Մի քանի օր է՝ լուռ հետևում եմ որոշ կուսակցությունների որոշ անդամների հայտարարություններին, որոնք դե ֆակտո ուղղված են գործող ռեժիմի դեմ 4 ոչ իշխանական ուժերի համախմբմանը, և եկել եմ այն եզրակացության, որ ոչ միայն մարդկային պատմությունը հատկություն ունի կրկնվելու, այլ նաև մարդու հիմարությունն է մնում անփոփոխ:

Այս առումով ուշագրավ են օրինակները համաշխարհային պատմությունից, որոնք փայլուն ցույց են տալիս, որ թեև աշխարհում կան բազմաթիվ ազգեր, պետություններ և այլն, բայց մարդու հիմարությունը տարբեր ազգերի մոտ և տարբեր ժամանակահատվածներում մնում է նույնը: 

1912թ., Չինաստան: Հիմնական առճակատումը ծավալվում է կայսերական դինաստիայի կողմնակից Յուան Շիկայի և հեղափոխական-դեմոկրատ Սուն Յատսենի միջև: Հունվարի 1-ին տեղի է ունենում Չինական Հանրապետության հռչակումը և Սուն Յատսենի երդմնակալությունը: Չնայած այս ամենին՝ Շիկայը չի հանձնվում, քանի որ հասկանում էր, որ հանրապետական համակարգն անձնական դիկտատուրայի հաստատմանը լուրջ խոչընդոտ չի հանդիսանում: Միաժամանակ, Սուն Յատսենի կառավարության մեջ թեև մեծ մասը կազմում էին լիբերալները, սակայն կային մարդիկ, ովքեր կարծում էին, որ որոշ պայմաններում կարելի է ակտիվորեն համագործակցել Շիկայի հետ, եթե նա հրաժարվի միապետական գաղափարից և համաձայնվի դառնալ երկրի նախագահ: Շիկայը, բնականաբար, ընդունել է այդ առաջարկը՝ ձևացնելով, թե հրաժարվել է միապետական միտումներից։ Փետրվարի 14-ին նա արդեն զբաղեցնում է երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնը: Նոր կառավարության կազմում մեծամասնությունը կազմում են Շիկայի աջակիցները, ինչից հետո Շիկայն սկսում է անձնական դիկտատուրայի ռեժիմի կառուցման գործընթացը: 
Մայիսին աջ խմբավորումները կազմում են Հանրապետական կուսակցություն, որն ԱԺ-ում հավասար տեղեր է զբաղեցնում Սուն Յատսենի կողմնակիցների հետ: Հանրապետական կուսակցության շնորհիվ Յուան Շիկայը կարողանում է Ազգայի ժողովում անցկացնել իրենց ձեռնտու օրենքներ, ինչպես նաև լուծել կարևոր կադրային խնդիրներ:
Հոկտեմբերին Շիկայը դառնում է պետության մշտական նախագահ, իսկ նոյեմբերին ցրում է խորհրդարանը և արգելում «Գոմինդանի»՝ Սուն Յատսենի կուսակցության գործունեությունը: 
1913–ին ընդունվում է նոր Սահմանադրությունը, ըստ որի՝ Շիկայն անսահման իշխանության հնարավորություն է ստանում: Ահա և վերջ: 

Մի այլ փայլուն, թեև ավելի փոքր մասշտաբի օրինակ էլ նկարագրված է Ստեփան Զորյանի «Հայոց Բերդում», երբ նախարարներն իրենց զորքերը շարժեցին Արշակավանի վրա, իսկ Արշակավանի որոշ բնակիչներ հրաժարվեցին պայքարից` պատճառաբանելով, թե «նախարարները մեր հետևից չեն գալիս, այլ իրենց փախած ծառաների հետևից են գալիս, այնպես որ, մեզ հաստատ ձեռք չեն տա»: Բայց բոլորս էլ հիշում ենք, թե ինչով ավարտվեց պատմությունը: Արշակավանը հավասարեցվեց հողին, իսկ նախարարական զորքերը, առանց տարբերելու, կոտորեցին հազարավոր մարդկանց, մյուս կեսին էլ գերի վերցրին:

Նմանատիպ օրինակներ կարելի է անվերջ բերել. մեր պատմությունը, ցավոք, առատ է նման օրինակներով: Ի դեպ, այս առումով ուշագրավ է նաև Արթուր Հարությունյանի պատմությունը, երբ գործող ռեժիմը փորձել է օգտագործել մարդուն ընդդեմ Ծառուկյանի, իսկ հետո ամբողջ հայ ժողովուրդը դիտում էր, թե ինչպես էր Հարությունյանը ներողություն խնդրում տեսախցիկի առջև, քանի որ ժամանակին հասկացել է, որ այս խաղում նրան ընդամենը փորձել են օգտագործել, և դրանից նա հաստատ օգուտ չէր քաղի:
Ի՞նչ եմ ուզում ասել: Դուք հաստատ ամենախելացին չեք, և ձեր նման «խելացիներին» պատմությունն արդեն բազմիցս տեսել է: Ինչպես նաև տեսել է, թե ինչպես են ամբողջ ժողովուրդներ ձեր նման խելոքների պատճառով պարտվում: 

Պետք չէ ստանձնել «տրոյական ավանակների» դերը, քանի որ դրանից հաստատ ոչ ոք, բացի գործող իշխանություններից, օգուտ չի քաղի: 

Հ.Գ. Բոլոր նրանց, ովքեր հայտարարում են, թե մենք իշխանափոխության պահանջը չենք դնում, «որ Սերժը գնաց, բա ով է գալու», խորհուրդ եմ տալիս սկսել կարդալ, այդ թվում նաև՝ քաղաքագիտական գրականություն, քանի որ քաղաքականության մեջ գտնվող, առավել ևս՝ կուսակցության անդամ հանդիսացող մարդկանց համար ուղղակի անթույլատրելի են նման արտահայտությունները, քանի որ կուսակցության հիմնական նպատակներից մեկը հենց իշխանություն վերցնելն է: Իսկ եթե դուք դրան պատրաստ չեք, ապա լքե՛ք կուսակցությունը և զիջե՛ք ձեր տեղերը նրանց, ովքեր պատրաստ են իրենց վրա այդ պատասխանատվությունը վերցնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել