Հարցը ուղղել է Աննան 26 տարեկան
Բարև Ձեզ, հարգելի հոգեբան
Ես ցանկանում եմ իմ հարցը ուղղել Ձեզ` ակնկալելով օգնություն: Իմ խնդիրը մեծ չէ, բայց կա մի բան, որ տանջում է ինձ: Ես շատ բարի մարդ եմ և բոլորը իմ շրջապատում օգտվում են դրանից, օգտվում են այն բանից,որ ես հավատում եմ մարդկանց, ես կարողանում եմ ընկերանալ, ես պատրաստ եմ վերջին վերնաշապիկս տալ իմ ծանոթին, նույնիսկ ոչ այնքան ծանոթին, եթե տեսնում եմ,որ մարդուն օգնություն է հարկավոր: Եվ դա շատերի կողմից ընկալվում է ոչ այնպես, ինչպես հարկն է: Մարդիկ օգտվում են իմ պատասխանատվության զգացումից, իմ տառապանքներց, իմ օգնելու կամ խորհուրդ տալու պատրաստակամությունից: Արդյունքում ստացվում է, որ ես «լրիվ հիմար» եմ և դրանից ինձ մոտ ժամանակ առ ժամանակ սկսվում է դեպրեսիա կամ հիասթափություն մարդկանցից: Ասեմ թե ինչպես եմ փորձում դրա դեմ պայքարել: Ես դառնում եմ ավելի պարզ մարդկանց նկատմամբ, փոքրացնում եմ շփումներիս շրջանակը, այլևս ամբողջովին չեմ վստահում մտերիմներիս ու ինձ այս դեպքում փրկում է միայն այն, որ ես երկար չեմ մնում դեպրեսիայի մեջ, ինքս ինձ փորձում եմ հանել այդ «ճահճից»:
Ասեք, խնդրեմ, միթե՞ ես ճիշտ ճանապարհին չեմ: Բայց չէ՞ որ այդպես ես կզրկվեմ իմ շրջապատից, կմնամ միայնակ և ես տառապում եմ դրանից, տառապում եմ այն բանից, որմարդկանց մասին մտածում եմ շատ ավելին, քան նրանք կան իրականում: Նախօրոք շնորհակալություն պատասխանի համար:
Պատասխանում է հոգեբանը
Բարև Ձեզ Աննա : Հնարավոր է ես Ձեզ հիմա զարմացնեմ: Իրականում այս պահին Դուք մարդկանց մասին մտածում եք ոչ թե ավելի լավ, քան նրանք կան, այլ ավելի վատ: Եթե Դուք նրանց մասին լավ մտածեիք, կշարունակեիք լավություն անել, եթե անգամ նրանք «օգտվեին» Ձեր վստահությունից: Եվ նույնիսկ ավելին. Դուք անկեղծ չեք Ձեր գործողություններում, Ձեզ անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ նկատեն Ձեր արածն ու գնահատեն: Դա բարություն է ինքն իր համար, այսինքն Դուք առաջինն եք, որ դրանից օգուտ եք ստանում: Եթե մարդը ընդունում է լավությունը «ինչպես հարկն է», Ձեզ թվում է, թե Ձեզ անտեսել են, այսինքն նրանից չստացաք այն, ինչ ակնկալում էիք:
Ուղին, որ Դուք հիմա ընտրել եք, տանում է շրջապատի փոքրացման, հարազատ մարդկանց նկատմամբ կասկածամտության, անվստահության և վերջին հաշվով էգոիզմի: Մտածեք այն մասին, ուր է տանում այդ ճանապարհը Ձեզ և արեք եզրակացություն` այդ եք ուզում իրականում: Դուք ունեք արդյունավետ ճանապարհ` մարդկանց վստահելու ճանապարհը, փորձելը նրանց հասկանալ ու դա է իրական բարությունը: Եվ հիշեք. բարի արարքը նա է, որ շահ չի հետապնդում: Ու այդ ժամանակ էլ այն կգնահատեն շատերը և «մտերիմները» կդառնան իրական մտերիմներ: Եվ հնարավոր է, որ նրանք գնահատում են Ձեզ, պարզապես Դուք եք այլ կերպ մտածում, փորձեք ավելի լավատես լինել:
Ձեզ անկեղծորեն բարիք եմ ցանկանում:



