Panorama.am-ը գրում է.
«Ես տեղյակ եմ Մ.Խոջոյանի վիճակից, և ասեմ, որ որևէ կասկած չկար, թե ինչպես պետք է վարվեն գերի ընկած հայի հետ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` ավելացնելով, որ հենց այդ մտահոգությունն է պատճառը, որ նախօրեին, նախքան կհրապարակվեր Մ.Խոջոյանի մարմնի վրա առկա բռնության հետքերի մասին, պատգամավորը կրկին դիմել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին` հայ գերի Հակոբ Ինջիղուլյանի խնդրով:
«Խնդրել եմ, որ ինքը` որպես Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար, ուղղակիորեն օգտագործելով իր իրավասությունը, ազդեցությունը անի հնարավորը, որպեսզի Հակոբ Ինջիղուլյանը տեղափոխվի Հայաստան կամ երրորդ երկիր: Իմ նամակում հստակ նշել եմ, որ Ադրբեջանում անցկացրած յուրաքանչյուր օրը Հակոբի կյանքին ուղղակիորեն սպառնալիք է»,- նշեց Ն.Զոհրաբյանը:
Ի վերջո, շարունակեց նա, Ադրբեջանը, որպես ԵԽ երկիր, ստանձնել է միջազգային պարտավորություններ, նաև Ժնևյան կոնվենցիայով գերիների և ռազմագերիների մասով, բայց, շեշտեց ԲՀԿ-ական պատգամավորը, այնպես, ինչպես Ադրբեջանն է վարվում գերիների ու ռազմագերիների հետ, դա ուղղակիորեն անթույլատրելի է: Եվ պետք է անպայմանորեն այդ հարցը քննարկման դառնա միջազգային բոլոր կառույցներում, որտեղ Ադրբեջանը ներկայացված է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



