Հայաստանի բանկային ոլորտում լուրջ ցնցումներ են սպասվումYerkir.am-ը երեկ գրեց, որ, մասնավորապես «ՎՏԲ-Հայաստան» բանկում արտարժութային ավանդների համար առաջարկվող տոկոսադրույքները նվազել են, իսկ դրամով ավանդների տոկոսադրույքները բարձր են, ինչը կարող է դրամի մոտալուտ արժեզրկման մասին հուշել: Այսօր արդեն Yerkir.am-ը տարբեր բանկերի աշխատակիցներից լրացուցիչ տեղեկություններ ստացավ, որ այդ վիճակը վաղուց գոյություն ունի, որ արտարժութային ավանդների համար ցածր տոկոսներ են սահմանվում` մի շարք պատճառներից ելնելով, եւ որ իրականում Հայաստանի բանկային ոլորտում լուրջ ցնցումներ են սպասվում:   Ռուսական «Գազպրոմբանկի» խմբի անդամ «Առէքսիմբանկի» աշխատակիցներից մեկը ներկայացրեց տիրող իրավիճակը: Ըստ մեր աղբյուրի` այժմ արտարժութային ավանդների տոկոսադրույքները անհամեմատ ավելի ցածր են, քան դրամային ավանդներինը, դա գրեթե բոլոր բանկերում է այդպես` շուկայի թելադրած օբյեկտիվ պատճառներից ելնելով: Այդ առումով` երկու հիմնական բան կարելի է արձանագրել` նախ`բանկերը կանխատեսում են դրամի արժեզրկում, եւ դրամով միջոցներ են ներգրավվում, որովհետեւ արժեզրկումից հետո արդեն ավելի քիչ են վճարելու: Երկրորդ` ԿԲ-ն ճնշում է գործադրում բանկերի վրա, արհեստական ձեւով մի կերպ դրամային ավանդների տոկոսադրույքները բարձր է պահում` բարձր տոկոսադրույքներով դրամային մասսա գրավելու միջոցով: Իսկ որոշ բանկերում առկա բացառություններն էլ, որ արտարժութային ավանդների տոկոսադրույքները համեմատաբար ավելի բարձր են ընդհանուր շուկայական տոկոսադրույքներից, եւս արհեստականորեն են պահվում:   Որ ավանդները ցածր տոկոսադրույքներով են ներգրավվում, դրա համար էլ մի շարք օբյեկտիվ պատճառներ կան: Այսօրվա դրությամբ` բանկերի հաճախորդների կողմից միջոցների պահանջարկ չկա: Մարդիկ խուսափում են բանկերից վարկեր վերցնել, որովհետեւ տնտեսությունը կանխատեսելի չէ, ու հնարավոր չէ վստահ լինել, թե դրական զարգացումներ կլինեն, եւ վարկ վերցնողը կկարողանա մարել իր պարտավորությունները:   Ըստ «Առէքսիմբանկ»-ում մեր աղբյուրի` խոշոր հաճախորդները, օրինակ` 5, 10 կամ 15 միլիոն դոլար վարկ վերցրած անձինք, սկսել են խուսափել իրենց վերցրած վարկերը մարելուց: Այս առումով բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Օրինակ` մարդը 2-3 տարի առաջ 1.5 միլիոն դոլար` շուկայական գնահատված արժեքով անշարժ գույք է գրավադրել ու վարկ վերցրել, բանկն այդ գույքը գնահատել է, ենթադրենք, 1.2 միլիոն դոլար` հաշվի առնելով իր ռիսկերն ու դրան համապատասխան փոխառություն է տվել վարկառուին: Վարկառուն այսօր հրաժարվում է վճարել իր վերցրած վարկերը` ավելի հարմար համարելով, որ բանկին անցնի իր գրավադրած գույքը, իր հանդեպ էլ որոշակի տույժեր կիրառվեն, որովհետև, միևնույն է, ինքը պետք է տոկոսներով վճարումներ կատարեր, իսկ այս դեպքում քիչ է կորցնում: Գրավադրված` 1.2 միլիոն դոլար գնահատված գույքը, ենթադրենք, անցնում է բանկին, եւ բանկն այդ գույքի ձեռքը կրակն է ընկնում: Որովհետև նախ, ըստ իրավական պահանջի, այդ կապիտալը կարող է մնալ բանկի բալանսում ընդամենը 6 ամիս, եւ այդ ընթացքում բանկն արդեն պետք է օտարի այդ կապիտալը: Բանկն էլ այդ կապիտալը հանում է աճուրդի: Բայց այդ գույքի հանդեպ պահանջարկն այնքան է նվազել, որ գրեթե չկա: Այսինքն` բանկը պետք է նվազեցնի այդ կապիտալի աճուրդային մեկնարկային գինը: Ըստ մեր աղբյուրի` այդ գույքի գինը կարող է ընկնել` ընդհուպ մինչեւ 100-200 հազար դոլար:   Եթե մի քանի տարի առաջ նման գույքի համար 15-20 հոգի հերթ էին կանգնում, նշում է մեր զրուցակիցը, ապա հիմա նման բան չկա: Ոչ ոք վստահ չէ, որ իր ձեռք բերած գույքը մի քանի ամսից կունենա նույն արժեքը, ինչ այսօր: Երկրորդ` վճարունակ պահանջարկը, տնտեսական վիճակից ելնելով, գրեթե վերացել է, իսկ ովքեր էլ համապատասխան միջոցներ ունեն, նաեւ` ցանկություն` այդ կապիտալը ձեռք բերելու եւ աշխատեցնելու, զգուշանում են առկա բազմաթիվ ռիսկերից: Ռիսկերից մեկն էլ գույքի նախկին սեփականատիրոջ ու բանկի միջեւ առկա իրավական խնդիրներն ու քաշքշուկներն են: Այսինքն` բանկի կողմից աճուրդի հանվող կապիտալը ձեռք բերողը միանգամից չի կարողանում այն աշխատեցնել: Իսկ նման պարագայում ոչ մի գործարարի ձեռնտու չէ թեկուզ շատ ցածր գնով ձեռք բերել կապիտալ, որը միանգամից չի կարող շահագործել ու շահույթ ստանալ: Եվ գրավադրված ու բանկին մնացած գույքը բանկերի համար ակտիվ կապիտալից վերածվում է մեռածի: Բացի այն, որ բանկը կորուստներ է ունենում` չվճարված պարտավորությունների մասով, մի բան էլ կորուստներ է ունենում նաեւ գնահատված արժեքից ավելի ցածր գնով իրեն անցած կապիտալն օտարելիս:   Բանկը կարող է նաեւ ինքը շահագործել գրավադրված, իսկ հետո իրեն անցած կապիտալը, օրինակ` գրավադրվել, հետո բանկին է մնացել ինչ-որ ռեստորան, որը կարելի է աշխատեցնել: Բայց այս դեպքում բանկը պետք է ընկնի բյուրոկրատական քարքշուկի մեջ` ձեւակերպի դուստր ձեռնարկություն, որը կշահագործի այդ օբյեկտը, քանի որ ինքնուրույն չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, ստանձնել մեծ ռիսկեր եւ այլն: Եվ այս վիճակը գնալով խորանում է:   Բացի այդ` գոյություն ունի նաեւ հայկական մենթալիտետի խնդիրը. հիմնականում խոշոր վարկառուները, պարզ է, առավել խոշոր բիզնեսի ներկայացուցիչներն են: Եվ եթե նրանց ինչ-որ գրավադրված գույք մնում է բանկին ու դրվում աճուրդի, ապա գնորդները զգուշանում են ձեռք բերել այն, քանի որ ծանոթ-բարեկամական հարցեր կան, մեկը մյուսին ճանաչում է, եթե անգամ չի էլ ճանաչում, ուղղակի ինչ-որ տնտեսվարողի գույք ձեռք չի բերում, քանի որ վիճակն այնքան վատ է, որ վաղը, մյուս օրն էլ ինքը կարող է հայտնվել անվճարունակ վիճակում, իսկ այդ դեպքում իր գույքն էլ չեն փորձի ուրիշները գնել: Սա, իհարկե, արհեստական միտում է, բայց նաեւ օբյեկտիվ իրականություն:   Մյուս կողմից` բանկերը ավանդ գրավում են այն ավելի բարձր տոկոսներով, որպես վարկեր, տնտեսության մեջ ներգրավելու ու տոկոսադրույքների տարբերության վրա շահույթ ունենալու նպատակով: Քանի որ գործարար ակտիվությունը Հայաստանում աննախադեպ նվազել է, արդեն տնտեսությունից համապատասխան պահանջարկ չի ձեւավորվում: Ուստի բանկին ձեռնտու չէ անհայտ` խիստ ռիսկային բարձր տոկոսներով ավանդներ ներգրավել` չիմանալով` կարո՞ղ է այն տեղաբաշխել վարկառուների միջոցով, թե՞ ստիպված կլինի դրանց համար բարձր տոկոսներ վճարել ավանդատուներին` չունենալով դրա դիմաց համապատասխան շահույթ:   Որ վերջին օրերին արտարժութային ավանդների տոկոսադրույքները կտրուկ նվազել են, մեր զրուցակիցը բացատրեց նաեւ նրանով, որ, Ուկրաինայում ծավալվող իրադարձություններով պայմանավորված, բանկերը սկսել են նաեւ զգուշանալ:   Մեր աղբյուրի հավաստմամբ` ներկայումս տրվող վարկերն էլ չեն ուղղվում տնտեսություն` իրենց հիմնական նպատակին չեն ծառայում, այլ միայն ժամկետային խնդիրներ են լուծում...

Մանրամասները` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել