Առաջին անգամն է , որ գրառումս սկսում եմ հենց վերնագիրը գրելով, քանզի տվյալ դեպքում երևի թե վերնագիրս պիտի պատմի ավելին, քան ամբողջ գրառումս: Վերնագիրը գրելուց հետո երկար մտածում էի, ինչպե՞ս սկսել, ի՞նչ գրել: Այնքան հարցեր կան չպարզաբանված, այնքան հարցեր կան տրվելիք, բայց արդյո՞ք բոլոր հարցերը մի ընդհանուր հարցի չեն տանելու՝ Ինչու՞: Ինչու՞ է այսօր մանկավարժը դադարել լինել հեղինակություն, ինչու՞ է այսօր հասարակությունը զզվանքով և հիասթափությամբ խոսում մանկավարժի և դպրոցի մասին: Կարող ենք նույն հարցին զանազան մեկնաբանություններ տալ, տարբեր կերպ բացատրել դրությունը, բայց կա գլխավորը, որը ստվեր է գցում մանկավարժի համբավին.. կաշառակերություն: Կոպիտ է հնչում, շա՜տ կոպիտ: Ամեն անգամ գլուխս կախում եմ, ներսումս ինչ-որ դող է ալիքվում, այլայլվում եմ, երբ խոսվում է դպրոցներում առկա դրամահավաքությունից, չէ՞ որ ես էլ եմ այդ դպրոցի մի մասնիկը, հետևաբար՝ ես էլ մեղքի իմ բաժինն ունեմ տիրող իրավիճակում: Այսօր ևս մեկ անգամ առիթ ունեցա կախել գլուխս, ընկերներիցս մեկը խոսում էր այն դպրոցում տիրող վիճակից, որում սովորում են իր երեխաները. դարձյալ դրամահավաքություն՝ տնօրենի կողմից: Չհարցնեք, թե որ դպրոցի մասին է խոսքը, անկեղծ եմ ասում, չգիտեմ, չեմ էլ հարցրել, որովհետև էական չէ, թե որ դպրոցն է, էականը երևույթն է՝ ոչ մանկավարժական, տգեղ երևույթը: Ծնողները վախենում են բողոքել, որովհետև այդ տնօրենը ինչ-որ պաշտոնյայի ընկերոջ կինն է: Եվ նմանատիպ դեպքերը, ցավոք, դեռ շատ են: Խորհուրդ էր հարցնում, ի՞նչ անել: Ամենադժվար հարցերից մեկը, որ երբևէ տրվել էր ինձ..
Ինչու՞ ես այդքան նյութապաշտ դարձել, ուսուցիչ: Մի՞թե քո բարի համբավը, աշակերտի հարգանքն ու սերը ավելին չարժեն, քան այն հերթական սպասքի պարագան, որը այդպես բավականությամբ տեղադրում ես բնակարանիդ մի անկյունում: Մի՞թե քեզ համար աշակերտիդ մի ժպիտը ավելի պակաս արժե: Մի՞թե քեզ համար պիտի տոնիդ առթիվ տրվող մեկ փունջ մանուշակը, որը տրվել է սիրով, ավելին չարժենա, քան այդ ամբողջ տարատեսակ «նվերների» հավաքածուն, որ դիզել ես տարիների ընթացքում: Արդյո՞ք բավ չէ վիճելի դարձնես հայ մանկավարժի նվիրումն ու հմբավը: Բա՜վ է:
Բայց հիմա, հանուն արդարության, եկեք մյուս կողմն էլ քննարկենք: Շատ հաճախ ծնողները ուսուցչին մեղադրում են դրամահավաքության մեջ, չգիտակցելով, որ այդ ամենը ուսուցիչը միգուցե իր կամքով չէ, որ անում է: Ամենատարածված երևույթը քննարկենք. դրամահավաքություն՝ թեմատիկ տետրերի համար: Այս պատիժն ուսուցիչները ստացան մեր կրթական՝ այսպես կոչված բարեփոխումների արդյունքում: Երեխային պարտադրվում է յուրաքանչյուր առարկայից գնել թեմատիկ տետրեր, որոնց գինը տատանվում է 350-400 դրամի սահմաններում (եթե սխալվում եմ , ուղղեք): նախկինում ծնողը նույնիսկ դժվարությամբ էր կարողանում կցել-կցմցել և վճարել գրքերի գումարը, հիմա էլ ինչ-որ տետրեր: Տետրեր, որոնց բովանդակությունը երբեմն անհասկանալի է նույնիսկ ուսուցչին, տետրեր, որոնց բովանդակությունը շատ հաճախ չի համապատասխանում դասագրում տրված նյութին: բայց թե ուսուցիչը, թե ծնողը կամա-ակամա պիտի ընդունեն այդ տետրերը. առաջինները դրանց վրա հենվելով գնահատական պիտի նշանակեն, երեխայի գիտելիք ստուգեն, ծնողը ՝ դրա համար գումար պիտի վճարի: Պիտի վճարի մեծ դժվարությամբ, դժկամությամբ՝ մեղադրելով ուսուցչին դրամահավաքության համար:
Գիտեմ, որ մեր երկրում դեռ կան շատ խնդիրներ, գիտեմ, որ դրանց լուծման համար անհրաժեշտ է ժամանակ, անհրաժեշտ է յուրաքանչյուրիս ներդրումը, լուման՝ հզոր պետություն կառուցելու համար: Բայց իհարկե, նաև գիտեմ, դուք կասեք, որ այս հարցում ամենամեծ դերը խաղում է կառավարությունը: Ճիշտ եք: Կառավարությունը շատ խիստ հսկողություն է սահմանել դպրոցներում դրամահավաքության վերացման համար, թերևս նման դեպքերը անհամեմատ կտճատվել են մեր դպրոցներում: Հույս ունենանք, որ մի օր այդ երևույթը առհասարակ խորթ կլինի մեզ համար, որ էլ ոչ մի մանկավարժ ստիպված չի լինի գումար պահանջել աշակերտից, որ կգա մի օր, և մեր երեխաները էլ գումար չեն վճարի դասագրքերի համար: Իսկ մինչ այդ՝ հիմա արձակուրդներ են, հարմար ժամանակաշրջան իրավիճակը ինչ-որ կերպ փոխելու, մեղմելու ծնողի հոգսը: Եթե երեխաներին հրամցնում ենք տետրեր, արդար չի՞ լինի, որ գոնե անվճար հրամցնենք.. Հավատում եմ, չեմ վհատվում