Աշտարակ քաղաքի բնակիչ, 37-ամյա Արամ Հովակիմյանի սպանության մեջ մեղադրվող երգիչ Կարեն Հակոբյանի կալանքի ժամկետը  Արագածոտնի մարզի ընդհանուր իրավաության դատարանը երկու ամսով երկարաձգել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Կարեն Հակոբյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը:

Ավելի վաղ Մկրտիչ Վասակյանը արձագանքելով դիտարկմանը, թե վարկածներից մեկի համաձայն, սպանությունը տեղի է ունեցել խանդի հողի վրա, ասել էր. « Դա այդպես չէ: Իրականում տուժողի հետ անձնական անհաշտությունների, վիճաբանությունների խնդիր է եղել: Նրանց մեջ առաջացած վեճը տղայական դրդապատճառներ է ունեցել: Անհարգալից վերաբերմունք մեկը մյուսի նկատմամբ` տուժողը նրա նկատմամբ: Ոչ էլ պարտք ու պահանջի ինչ-որ հարց է եղել»:

Իսկ հարցին, թե վերջին տարիներում ԱՄՆ-ում իր գործունեությունը ծավալող Կարեն Հակոբյանը  ինչո՞ւ էր վերադարձել Հայաստան, փաստաբանը պատասխանել է. «Դե, երկար ժամանակ բացակայել էր իր ընտանիքից: Ինչպես նաեւ իր գործերի հետ կապված: Եկել էր որոշ ժամանակ իր հայրենիք Աշտարակում բնակվելու, իր երեխաների, հարազատների մոտ: Կարոտել էր, ոչ թե հատուկ ԱՄՆ-ից եկել էր, որ այդ հարցերը պարզեր ու գնար»:

Երգիչը նաեւ տեսահոլովակ նկարելու նպատակ է ունեցել: Հարցին, թե նա ընդունե՞լ է իրեն մեղսագրվող արարքը, փաստաբանն արձագանքեց. «Դեռ ինքն էլ է շոկային վիճակում: Ինչ վերաբերում է մեղքն ընդունելուն, ապա կրակելու առումով ընդունել է, իսկ դիտավորության` ոչ, քանի որ տուժողին սպանելու դիտավորություն չի ունեցել: Նա մարդասպան չի, որ գնա մարդ սպանելու: Կատարվածը ակնթարթի տակ է տեղի ունեցել»:

Փաստաբանից նաեւ տեղեկացանք, որ երգիչն ունի 2 մանկահասակ երեխա, ամուսնալուծված չէ: «Նորմալ հայկական ընտանիք է»,- ավելացրել էր Մկրտիչ Վասակյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել