Life.panorama.am-ը գրում է.
Հայկական շոու-բիզնեսում Հասմիկ Կարապետյանը ի սկզբանե առանձնացել է իր անկեղծությամբ ու մարդ տեսակով. այդ առումով տարիները նրան շատ չեն փոխել: Թերևս, փոխվել է միայն կյանքին մոտեցման, վստահության, ու երբեմնի Հասմիկին բնորոշ՝ միամտության սանդղակը…
Life.Panorama.am-ի հետ զրույցում երգչուհին իր անկեղծության չափաբաժնից օգտվեց, իհարկե, բայց՝ չափավոր…
- Հասմիկ, վերջերս կարծեք շատ լուռ եք: Ստեղծագործական դադա՞ր է, թե անակնկալներ եք պատրաստում:
-Այս պահին կոնկրետ ոչ մի բանով զբաղված չեմ… Բավական ժամանակ է, նոր երգերս թողել եմ մի կողմ, ավելի շատ այլ հարցերով եմ զբաղված: Բայց, բնականաբար, չեմ դադարել ստեղծագործել այս ընթացքում: Համագործակցում եմ կրկին ԴերՀովայի հետ, կան նոր երգեր, նոր տեսահոլովակ… Ցավոք սրտի՝ չեմ կարող նշել երբ, բայց այս տարի բոլորը ականատես կլինեն իմ նոր աշխատանքներին…Նաև ես և Դեր Հովան մեր՝ թվով երկրորդ զուգերգն ենք պատրաստում: Երգը կոչվում է «սերը երկնքում»… Երգն արդեն իսկ պատրաստ է, ձայնագրվել է, շուտով կնկարահանենք տեսահոլովակ: Դրա համար տաք եղանակներ են անհրաժեշտ:
-Որքանով, որ ես եմ հիշում՝ ձեզ այսքան դադարով չէինք տեսել:
Ճիշտն ասած մի տեսակ անտարբերություն է մտել երգարվեստ: Եթե առաջ բոլորս անընդհատ ձգտում էինք ստեղծագործել, նորություններ տալ և ավելի ակտիվ լինել, ապա այս վերջին տարիների ընթացքում կարծեք թե այդ ցանկությունը նվազել է…Ամեն դեպքում՝ մեր սերնդի մոտ:
- Ինչո՞ւ…
- Այն վիճակը, որն այսօր շուկայում է տիրում, մի տեսակ հիասթափեցնում ու ջղայնացնում է, ինչի պատճառով էլ շատ-շատերը լռում են… Բայց դա չի նշանակում, որ նրանք չեն ստեղծագործում իրենց լսարանի համար:
- Անձամբ ձեզ ի՞նչն է նյարդայնացնում այսօր երգարվեստի, շոու-բիզնեսի շուկայում:
Միապաղաղությունը, անորակությունը… Գիտեք, կարելի է կոմերցիայի «ետևից ընկնել», նման գործեր անել՝ ավելի շատ գումար վաստակելու համար, ես դա շատ լավ հասկանում եմ, բայց չի կարելի անընդհատ:
-Դե, շատերն ասում են՝ դա ժողովրդի պահանջն է:
-Բայց չէ՞ որ մենք արվեստի դաշտում շարժ կարող ենք մտցնել, երաժշտական փոքրիկ հեղափոխություններ անել… Գուցե պետք է սթափվենք և ինչ որ չափով ձգտենք մենք լավ բան թելադրենք… Ժողովրդին ինչ տալիս են, այն էլ սկսում է լսել և դա դառնում է պահանջարկ…Կարելի է ավելի հաճախ որակյալ գործեր մատուցել, որ մարդիկ դա սկսեն լսել… Բայց, ցավոք սրտի, հիմա հեռուստատեսությամբ հաճախ չենք կարող որակյալ կատարումներ ունկնդրել և ակնդրել:
-Ի դեպ, քանի որ խոսք գնաց հեռուստատեսությունից, վերջերս պասիվացել եք նաև այդ ոլորտում: Դա է՞լ հիասթափության արդյունք է: Ձեզ նախկինում հաճախ էինք տեսնում հաղորդավարի կարգավիճակում:
-Ես հեռուստաեթերները շատ եմ սիրում, բայց ամեն ինչ իր սկիզբն ու ավարտն ունի: Կար ժամանակ, որ ցանկացա որոշակի փորձ ձեռք բերել հեռուստադաշտում, բայց նաև հեռանալու ժամանակը եկավ…Տարիներ շարունակ գրեթե ամեն օր եթերում էի: Եկավ ժամանակ, երբ պետք է հեռանայի, որպեսզի երգարվեստով զբաղվեի: Թեև մեկը մյուսին այնքան էլ չի խանգարում: Եթե կրկին լինեն հետաքրքիր նախագծեր, որտեղ իմ մասնակցության կարիքը կլինի, բնականաբար չեմ մերժի… Արդեն կարոտել եմ եթերը…Թող անհամեստություն չթվա, բայց ես շատ եմ ուրախանում, երբ դրսում անծանոթ մարդիկ մոտենում, ասում են, որ իմ եթերներին կարոտել են: Դա շատ-շատ հաճելի է:

- Հասմիկ, մոտենում է արդեն կանանց մեկամսյակը: Ինչպիսի՞ն է ձեր տրամադրությունը:
- Շատ ուրախ եմ, որ գարնան հետ գալիս են նաև կանանց տոները: Հաճելի է, որ մեկամսյակ ունենք մենք: Թեև, կարծում եմ, որ տղամարդիկ պետք է կանանց գնահատեն, սիրեն ու հարգեն ոչ տոների «դրդմամբ», այլ ողջ տարվա ընթացքում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ