«Մենք սևեռվող ազգ ենք, մի քավության նոխազ ենք գտնում և սևեռվում ենք դրա վրա: Այսօր մենք` բոլորս, գժանոցի մեջ ենք և սրա համար բոլորս ենք մեղավոր: Մենք ինչի՞ մասին ենք այսօր խոսում, ի՞նչ սերիալի մասին է խոսքը, հարցը շատ խորքային է, այն զավեշտի է հասել: Քաղաքական գործիչն ասում է` էդ սերիալներից է, որ ընտրակաշառք են վերցնում, սերիլաներն են պատճառը, որ լավ չեն անցել ընտրությունները, դուք լրիվ զավե՞շտ եք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ` անդրադառնալով այն հարցին, որ սերիալների ազդեցությամբ հասարակության մեջ ավելանում են բռնության, հանցագործությունների դեպքերը, ասաց դերասան Տիգրան Ներսիսյանը:
Ըստ նրա` 90-ականներին Հայաստանի ամբողջ հեռուստատեթերը լցված էր կասկածելի տեսաֆիլմերով, ոչ ոք չէր արձագանքում. «Երբ ամեն շքամուտքից դիակ էին հանում, ոչ ոք չէր ասում, որ պատճառը այդ ֆիլմերն են: Ճիշտ է, մենք պետք է խոսենք, թե ինչպիսի սերիալներ են նկարահանվում, բայց չպետք է ասենք, որ Հայաստանում կատարվող սպանությունները, հանցագործությունները սերիալի ազդեցությամբ են տեղի ունենում: Եկեք մտովի 4 տարի հետ գնանք, երբ սերիալ չկար, ի՞նչ է, սպանություններ տեղի չէի՞ն ունենում: Մենք բոլորս նորմա՞լ էինք, հասարակությունը նորմա՞լ էր, օլիգարխները ո՞նց էին, բա իրանց ախռանիկները ո՞նց էին:
Եթե այսօր ագրեսիայից ենք խոսում, պետք է խոսել ոչ միայն սերիալներից: Սերիալը մոռացեք: Խոսենք հեռուստատեսության անորակ հաղորդումների, գովազդային գործունեության մասին: Գովազդի մեջ էլ ագրեսիա կա, գովազդային հերոսներին տեսե՞լ եք, մեկը մեկից ուռոդ են: Ու այդ ուռոդները սերիալից առաջ կային: Բոլորը 3 բջիջային տարօրինակ մարդիկ են, գլուխներում բան չի աշխատում»,-ասել է Տիգրան Ներսիսյանը:
Աղբյուրը՝ HayNews.am