PanARMENIAN.Net-ը գրում է.
Ապարան-Երևան ջրատարի վրաՀԷԿ չի կառուցվի, շինհրապարակում հայտնված տեխնիկան հեռացվել է, ինչպես և խոստացել էր Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը:
Մարզպետը ստիպված էր նման հայտարարություն անել այն բանից հետո, երբ մարտի 6-ին Արագածոտնի մարզի 7 գյուղի բնակիչներ փակել էին Երևան-Ապարան ավտոճանապարհը՝ պահանջելով կասեցնել ապօրինի որակվող շինարարությունը, որը սկսելու մասին, ըստ գյուղացիների ու բնապահպանների, վկայում են շինհրապարակ բերված տեխնիկան ու նոր խողովակները:
Ուշի, Օհանավան, Արտաշավան, Կարբի, Սաղմոսավան, Երզնկա, Եղվարդ գյուղերի բնակիչները, քարերով փակել էին ճանապարհն ու վանկարկում էին` «տեխնիկան հանեք»` պնդելով, որ ջրատարի վրա ՀԷԿ-ի կառուցմամբ չորանալու են 40 հազար հա այգիները:
«Եթե Կառավարությունն ու ղեկավարությունը տեր չկանգնեն, ամբողջ օրը միտինգ է լինելու, ցույց է լինելու, ճանապարհը փակելու ենք, ավելի վատ է լինելու և՛ ժողովրդի, և՛ Կառավարության համար: Մեր ժողովրդի գլխին էս ի՞նչ են բերում, քի՞չ են թալանում, էս էլ թալանե՞ն։ Ու ասեմ՝ այսօր ամբողջ տղամարդկությունն է կանգնել, վաղը, եթե տեր չկանգնեն՝ կնիկ, երեխա, մանկապարտեզ, կանգնելու են»,- ասել է բողոքի ցույցի մասնակից Ավետ Ավագյանը` ներկայանալով որպես մարդ, ով տնկել է այդ այգիների 80 տոկոսը, գրում է Tert.am-ը։
Բողոքողներին միացած ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Լյովա Խաչատրյանը հայտարարել է, որ շինարարությունն ապօրինի է, համապատասխան փաստաթղթեր չկան: Պատգամավորը խոստացել է խնդիրը ներկայացնել նաև Ազգային ժողովում:
«Արդեն երկու տարի է՝ Ապարանի ջրամբարը ջուր չի հավաքվում, որովհետև այն մտցրել են խողովակ, սելավ չի լինում, ջուր չի հավաքվում: Եթե երրորդն էլ կառուցեցին, ընդհանրապես ժողովուրդը պիտի թողնի գնա»,- ասել է Խաչատրյանը:
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն իր հերթին հավաստիացրել է, որ նման ծրագիր չկա: «Որևէ մեկի, որևէ գյուղացու մեկ լիտր ջուր չի պակասի: Էդպիսի ծրագիր չկա: Գյուղացիներին թյուրիմացության մեջ են գցել, ՀԷԿ կառուցելու ծրագիր չկա»,- ասել է մարզպետը, մեջբերում է Panorama.am-ը:
Սահակյանն ասել է, թե պետության քաղաքականությունն այն է, որ ջուրը տրվում է առաջին հերթին ոռոգման նպատակների համար. «ՀԷԿ կառուցելու ծրագիր չկա: Ներկա պահին ջրագծի վերանորոգման աշխատանքներ են տարվում, որպեսզի դրանով Արմավիրի մարզին որպես դոտացիա ոռոգման ջուր հատկացվի»:
Գյուղացիները սակայն, չեն հավատացել տեխնիկան հանելու մարզպետի ու ոստիկանների խոստումներին, և իրենք են գնացել շինհրապարակ: Ի վերջո նրանց ճնշման ներքո տեխնիկան հանվել է:
Ակցիայի մասնակիցներին էին միացել բնապահպան ակտիվիստներ Եղիա Ներսիսյանը, Գևորգ Սաֆարյանը, ինչպես նաև Նախախորհրդարանի անդամները: Ոստկանների հետ քաշքշուկում բնապահպաններին անգամ հարվածել ու փորձել էին բերման ենթարկել:
Ավելի վաղ Նախախորհրդարանը հայտնել էր, որ մարտի 1-ին Կարբի գյուղի կենտրոնում հավաքվել էին մոտ հարյուր գյուղացիներ՝ հանդիպելու մարզպետի, գյուղապետի և շինարարությունն իրականացնող ընկերության ներկայացուցչի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև Համահայկական բնապահպանական ճակատի մի քանի անդամներ: Գյուղացիները նշել էին, որ ոռոգման ջուրը այսօր էլ երբեմն չի բավականացնում իրենց խնձորի այգիները ջրելու համար ու եթե եղածն էլ պակասի, ապա կցամաքի իրենց ապրուստի միակ միջոցը:



