1in.am-ը գրում է.

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր «Մեդիա կենտրոն»-ում հրավիրված քննարկմանը «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանն ու Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը բանավիճեցին Ղրիմում այս օրերին տեղի ունեցող իրադարձությունների շուրջ:

Բանախոսներն անդրադարձան հայկական լրատվամիջոցներում տարածված այն տեսակետներին, թե Ղրիմը կարող է լավ նախադեպ լինել Լեռնային Ղարաբաղի համար: Բանախոսները միանշանակ հերքեցին այդ տեսակետը՝ ասելով, որ պետք չէ ուշադրություն դարձնել քարոզչական հայտարարություններին:

«Ես հումորով եմ վերաբերվում նմանատիպ հայտարարություններին: Ասում են՝ մի տեղ որոշվել է հարցը, եկեք մենք էլ լուծենք:

Բացի այդ՝ ես չեմ կարծում, որ կառանձնանա Ղրիմը Ձեր նշած տարբերակով, իսկ Ղարաբաղն այստեղ կապ չունի, և եթե ունի որևէ կապ, ապա միայն քաղաքական և ոչ՝ իրավական»,- ասաց Իսկանդարյանը:

Իր հերթին Դավիթ Շահնազարյանը հայտարարեց, որ նման տեսակետները պրոպագանդիստական ոլորտից կարող են լինել. «Եթե նույն ստանդարտներում են ուզում դիտարկել, ապա պետք է ուրեմն Հայաստանն էլ ճանաչի Հյուսիսային Կիպրոսը, Հարավային Օսիան կամ Աբխազիան: Ոչ, Հայաստանը իր շահերից է ելնում, և մեր շահերից է բխում չճանաչել ո՛չ Աբխազիան, ո՛չ էլ Հարավային Օսիան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել