Երբեմն կարելի է լսել հետևյալ արտահայտությունը. «Ընդդիմությունից պահանջելու փոխարեն՝ նախ դուք ինչ-որ բան արեք»: Սա ի՞նչ է նշանակում, բա ումի՞ց պահանջի քաղաքացին: Դա պետական իշխանության տակտիկայի նման է, երբ ասում են՝ իշխանությունից պահանջելու փոխարեն, մի բան էլ դուք արեք: Դե, պետական իշխանության ներկայացուցիչների կողմից արված այս տկար արտահայտությունն այլևս զարմանք չի պարունակում, սակայն սա զարմանալի է, երբ որոշ ընդդիմադիրներ են անում նման արտահայտություն: Նախևառաջ, չէ՞ որ քաղաքացին ընդդիմությանը քվե է տալիս, մասնակցում է տարաբնույթ քաղաքական ակցիաների, այդպիսով, փաստորեն, նրան լիազորում է որոշակի գործողություններ իրականացնելու իրավունքով, տալիս է որոշակի իշխանություն, որպեսզի ինչ-որ պահի էլ պահանջի ինչ-որ հարցերի լուծում: Բնականաբար, եթե պետական իշխանությունից սպասելիքներ չկան, եթե այլևս այն չունի նվազագույն լեգիտիմության չափաբաժին, ապա մարդը պետք է որոնի այլ իշխանություն: Մարդը միշտ ձգտում է իշխանության. ոմանք՝ իշխելու, ոմանք էլ իշխվելու կամքով ու վարքաբանությամբ, հետևաբար՝ իշխվողն իր կամքը տալիս իշխողին, որպեսզի իր պահանջմունքների և շահերի իրացման գործառույթներն իրականացնի վերջինս: Եվ երկրորդ, ընդդիմությունն ունի կազմակերպչական կառուցվածք, ունի գործունեության ծրագիր, ռեսուրս և լիդերներ, որոնք էլ հանդիսանում են այն կարևոր գործիքները, որոնցով հնարավոր է աշխատանքի արդյունավետություն, ինչն անհատի պարագայում հնարավոր չէ: Հուսանք, որ ընդդիմությանը կհաջողվի միավորվել և ավելի արդյունավետ իրականացնել քաղաքացիների պահանջմունքների իրացումը, նրանց շահերի պաշտպանությունը պետական իշխանության հետ հարաբերություններում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել