Մտահոգ Գյումրեցիները բաց նամակով Սերժ Սարգսյանին իրենց բողոքն են ուղղում Վարդան Ղուկասյանի և նրա որդու ամենթողությունների հետ կապված։
«Հարգելի նախագահ.
Գիտենք, որ այս օրերին մեր հարցը միակը չէ, որ կարող է Ձեզ շեղել պետական գործերից և Ձեր օգնությամբ լուծում ստանալ: Այսօր երկրում թիվ մեկ աղմկահարույց թեման Գյումրու քաղաքապետի որդու կողմից հունիսի 23-ին կատարած դանակահարությունը չէ, մանավանդ որ իրավապահ մարմիններն ամեն ինչ անում են այդ մեղքը Սպարտակ Ղուկասյանի վրայից հանելու և, Աստված գիտե, թե ում վրա բարդելու համար:
«Հարսնաքարում» տեղի ունեցածն ու երիտասարդ բժշկի ողբերգական վախճանն այն նույն մթնոլորտի տրամաբանական ծնունդն են, որ տիրում է Գյումրիում դաժանության առավել մեծ չափաքանակով և մայրաքաղաքային մասշտաբներով:
Գյումրիի օլիմպիական քոլեջի բակում գործին կխառնվեն Սպարտակ Ղուկասյանին ուղեկցող գողական ու քաղաքապետի թիկնապահները, և Պետիկ Նազարյանը վնասվածքներով չէր պրծնի:
Այն ինչի մասին խոսում ենք վաղուց ի վեր հայտնի է բոլորին, այդ թվում՝ նաև Ձեզ: Մեկ երկու ամիս առաջ էր, որ Երևանում մամուլի ասուլիս տվեց Բրյուսելի շրջանային դատարանում որպես թարգմանիչ աշխատող նախկին երևանցի մի կին ու հայտնեց, որ Բելգիայում և եվրոպական այլ պետություններում հանգրվանում են ոչ միայն նյութական ծանր կացության մեջ հայտնված մարդիկ, այլև կոնկրետ պաշտոնյաների կողմից հալածվածներ: Հնչած անունների մեջ, ինչպես սպասվում էր, Գյումրու քաղաքապետի անունն էր և դարձյալ ոչ մի արձագանք իշխանության կողմից:
Այն, ինչ կատարվում է այսօր Գյումրիում՝ կրակոցներ, դանակահարությունների անվերջանալի շարան, մեծ ու փոքր ռազբորկաներ, 13-ամյա նախապատմություն ունի, և ուղղակիորեն կապված է Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման հետ: Նախ՝ իշխանության գալուց առաջ էլ քաղաքում եղեն են մանր-մունր կոնֆլիկտներ, բայց միշտ գտնվել է մեկը, որը հաշտեցրել է, հորդորել, որ փոքր համայնքներում չի կարելի ապրել թշնամության և ատելության մթնոլորտում:
Այս քաղաքապետը ճիշտ հակառակն արեց. քաղաքը բաժանեց յուրայինների և «սատանաների» ու երբևէ չփորձեց ընդունել և սիրելի դառնալ, խոհեմությամբ հաշտարար դատավորի պահվածք չունեցավ, այլ իր ագրեսիվ ելույթներով կատաղեցրեց առողջական լուրջ խնդիր ունեցող որդուն, որի հետ գործ ունենալուց խուսափում են բոլոր, այդ թվում՝ իրավապահ մարմինների ղեկավարները:
Քաղաքապետի որդին դարձավ հոր զենքը՝ օրենքի, բարոյականության, արդարության, հանդուրժողականության, միջանձնային և միջխմբային կանոնավոր փոխհարաբերությունների դեմ: Եվ այսօր մենք Գյումրիում ունենք այն, ինչին ձգտում էր Վարդանիկը: Բացարձակ իշխանություն, ստորաքարշ մարդկանց բանակ, որ նաև լուրջ գործիք է ընտրությունների ժամանակ:
Հիմա դժվար է ասել՝ ով է ավելի մեղավոր. Վարդանի՞կը թե՞ նրա պաշտոնավարությունը հանդուրժողները: Մեր համաքաղաքացիները հանդուրժեցին այդ այլասերությունը, երբ հայրը զենք է դարձնում և կրակի բերան ուղարկում ոչ այլ մեկին, քան իր սեփական որդուն: Ամեն չնչին, անէական խնդրի շուրջ միավորող, իբր թասիբ դրսևորող գյումրեցիները ահ ու դողից կռացած ոչ մի օր չմիավորվեցին գլխավոր չարիքի դեմ:
Շատերը սեփական անզորությունը տեսան դուրս գալու մեկի դեմ, ով այսքան տարի սիրված ու ընդունված է երկրի իշխանավորների, այդ թվում՝ Ձեր կողմից: Նրա գլուխը շոյում են իրենց ակնկալիքն անվրեպ ստանալու դիմաց:
Վարդանիկի իշխանությունը քաղաքին տվել է ընդամենը մի քիչ խնամված կենտրոն և խայտառակ արվարձաններ, քաղաքապետին անչափելի հարստության եւ Սլաբոդկայի բանդան, որի հաղթարշավի արդյունքում տասնյակ փակված բիզնեսներ են, ծեծված ու դանակահարված երիտասարդներ, ցիրուցան եղած գերդաստաններ, խեղված ճակատագրեր, վախի, ատելության, նախանձի եւ թշնամանքի, թվում է, առհավետ արմատացած մթնոլորտ:
Վարդանիկից ազատվելու շանս էին ընտրությունները, որոնք հավաստեցին, որ Վարդանիկի սիրուց Գյումրիում չեն ուշաթափվում եւ մենք Ձեզ չենք խաբում, հարգելի նախագահ: Առջեւում դարձյալ ընտրություններ են ու Վարդանիկը դարձյալ իր տարերքի մեջ է: Պետությունը, ի դեմս Ձեզ, չի միջամտի գործին եւ մենք կունենանք այն, ինչ ունենք այսօր եւ ինչից կարող էինք խուսափել ընդամենը գյումրեցիներին մի փոքր հարգելով եւ վստահելով:
Հարգելի նախագահ, խնդրում ենք, մի թողեք այս ամենն ինքնահոսի եւ թույլ մի տվեք, որ քաղաքը դատարկվի:
Հույսով եւ հավատով՝ գյումրեցիներ...»