

Նորանշանակ գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը խոստացել է, որ թատրոնում փորձելու է ինչքան հնարավոր է աշխատանքները ճիշտ կազմակերպել, պահպանել ջերմ ստեղծագործական մթնոլորտը, հաղորդել նոր շունչ` պահպանելով հինը:

-Հիմա ավելի պատասխանատվություն եմ զգում, քան առաջ, որովհետեւ հանձնել եմ այս երիտասարդին  եւ արդեն պատասխանատվություն ունեմ, շատ ավելին: Կողքից ինչ-որ ձեւով իրեն օգնելու եմ եւ ոչ միայն կողքից, ինչ-որ բարդ խնդիր լինի՝ ես նրան աջակից կլինեմ շատ հարցերում, շատ հարցերում հետը կկռվեմ, եթե սխալ բան արեց,-հավաստեց Ն.Ծատուրյանը:

Առաջիկայում Գյումրու դրամատիկական թատրոնը պատրաստվում է հյուրախաղերով ներկայանալ Վանաձորում, մասնակցել «Արտավազդ» մրցանակաբաշխությանը, մարտի 26-ին նշել թատրոնի միջազգային օրը:

Անի Մկրտչյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել