Չարենցի «Պատգամ» բանաստեղությունը,- Ո՜վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է: Սա տպագրվել է 1934-ին: Առաջին անգամ այս տողի մասին բարձրաձայն խոսվել է 1937-ին, ԿԳԲ-ի բանտում, երբ տխրահռչակ Մուղդուսին հարցաքննում էր Չարենցին, մասնավորապես հետաքրքրվելով, թե այդ ինչի՞ց էր ուզում փրկել Չարենցը հայ ժողովրդին և հայ ժողովրդի ինչի՞ն է պետք հավաքական ուժը ... Սա այն շրջանն էր, երբ արդեն հայ մտավորականության մի մասը տրոցկիստա-հակասովետականա-լրտեսա-տեռորիստա-դաշնակցականա-նացիոնալիստական գործունեության մեղադրանքով գնդակահարվել էր կամ աքսորներում էր, մյուս մասը «նստեցնում» էր, երրորդներն էլ «իջել էին ջրի հատակը, մինչև անցնի վտանգը»: Հատուկ «հավաքել» էին Ցեղասպանության ժամանակ թուրքերի դեմ դիմադրական ճակատ կազմողներին և Կովկասում թաթարական ջարդերից հայերին պաշտպանողներին... նրանք առաջին «նացիոնալիստներն» էին: Եվ այս պիտակը հատկապես հաճույքով էին օգտագործում որբանոցներում պրոլետդաստիարակություն ստացած ցեղասպանության որբերը՝ Հրաչյա Քոչարը, Նաիրի Զարյանը... Հիշեցնում եմ, որովհետև այսօրվա «պրոլետգործիչները», որ նույնն է՝ ՀՀԿ-ականները, Ռուսաստաի առաջ «միշտ պատրաստ» կեցվածով «մուղդուսիականություն» են անում՝ պարբերաբար «հավաքելով» այսօրվա «նացիոնալիստներին»՝ Հայաստանի ինքնիշխանության փշրանքները փրկելու մտահոգությամբ քաղաքացիներին: Եվ այսպես, «Ո՜վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է», կարդալ ուղղահայաց երկրորդ տառերով.
Նոր լույս ծագեց աշխարհին.
Ո՞վ այդ արևը բերեց:–
Ահա վոսկյա մի արև՝
Ճառագումով իր հրե՝
Այգաբացի պուրպուրե
Նժույգների վրա հեց՝
Նոր աշխարհին ու մարդուն
Հղում ե լույս զվարթուն:
Նոր աշխարհին ու մարդուն
Ո՞վ բերեց լույսն այս արթուն:
Ո՜, ո՞ւմ ձեռքով վառվեց, ո՞ւմ
Հրակարմիր, հրավարս,
Ադամանդյա լույսը այս:–
Կքած կյանքի բեռի տակ,
Խոր գերության ընդերքում,
Իմաստության մի գետակ
Հիմարության համերգում –
Քանի՜ տարի, քանի՜ դար
Վկայեցիր անհերքում…
Ափերին այն խավարտչին,
Ուր հայրենիքն եր մեր հին, –
Չկա՞ր արդյոք գետ մի հորդ,
Վոր գերության անհաղորդ՝
Լուրթ՝ հոսելով դարից-դար՝
Մթության մեջ այն համառ
Այս այգաբացն եր կրում,
Հո՜ւր այգաբացն այս հեռու՝
Հնուց պահած իր ջրում
Ո՜, ըղձական այս հեռուն…
Կքած կյանքի բեռի տակ՝
Վոգի՜ անկոր, հո՜ւր գետակ…
Ահա վառվում ե մեր նոր
Հաղթանակի լույսը բորբ.
Լվանում ե նա հիմա
Վառվող վոգին մեր անմահ,
Չքնաղ արև՛ն այդ արի,
Վառված հրով աշխարհի…
Չկա՜ ուրիշ արև ե՛լ.
Նա՛ յե միայն, վոր դարեր
Անմար՝ պիտի արևե՛…
Լույսով վառված սակայն այդ՝
Նժարներից հիմա մենք
Հիմարությամբ չթափենք
Իմաստությունն այն արար. –
Մեր անցյալի խորամիտ
Ե՛ջն այն արդար ու ռամիկ՝
Մեծահանճար ու վարար…