Hraparak.am-ը գրում է.
Ծնունդով Ջավախքից Վահե Սարգսյանը, ով մասնագիտությամբ պատմաբան է եւ հասարակությանը հայտնի է որպես Ջավախքին ու ջավախահայությանը վերաբերող խնդիրներով մտահոգ եւ դրանց բարձրաձայնման ու լուծման ուղղությամբ բավական ակտիվ հասարակական-մշակութային գործունեություն ծավալող անձ, այլեւս չի կարողանա մուտք գործել հայրենի Ջավախք։
Մի քանի օր առաջ, երբ նա փորձել է մեկնել Ջավախք՝ մասնակցելու ընկերոջ հարսանիքին, Նինոծմինդայի անցակետում նրան մի լավ խուզարկել են, իրերը մանրազնին տնտղել ու վերջում հայտնել, որ Վահեն իրենից լուրջ վտանգ է ներկայացնում Վրաստանի քաղաքացիների ու հասարակության համար։
«Ամեն անգամ Վրաստանի սահմանը հատելիս իմ իրերը համակարգչով մանրակրկիտ զննության էին ենթարկում, իսկ այս անգամ անցնելիս ավելի շատ տեւեց դա, որից հետո սահմանային ուղեկալի պետերն ու մաքսակետի աշխատակիցներն ինձ հայտնեցին, որ իմ մուտքն արգելված է Վրաստան: Մենք փորձեցինք պահանջել փաստաթուղթ եւ հատուկ տեղեկանք, թե ինչու է արգելված իմ մուտքը, եւ նրանք սկզբում բանավոր պատասխանեցին, հետո հետ կանչեցին ու մեզ տրամադրեցին անգլերեն ու վրացերեն լեզուներով գրված մի փաստաթուղթ՝ իրենց սահմանային ուղեկալի պետի կողմից, որում պատճառաբանված էր, որ ես վտանգում եմ Վրաստանի անվտանգությունը, քաղաքացիների սոցիալական միջավայրը, նրանց առողջությունը եւ իրավական շահերն ու արտոնությունները»,-մեզ հետ զրուցում ասաց Վ. Սարգսյանը։
Արդյունքում՝ հերթական persona non grata-ն՝ Հայաստանից ու, ցավալիորեն, առանց հստակ ժամկետի։ Եվ հետաքրքիր է, որ դա տեղի ունեցավ Վրաստանի նորընտիր նախագահի Հայաստան կատարած պաշտոնական այցից անմիջապես հետո։ Վահեն ասաց նաեւ, որ ինքն արդեն դիմել է ՀՀ արտգործնախարարություն՝ պարզաբանելու իրավիճակը, իսկ թե ինչ պատասխան է ստացել, ասաց, որ դա երկար գործընթաց է, եւ այսպես արագ ժամկետում հնարավոր չէ որեւէ արդյունք ակնկալել։
Մեզ չհաջողվեց, սակայն, կապ հաստատել ոչ ՀՀ արտգործնախարարության, ոչ Հայաստանում Վրաստանի դեսպանատան հետ։
Եթե Վահե Սարգսյանին նոր են արգելել մուտք գործել Ջավախք, ապա Հայաստանի հանրագիտարանի տնօրեն Հովհաննես Այվազյանը, ով եւս ծնունդով Ջավախքից է, արդեն երեք տարի է, ինչ զրկված է իր ծննդավայրն այցելելու հնարավորությունից։ Մեզ հետ զրույցում նա, իմանալով Վահեի առջեւ դրված արգելքի մասին, նախ զարմացավ, հետո նաեւ բարկացավ. «Իրեն է՞լ են արգելել։ Էս ի՞նչ բան է,-ասաց նա ու շարունակեց:
- Ես դեռ Վրաստանի նախկին իշխանությունների ժամանակ եմ անցանկալի անձ ճանաչվել։ Հիմա, որ իշխանությունները փոխվել են, նոր նախագահի պաշտոնական այցի ժամանակ իմ հարցը կրկին բարձրացվել է, երբ այսպիսի պաշտոնական մակարդակով այցելություններ են լինում, նմանատիպ հարցերը բարձրացվում են, նույնը եղել է նաեւ Իվանիշվիլու այցի ժամանակ, բայց հիմա եթե Վահեին են անցանկալի անձ ճանաչում, պարզ չէ՞, որ իմ հարցն էլ չի լուծվելու»։
Հովհաննես Այվազյանին էլ արգելել են՝ պատճառաբանելով, թե ինքն արտասահմանյան քաղաքացիներին վերաբերող օրենքի ինչ-որ կետեր է խախտել։ Հ. Այվազյանը, սակայն, նշեց իր լսած մեկ այլ պատճառ, որը որակեց բամբասանք եւ անհեթեթություն։
«Բայց իբրեւ թե ասում են, սա բամբասանք է իրականում, ոչ թե իրականություն, որ ես Ջավախքը Հայաստանին միացրած քարտեզներ եմ բաժանել Վրաստանում, բայց սա անհեթեթություն է պարզապես, ես նման բան չեմ արել»,-ասաց նա։
Այվազյանը կարծում է, որ այսպիսի առօրեական խնդիրներ հաճախ կարող են լինել, որոնք չի կարելի համարել, թե ազդում են հայ-վրացական հարաբերությունների վրա, որոնք, հուսով է, աշխատանքային կարգով կլուծվեն, սակայն չի բացառում, որ այս ամենն արվում է քաղաքական ենթատեքստով։
Զրուցեցինք նաեւ Ազգային ժողովի պատգամավոր, «Վիրահայերի միասնություն» ՀԿ համանախագահ, Ազգային ժողովի ջավախահայ պատգամավոր Տաճատ Վարդապետյանի հետ, ով մեզ ասաց, որ ինքն այս հարցով լրջորեն հետաքրքրված է եւ մտահոգ, ու երկու օր առաջ կայացած հանդիպման ժամանակ նա իր մտահոգությունները հայտնել է նաեւ Վրաստանում Հայաստանի դեսպանին ու այնտեղի հայ պատգամավորներից մեկին։
«Ես խոսեցի նրանց հետ, իմ մտահոգությունները հայտնեցի այս հարցի կապակցությամբ, ճիշտ է, այս պահին արդյունքների մասին որեւէ հուսադրող բան չեմ կարող հայտնել, բայց, ամեն դեպքում, այն մտահոգությունը, ինչ կար ինձ մոտ, կա ինչպես Վրաստանում մեր դեսպանի՝ Հովհաննես Մանուկյանի, այնպես էլ Վրաստանում ազգությամբ հայ պատգամավոր Ռուսլան Պողոսյանի մոտ»,-ասաց Տ. Վարդապետյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



