1in.am-ը գրում է.
2009 թվականին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ստորագրված գազային համաձայնագիրը պետք է գործի նաև հետագայում: Այս մասին հայտարարել է նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն BBC-ի հետ հարցազրույցում:
«Ուկրաինայի համար գազի գնի հարցը նրա ազատության հարցն է, Կիևը պետք է դրա համար շուկայական գին վճարի»,- կարծում է Տիմոշենկոն:
«Դա թույլ կտա մեզ ոչ միայն նվազագույնի հասցնել Ուկրաինայում ռուսական գազի սպառումը, այլև ունենալ խթան՝ իրականացնելու մեր տեխնիկական հնարավորությունների, վառելիքա-էներգետիկ համակարգի լիարժեք արդիականացում, որը թույլ կտա ռուսական գազ գրեթե չկիրառել»,- ընդգծել է նախկին վարչապետը:
Երեկ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտնել էր, որ ռուսական գազի համար Ուկրաինայի ընդհանուր պարտքը կազմում է 1 մլրդ 529 մլն դոլար: Նրա խոսքով՝ 2013-ին մատակարարված գազի համար ընդհանուր պարտքից Ուկրաինան մարել է միայն 1 մլրդ 300 միլիոն դոլարը՝ պարտքի ամբողջ գումարի 50 տոկոսից քիչ մասը:



