1in.am-ը գրում է.

Երեկ ադրբեջանական կողմը վերադարձրել էր հունվարի 28-ին ադրբեջանական կողմում հայտնված Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ՝ 77-ամյա Մամիկոն Խոջոյանին: Հայկական կողմում հայտնվելուց հետո նրան անմիջապես տեղափոխել են Իջևանի բժշկական կենտրոն, որտեղ անցկացված հետազոտությամբ նրա մարմնին բազմաթիվ կապտուկներ, կոտրվածքներ և վնասվածքներ են հայտնաբերվել:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Մամիկոն Խոջոյանի դուստրը՝ Հեղինե Խոջոյանը, փոխանցեց, որ հայրն ունի բազմաթիվ կապտուկներ ու վնասվածքներ. «Գլխի վերևի հատվածը վառված է, ձեռքը՝ ջարդած, բավականին մեծ կապտուկներ, կոտրվածքներ ունի, վիճակը շատ ծանր է, չգիտեմ ինչ ասեմ»:

Մամիկոն Խոջոյանին խնամող բուժքույրն էլ փոխանցեց, որ, դատելով վերքերից, նա ծանր խոշտանգումների է ենթարկվել, խոսում է մակերեսային, իմիջիայլոց, գիտակցությունը գրեթե տեղը չէ: 

Մենք կապվեցինք նաև Վերին Կարմիրաղբյուր գյուղի գյուղապետ Կամո Չոբանյանի հետ, որը մեզ տեղեկացրեց, որ այսօր Մամիկոն Խոջոյանին կայցելեն Կարմիր խաչի ներկայացուցիչները. «Այս պահին Մամիկոն Խոջոյանը չի պատկերացնում, թե որտեղ է, երևի ադրբեջանական կողմից վախեցրել են, որ չխոսի»:

Հիշեցնենք, որ Մամիկոն Խոջոյանը մեկ ամսից ավելի մնացել է ադրբեջանական կողմում՝ գերության մեջ: Նա ուներ հոգեկան խնդիրներ և պատահմամբ հատել էր հայ-ադրբեջանական սահմանը, մինչդեռ հունվարի 28-ին ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, թե՝ «Ադրբեջանի Թովուզի շրջանում ձերբակալվել է հայկական դիվերսիոն խմբի զինված ուղեկցորդը, ձերբակալվածը ՀՀ 65-ամյա քաղաքացի Մամիկ Տիգրանի Խոջայանն է: Կարճ փոխհրաձգությունից հետո հետախուզական դիվերսիոն խումբը նահանջել է: Այդ ընթացքում խմբի ուղեկցորդ Մամիկ Խոջայանը, զինված և վիրավոր, գերվել է Ադրբեջանի ԶՈՒ զինվորների կողմից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել