Ներկայումս հասարակության համար (ինչպես նաև սեքսոլոգիայում) կարևորագույն խնդիր է հանդիսանում ամուսնալուծությունների թվի աճման տենդենցը, ինչը նաև հնարավոր է պայմանավորված է ամուսինների բիո-սոցիո-փսիխո անհամատեղելիությամբ: Իրականում, մեծ մասամբ դեպքերում կարելի է կանխատեսել և կանխարգելել դրանք, երբ ապագա ամուսինները լիարժեք ճանաչեն միմյանց և հետագայում ստեղծվի փոխադարձ վստահության և սիրո վրա հիմնված միություն: Սեքսոլոգիայի հիմնադիրներից մեկի՝ Գ.Ս.Վասիլչենկոյի կողմից առաջարկած ամուսնական 5 գործոնների կոնցեպցիան լիովին մեկնաբանում է ամուր ու ներդաշնակ ընտանիքի ստեղծման համար անհրաժետ դրույթների կարևորագույն նշանակությունը, ինչը մեծ նշանակություն պետք է ունենա ընտանեկան միության ստեղծման պրոցեսում:
Ֆիզիկական գործոն - այն ունի զուտ ինտուիտիվ բնույթ. անկախ սեռային պատկանելիությունից՝ մարդը մյուսի մոտ առաջացնում է սիմպատիա կամ անտիպատիա: Սա անձնային ռեակցիա է, որը որոշվում է արտաքին պատկերով՝ դեմքը, ձայնի տեմբրը, տվյալ մարդուն բնորոշ հոտը, միմիկան, խոսքը և վարքը: Շփումների առաջին իսկ փուլում ձևավորվելով՝ այս գործոնը դրսևորում է բացառիկ կայունություն և պահպանում է իր դրական կամ բացասական երանգը ամբողջ կյանքի ընթացքում: Անկախ տարիքից, այն կապված է սեքսուալ գործոնի հետ. երիտասարդների մոտ դա ունի մեծ ազդեցություն, իսկ տարիքի հետ մեծանում է մշակութային գործոնի դերակատարությունը:
Նյութական գործոն – որոշվում է ընտանիքի ընդհանուր նյութական կարգավիճակում յուրաքանչյուրի ներդրման փոխհարաբերությամբ, և նաև թե ինչպիսին են նրանց նյութական իմաստով միմյանցից սպասումները և պահանջները: Զույգերի միջև համապատասխանություն կարող է դիտվել ինչպես բարձր նյութական պահանջների, այնպես էլ ցածր պահանջների և սպասումների պարագայում:
Մշակութային գործոն – որոշվում է ամուսինների ինտելեկտուալ-մշակութային պահանջների համընկմամբ: Այս գործոնի դրսևորումը կարող է փոփոխվել կյանքի ընթացքում:
Սեքսուալ գործոն – որոշվում է, թե ինչպիսի սպասումներ ունեն ամուսինները ինտիմ կյանքից, և իրականում դա համընկնում է միմյանց պահանջներին: Այդ գործոն կարող է փոփոխվել՝ կախված տարիքից և սեռական առողջության վիճակից: Եթե տղամարդու սեքսուալությունը 30 տ. հետո դրսևորում է ստերեոտիպային տենդենց՝ պայմանական ֆիզիոլոգիական ռիթմով պայմանավորված սեռական նույնական ակտիվություն (միապաղաղ, կոնֆորտային ընթացք), ապա կնոջ սեքսուալության մեջ այդ տարիքից սկսած արտահայտվում են բարձր պահանջներ: Սեքսուալ գործոնը կարող է ունենա հզոր ազդեցություն ֆիզիկական գործոնի վրա՝ հաճախ սրացնելով նախկինում չգիտակցված երևույթները (եթե առաջ չէր նկատում դրանք, ապա այժմ արտաքին թերությունները առավել ընդգծված են թվում):
Հոգեբանական գործոն – այն հատուկ տեղ է զբաղեցնում՝ կարծես հանդիսանալով յուրահատուկ համակարգող. այդ գործոնն է ապահովում մարդու վարքի, միջանձնային փոխհարաբերությունների, բնավորությունների և սեռային դերի ամբողջականությունը: Ներդաշնակ ընտանիքի ձևավորումը տեղի է ունենում աստիճանաբար՝ առաջին սիրահարվածության հիացմունքից, հուզումնալից ապրումներից մինչև ամենօրյա կենցաղային մանրուքներից հիասթափություն, մինչև ռեալ իրականության մեջ ամուսնու կամ կնոջ ընդունում՝ իր արժանիքներով և թերություններով: Այսինքն ամուր ընտանիքի ձևավորումը շարունակական գործընթաց է, որտեղ յուրաքանչյուրը պետք է զգա իր մասնակցության կարևորությունը. նաև երեխաներին է վերապահված մեծ դեր (այն ընտանիքներում, որտեղ կան երեք և ավելի երեխաներ, մի քանի անգամ ցածր են ամուսնալուծությունների թիվը և ընտանիքում մշտապես տիրում է խաղաղ և համերաշխ մթնոլորտ):