Ուկրաինայի նոր իշխանությունները կարծես խելքի են գալիս, և հասկանում, որ չափն անցել են, և այժմ փորձում են շտկել իրավիճակը: Ղրիմում նախագահի ներկայացուցիչ Սերգեյ Կունիցինը ATR հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը որոշել է չստորագրել «Լեզուների մասին օրենքի» լուծարման հետ կապված որոշումը, որը փետրվարի 23-ին կայացրել էր Գերագույն ռադան: Արդյո՞ք այս որոշը ուշացած չէ և արդյո՞ք սա կարող է շտկել երկրում իրավիճակը: Չեմ կարծում, քանի որ վստահ եմ, որ վերը նշված օրենքի լուծարումը հիմնականում առիթ էր, այլ ոչ թե պատճառ արևելյան և մասնավորապես հարավային շրջանների ապստամբության համար:
Ղրիմի Ինքնավար Հանրապետության նորանշանակ վարչապետ Սերգեյ Աքսենովը այսօր արել է մի հայտարարություն, որը բավական ուշագրավ է: Նա ասել է, որ ժամանակավորապես իր ուղղակի ենթակայության տակ է առնում Ղրիմի բոլոր ուժային կառույցները, և բոլոր հրամանատարները պետք է կատարեն միայն իր հանձնարարականներն ու հրամանները, իսկ նրանք, ովքեր դրան համաձայն չեն, խնդրել է անմիջապես դադարեցնել իրենց ծառայությունը: Նշեմ, որ առայժմ նման ցանկացողների մասին ոչ մի տեղեկություն չի հայտնվել: Հիշեցնեմ, որ ընդամենը երեկ, երբ հաստատվեց Ղրիմի կառավարության վերջնական կազմը, վարչապետ Աքսենովը հայտարարել է, որ ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի, Ռուսաստանը ֆինանսական աջակցություն կցուցաբերի Ղրիմին: Վերջինս ասել է, որ իրենց եղբայրական հանրապետություններից տրվող աջակցության միջոցով (թերևս հանրապետություններ ասելով` ակնարկել է նաև Բելառուսին) իրենք կկարողանան դուրս բերել ինքնավար հանրապետությունը ներկայիս ծանր վիճակից: Ավելացնեմ, որ օգնության կոնկրետ ծավալները, ըստ վարչապետ Աքսենովի, դեռ հստակեցված չեն:
Այսպիսով, մինչ Կիևը փորձում է սեփական իռացիոնալ, իմպուլսիվ որոշումներից ետ կանգնել`հասկանալով, որ Ղրիմում ստեղծված իրավիճակի համար առիթ է դարձել հիմնականում իրենց անհեռատես քաղաքականությունը, Ղրիմում իշխանությունն ավելի է կենտրոնացվում «Ռուսական միաբանություն» կուսակցության նախագահի ձեռքերում: Ես կարծում եմ, որ տեղի ունեցող գործընթացներն արդեն անշրջելի են, և ոչ մի «պրյանիկ» Կիևի կողմից այլևս չի կարող կանգնեցնել Աքսենովին: Ի վերջո, Ղրիմը, որն արհեստկանորեն միացվել է Ուկրաինային 1954թ-ին, իսկ Սովետական Միության փլուզումից հետո գրեթե անկախացման շեմին էր, երբեք էլ սերտ հարաբերությունների մեջ չի եղել Կիևի հետ: Կարծում եմ` սա լավ առիթ է, որ ինքնավար հանրապետությունը իր հարցերը վերջնականապես լուծի: Համոզված եմ, որ ճգնաժամի հաղթահարումից հետո, եթե նույնիսկ Ղրիմը դե յուրե և դե ֆակտո չանկախանա կամ էլ չմիանա Ռուսաստանին, ապա այն առնվազն կանցկացնի այն հանրաքվեն, որը նախատեսված է մայիսի 25-ին, և կընդլայնի իր ինքնավարության լիազորությունները, որով և կդառնա գրեթե լիովին անկախ` երկրի կենտրոնական իշխանություններից: