1in.am-ը գրում է.
Բելառուսի իշխանությունները, որոնք ակնդետ հետևում են հարևան Ուկրաինայում իրադարձությունների զարգացմանը, շարունակում են համոզմունք դրսևորել իրենց երկրում նման սցենարի անհնարինության վերաբերյալ: Այս մասին հայտնում է Newsru.com-ը:
Հերթական անգամ վստահություն առ այն, որ բելառուսական «մայդան» չի լինի, արտահայտել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը: Նրա կարծիքով՝ Մայդանի տեղափոխում Մինսկ անհնար է, քանի որ իրավիճակն իր երկրում արմատապես տարբեր է:
Նա բացատրել է, որ ուկրաինական քաղաքական ճգնաժամում, երկրի ղեկավարության սխալներից բացի, գլխավոր դերերից մեկը խաղացել է կոռուպցիան:
«Մեզ մոտ նման բան չկա: Մեր նախագահն արտերկրում հաշիվներ չունի: Նախագահի որդիները բիզնեսով չեն զբաղվում»,- ասել է արտգործնախարարը՝ հավելելով, որ իրենց մոտ կոռուպցիա կա, սակայն Ուկրաինայի ֆոնին այն գրեթե աննկատելի է, և այն վճռականորեն ճնշվում է:
Մակեյն անհանգստություն է հայտնել Ուկրաինայի արևմտյան հատվածում զենքի պահեստների զավթման առնչությամբ և վստահեցրել, որ Բելառուսի իշխանությունները հետևում են իրավիճակին՝ սեփական տարածքում հանցավորության աճ թույլ չտալու նպատակով: