Երեկ՝ Դոնի Ռոստովում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, մենք վերջապես լսեցինք Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին: Նա հայտնեց իր կարծիքը Ուկրաինայում տեղի ունեցածի մասին` դա անվանելով հեղաշրջում ֆաշիստական մարգինալ խմբերի կողմից: Վտարված նախագահը ընդհանուր առմամբ ասաց այն, որ ինքն իրեն շարունակում է համարել Ուկրաինայի լեգիտիմ նախագահ և պատրաստվում է պայքարել Կիևում ընթացող հակաօրինական գործընթացների դեմ և վերականգնել օրինականությունը Ուկրաինայում: Նա կարծես առաջին հայացքից շատ հստակ ասում էր, թե ինչն է ճիշտ և ինչ պետք է անել, բայց թե ինչպես այդ ամենը պետք է իրականցնել, վերջինս այդպես էլ չասաց...
Յանուկովիչի ամբողջ ելույթը և մասնավորապես բոցաշունչ, էմոցինիոնալ հայտարարություններն այն մասին, որ իրեն խաբեցին և սպանեցին, բացի խղճահարությունից, այդ մարդու անձի հանդեպ ոչինչ չառաջացրեցին:
Կարծում եմ՝ արդեն վերջնականապես կարելի է արձանագրել, որ Վիկտոր Յանուկովիչը քաղաքական դիակ է: Այսուհետ, եթե նույնիսկ Ուկրաինայում տեղի ունենան ինչ-որ շրջադարձային իրադարձություններ, ապա այս մարդը վստահ չի լինելու այդ ամենի մեջտեղում: Վստահ եմ, որ Ռուսաստանն այլևս բնավ չի պատրաստվում օգնել այս մարդուն վերականգնել մի բան, ինչն այս փախուստի դիմաց նախագահը կորցրեց՝ առանց մատը մատին տալու: Այժմ Ուկրաինայում ընթանում են շատ կարևոր իրադարձություններ՝ ի դեմս «Ղրիմի ապստամբության», որտեղ Ռուսաստանից ակնկալում են ադեկվատ արձագանք և գործողություններ իրենց օգնելու համար: Արդեն իսկ մենք լսում ենք ինքնավար հանրապետության նոր իշխանություններից ֆինանսական օգնության մասին թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի կոչեր՝ ուղղված Ռուսաստանին: Նրանք հուսով են, որ ֆինանսական օժանդակությունը իրենց եղբայրական պետությունից կփրկի Ղրիմը այն ֆինանսատնտեսական պատուհասից, որը Դեմոկլյան սրի պես կախված է ամբողջ Ուկրաինայի գլխին:
Տեսեք, այս համատեքստում այսօր մենք լսում ենք, որ Ռուսաստանը իր արտաքին գերատեսչության միջոցով կոչ է անում, որ ուկրաինական ճգնաժամը կրկին վերադարձվի իրավական հարթության վրա, ասել է թե, այն փուլին, երբ փետրվարի 21-ին ընդունվեց ճգնաժամը լուծելու մասին համաձայնագիր ընդդիմության և Յանուկովիչի միջև, որն ընթացավ ԵՄ երեք արտգործնախարարների և Ռուսաստանի ներկայացուցչի միջնորդության պայմաններում: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ սա բնավ չի նշանակում, որ այդ երկիրը աջակցում է Յանուկովիչին: Իմ խորին համոզմամբ, Ռուսաստանը փորձում է այստեղ ժամանակ շահել՝ կրկին հա՛մ նալին, հա՛մ մեխին խփելով, որպեսզի տեսնի, թե ինչ ընթացք են ստանում Ղրիմում ծայր առած հակամայդանական տրամադրությունները և ինչ տարբերականեր են հնարավոր, որպեսզի խնդիրը իր վերջնական լուծումը ստանա այնպես, որ լիովին տեղավորվի Ռուսաստանի շահերի շրջանակներում: Այնպես որ, Յանուկովիչի մասին որպես Ուկրաինայի՝ առավելևս որպես ամբողջական Ուկրաինայի նախագահ կարելի է մոռանալ, իսկ ավելի ճիշտ, կարելի է խաչ քաշել՝ որպես լուրջ դերակատար ուկրաինական ճգնաժամում: