86th Annual Academy Awards - ShowSamsung-ը Օսկարի մրցանակաբաշխության հեռարձակման ընթացքում տեղ գտնող գովազդային ընդմիջումների ժամանակ իր արտադրանքը գովազդելու համար ծախսել է մոտ 20 միլիոն դոլար: Այնուամենայնիվ, հենց շոուի ժամանակ հաղորդավարուհի Էլեն Դիջեներեսը ավելի լավ գովազդ ապահովեց Samsung-ի համար: Մրցանակաբաշխության ընթացքում Դիջեներեսը Galaxy Note 3-ն փոխանցեց դերասան Բրեդլի Կուպերին, որպեսզի նա դրանով լուսանկարեր ինքն իրեն և մյուս աստղերին, այդ թվում՝ Բրեդ Փիթին, Մերիլ Սթրիփին, Քևին Սփեյսիին և Ջենիֆեր Լոուրենսին: Թեպետ այնպիսի տպավորություն  ստեղծվեց՝ ասես սա ինքնաբերաբար ստացվեց. իրականում մրցանակաբաշխության կազմակերպիչների հետ նախօրոք համաձայնություն էր կնքվել Galaxy սմարթֆոնը գովազդել շոուի ընթացքում:

Դիջեներեսը Օսկարի մրցանակաբաշխությանը նախորդող օրերին որոշել էր ինքն իրեն լուսանկարել մրցանակաբաշխության ժամանակ: ABC հեռուստաալիքի ղեկավարությունը առաջարկեց, որ նա լուսանկարվի Samsung-ի սմարթֆոնով, քանի որ Samsung-ը մրցանակաբաշխության հովանավորներից էր: Ըստ կանխատեսումների՝ Էլենի ինքնանկարը ավելի մեծ արդյունավետությամբ կնպաստի Samsung-ի արտադրանքի սպառմանը, քան գովազդային հոլովակները:

Թեպետ Samsung-ը հրաժարվում է հանրությանը ներկայացնել ABC-ի հետ կնքած գովազդային գործարքի ֆինանսական մանրամասները, Kantar Media ընկերության հաշվարկներով՝ այս տարի գովազդատուները Օսկարի մրցանակաբաշխության ընթացքում ցուցադրվող գովազդի 30 վայրկյանի համար վճարել են 1.8 միլիոն դոլար: Սա նշանակում է, որ Samsung-ը կարող է 18 միլիոն դոլար ծախսած լինել գովազդի վրա: Samsung-ի սմարթֆոնի գովազդն էլ ավելի մեծ տարածում ստացավ, երբ Դիջեներեսը Tweeter-ում տեղադրեց իր ինքնանկարը: Եկավ մի պահ, երբ Samsung-ի անունը սոցիալական մեդիայում հիշատակվում էր րոպեում 900 անգամ: Ըստ Kontera ընկերության անցկացրած ուսումնասիրության՝ քչերն են բացասաբար վերաբերվում Samsung-ի այս խորամանկ հնարքին: Սոցիալական ցանցերում տեղ գտած մեկնաբանությունների 23 %-ը դրական է, 69 %-ը՝ չեզոք և միայն 8 %-ը՝ բացասական: Ամենազավեշտալին այն է, որ Օսկարի մրցանակաբաշխության հաղորդավարուհին երեկոյի ընթացքում Samsung-ի մրցակից Apple-ի iPhone-ով էր մտել Tweeter:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել