Իշխանությունները, ինչ խոսք, առաջընթացի խոչընդոտ են: Սակայն առաջընթացի ճանապարհին նրանցից առավել մեծ խոչընդոտ կա, դա մեր ընդդիմությունն է, որը՝
- Պաշարել է իշխանական ամրոցն ու չգիտի այն գրավելու հնարը.
- Իր քայլերով էլ ավելի վատն է դարձնում իշխանություններին.
- Թերմտածված շարժումներով հուսահատեցնում է մարդկանց.
- Չի ներկայացնում իրավիճակի փոփոխման նոր միտք ու տարբերակ.
- Պախարակում է նոր մտքից ու տարբերակից խոսացողներին՝ այդ կերպ ամրագրելով ճահճի հավերժությունը:
Բայց առաջընթացի ճանապարհին շատ ավելի մեծ մի խոչընդոտ կա. դա մեր ժողովուրդն է, որը լավ հատկանիշների հետ կրելով նաև հազար տարում արմատացած բացասական հատկանիշների մի մեծ խումբ, իր վարքով կաշկանդում է իր իսկ զարգացումը:
Եվ ստեղծված կացության մեջ ճիշտն այն կլիներ, որ ՄԻՏՔ ԿՐՈՂՆԵՐԸ կարողանային գտնել առաջընթացի թիվ մեկ խոչընդոտը վերացնելու հնարը. այդ դեպքում իշխանություններն աստիճանաբար կվերափոխվեին կամ կփոխվեին, ընդդիմությունն էլ կհալվեր, կվերանար:
Սակայն ի՞նչ ենք անում մենք. առաջընթացի թիվ երկրորդ խոչընդոտը առաջընթացի գլխավոր խոչընդոտին գրոհի է տանում նվազ էական խոչընդոտի դեմ, և արդյունքում պետության բոլոր արգելակները սեղմված են, երկիրը՝ հոգևարքի մեջ:



