Գառնիի տարածքում սրճարան կառուցելուց մինչև Մաքսային միությանն ու Եվրոասիականությանն անդամակցությունը հիմնավորողները մեծ հաշվով մեկ հիմնական ամփոփում ունեն՝ «մենք այլ ճանապարհ չունենք»: Այս մեծ աշխարհի բազում ճանապարհներից մեզ մնացել է «մեն-միակ ճանապարհը»,- վաճառել և վաճառվել: Վաճառել ամեն ինչ՝ շենքերը, հողը, անտառները, ընդերքը, երեխաներին, մարդկանց... Վաճառել մեր նախնիների ստեղծածը, բնության ստեղծածը... Չստեղծել ոչինչ: Անկախ Հայաստանի կենսագրության ընթացքում մի ողորմելի բան է ստեղծվել՝ Հյուսիսային կոչվող պստլիկ պողոտան՝ իր անմխիթար շենքերով: Մարդկանց ողբերգությունների հաշվին: «Մենք այլ ճանապարհ չունենք»-ն ուղեկցվում է հոգոցով՝ «ինչպե՜ս եմ ես)մենք ձեզնից հոգնել»: Հանգստանալու համար նույնպես «մենք այլ ճանապարհ չունենք», բացի «ձեզնից ազատվելը»: Այս տառապանքները վերջացնելու համար աճուրդի է դրվում մի երկիր՝ Հայաստան անունով (հայտնի է նաև «Արմենիա», «Սոմեխի» անուններով) Վաճառքի առարկայի նկարագիրը. հարուստ պատմական անցյալով, պատմա-ճարտարապետական հուշարձաններով երկիր է, երկրի պատմությունն սկսվում է քաղաքակրթության սկզբնավորումից (ապացուցված է), առաջինն է պաշտոնապես ընդունել քրիստոնեությունը, բայց օտարի լծի տակ գտնվելու պատճառով քրիստոնեական արժեքները երբեք խորքային թափանցում չեն ունեցել, ունի ահռելի գրական ժառանգություն, ունի ձեռագրերի հարուստ Մատենադարան, խմելու ջրի հիանալի պաշարներ (այն, ճիշտ է, վերջին քսանամյակի թալանի և անտառների հատման հետևանքով սկսել է նվազել), ուրանի և ոսկու հանքեր՝ չնայած բնակչության դեգրադացմանն ուղղված ահռելի ջանքերին՝ դեռևս տաղանդաշատ մարդիկ ունի: Ցավոք, երկրում սկսվել է անապատացման գործընթաց և արագ միջոցներ ձեռք չառնելու դեպքում անապատացումն առարկայական է: Բնակչությունը հանդուրժող է, հանդուրժում է նույնիսկ առկա թալանչիներին, գանգստերներին, ցանկացած իշխանություն փոքր ջանքերով կարող է վերատադրվել: Անհրաժեշտության դեպքում բնակչությունը կարող է արտագաղթել: Կա երկու նախապայման, ա)Թուրքիան և Ադրբեջանը, ազգությամբ թուրքն ու ադրբեջանցիցն չեն կարող մասնակցել աճուրդին, բ)գնելուց հետո վերավաճառվել կարող է միայն հիսուն տարի հետո, գ)չի կարող վերավաճառվել ազգությամբ հայ գնորդի: Նախնական գինը որոշված է՝ մեկ դոլար (միայն ԱՄՆ, այլ վալյուտա չառաջարկել, առավել ևս՝ հայկական դրամ): Ո՞վ կտա ավել: Եթե երկիրն ամբողջովին գնող չգտնվի՝ կվաճառվի մաս-մաս: Մաս-մաս վաճառվելու դեպքի համար կազմված է վաճառվող «գույքի» ցուցակ՝ ա)բնակավայրերի ցանկը՝ իրենց նկարագրերով, բ)Արարատյան դաշտավայրը, գ)պատմա-մշակութային հուշարձանների ցանկը, դ)դեռևս մնացած անտառները, ե)հրաշալի գեղեցկությամբ Սևանա լիճը և այլն: Կա վաճառքի մեկ այլ տարբերակ նույնպես, մեկ այլ ցուցակով կարող են վաճառվել՝ ա) Օպերայի շենքը (նկատի ունենալ, որ հարակից տարածքներն արդեն վաճառվել են), բ)Մայր թատրոնի շենքը, գ)Մատենադարանի շենքը (նոր է կցակառուցվել, շատ լավ վիճակում է), դ)Պատմության թանգարանի շենքը (վերջիններիս գույքը պետք չլինելու դեպքում կարելի է դեն նետել կամ վերավաճառել գնելու ցանկություն ունեցող անհատների կամ թանգարանների, փորձը կա, հաջողությամբ իրականացվում է), ե)Կառավարության շենքը, զ)Ազգային ժողովի կոչվող շենքը (նախկին շենքը հաջողությամբ վաճառվել է ամերիկացիներին), է)Նախագահականը... Մասնակցեք նախադեպը չունեցող այս աճուրդին, միայն կշահեք: Մենք էլ կհանգստանանք վերջապես: Ո՜նց ենք հոգնել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hranush.kharatyan/posts/298446453640971?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել