chatlaxutyanAsparez.am-ը գրում է.

Մի քանի տարի առաջ խոսում էինք իշխանավորների համար մշակվող մի վարքականոնի մասին, այդպիսի մի վարքականոնի նախագծի մշակման չարչարանքների մեջ էինք, ուզում էինք, որ ընտրովի իշխանավորները, բացի օրենքով ունեցած պատասխանատվությունից, բարոյական պատասխանատվություն էլ կրեին իրենց պաշտոնական եւ հասարակական վարքի համար, շահերի բախումները նվազեցվեին, լինեին բարեխիղճ, վերջապես` չդրժեին այն առաքելությունը, ինչի համար ընտրվում էին: Երկար-բարակ քննարկումներից հետո ահագին ծանր ինքնակարգավորող մի փաստաթղթի հասանք, ու գրեթե բոլորս համարեցինք այն հաջողված, մեկ էլ մեր ընկերներից մեկը, թե` բա, դա կազդի՞ ընտրյալների վրա. քրեստոմատիկ բան էր ստացվել` «Ես պարտավորվում եմ …» էությամբ: Ասում եմ` բա ի՞նչ անենք, որ բարոյական պատասխանատվության ինչ-որ համակարգ լինի, եթե ոչ սա կամ, եթե ոչ այսպես, ապա ինչպես պաշտոնյային ստիպենք, որ ընտրողների եւ/կամ հանրության շահը վեր դասի անձնականից կամ կլանայինից: Մեր ընկերը ոչ տարավ, ոչ բերեց, փորձառու էլ մանկավարժ է, ասաց. «Մոր կամ ընտանիքի քֆուր թող դնեն իրենք իրենց վրա»:

Անցել է մի քանի տարի, մի շարք պաշտոնյաների, նախարար-մախարարների, պատգամավոր, վարչության պետ-մետ, համայնքային ծառայողների եւ ավագանու անդամների անօրեն, հակասական, չտրամաբանված, հանցագործ, շահերի բախումների մեջ թաղված, դավաճանական եւ լպիրշ վարքի դեպքերի ականատես լինելուց հետո մտաբերում եմ սեռական բնույթի հայհոյանքով երդման միտքը: Ասենք. որ ինչ-որ մի պաշտոնյա պաշտոնը ստանձնելիս ասի. «Եթե ես դրժեմ խոստումս, թող բոլորը մորս էսինչ բանն անեն (մոտավորապես): Կամ` կնկաս եւ այլն»: Այդ դեպքում, հասկանալի է` 1000 պաշտոնյայից 999-ը կամ պաշտոնը ստանձնել կհրաժարվեն, կամ երբեք չեն դրժի խոստումները եւ չեն խախտի պարտավորությունները, իսկ էն մեկի հարցերը անհամեմատ հեշտ կլինի լուծել:

Այսպիսով, ժամանակն է խոստովանել, որ պատասխանատվության ինչ-որ բոլորովին այլ, գուցե վայրի արժեհամակարգ է գործում մեզանում, շատ սովորական ու գուցե այդ պատճառով չնկատվող ընդհանրական մի համակարգ, որը նաեւ բացառություններ ունի` ի դեմս նրանց, ովքեր, կարդալով այս ամենը, կասեն` է՞ս ինչ հիմարություն էր:

Հանրապետական նախարարի եւ դաշնակցական պատգամավորի վերջին «բանավեճը» մեզ հիշեցրեց, որ սեռական բնույթի հայհոյանքները արտասովոր բան չեն խորհրդարանում: Դրանից զատ, գրեթե բոլորն ընդունում են, որ նման «երկխոսությունը» անհամեմատ ազդեցիկ եւ արդարացի բան է, քան մաքուր գրականով արվող բազմաթիվ քննադատությունները: Մի քֆուրով ավելի շատ բան կարելի բացատրել հոդաբաշխ խոսքը խորամանկությամբ, սոփեստորեն ու սկզբունքորեն մերժող ցանկացած մեկին, ում արժեհամակարգում սեռական բնույթի հայհոյանքը ծանրագույն վիրավորանք է:

«Չաթլախ» բառով (Մալխասեանցի բառարանով. թուրքերենից` ճեղք եւ/կամ կանացի սեռական օրգան) վիրավորանքը սեռային խտրականություն ունի կարծես. ասես կանանց ստորադասում են այդով, սակայն հիշելով, որ մեր առօրյա կյանքում տղամարդու սեռական օրգանի ժողովրդական անվամբ էլ պակաս չեն անվանարկում կամ վիրավորում կամ գնահատում այս կամ այն պաշտոնյային, պիտի համարենք, որ սեռական օրգանների անվանումների հայաստանյան օգտագործման մեջ իրականում սեռային խտրականություն չկա, ինչը շեշտված առկա է ռուսական մշակույթում: Այնտեղ կանացի սեռական օրգանի անվանումից կազմված ածական եւ դերանվանական հայհոյանքները, ինչքան էլ զարմանալի կթվա, հիմնականում դրվատական իմաստ ունեն, իսկ տղամարդու սեռական օրգանների անվանումներից սերված ածականները եւ դերանունները, բացարձակ` վիրավորական: Երեւի մաքսային գերության շրջանակներում օրենսդրություն փոփոխելիս խորհրդարանն ու կառավարությունը, լսելով Հայաստանի մաքսային գլխավոր գործակատարի հրահանգը, համատեղ սխոդկա կանեն ու կորոշեն քրեական լեզվաբանությունը հարմարեցնել հյուսիսային կանոններին, ու այդուհետ Ռուստամյանի արտաբերած բառը կունենա շատ դրական եւ քնքշալի դրվատական նշանակություն:

Սակայն, հիմքեր կան ենթադրելու, որ բանը դրան չի հասնի: Դատելով խորհրդարանական ընդդիմության կամ այլընտրանքային ուժերի ներկայացուցիչների սեռական բնույթի հայհոյանքների (Ա.Ռուստամյանից Հ.Թովմասյանին) կամ դրանց հավասարեցված մտքերի (Մ.Գրիգորյանից Կ.Ավագյանին) հաճախականացումից, եւ հարակից լարումներից (պարտադիր կենսաթոշակային ջեբկրություն, գազի բազար եւ այլն) ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում … քաղաքական դաշտում: Տպավորություն կա, որ ոչ իշխանական ուժերը քաղաքական դաշտում շատ տարբեր պատճառներով չպարպած էներգիան սուբլիմացնում են սեռական բնույթի բանահյուսության, ու դա հղի է հրաբխային լիցքերով. համբերության ցիստեռնը լցվել է: Թե ինչո՞ւ, հիմա դա էական չէ, թե ով ինչ պաշտոն է ուզում կամ արդեն չի ուզում, դա էլ էական չէ: Հիմա իշխանություն չունեցողներն ու անգամ ունեցողների մի մասը մի կերպ, գերմարդկային ջանքերով  կարողանում են զսպել իշխանության բազմաթիվ պաշտոնյաներին ասվող ամեն մտքի պոչից բերաններից դուրս թռնող սեռական հայհոյանքները, ասենք. «Այդ գազի պարտքը որտեղի՞ց առաջացավ, այ չաթլախներ…»: Քանի հոգի, որ համանման միտք չի տածել կամ արտահայտվել վերջին երկու-երեք ամսում` թող առաջին քարով զարկի մեղավորիս:

Եւս մի քանի համապատասխան առիթ ու` դրանց դեմերեսին հնչած հրապարակային թունդ հայհոյանք, եւ հասարակական ընկալումների մեջ Հայաստանը արնաքամ անող այս ռեժիմի դեմ հեղափոխությունը կսկսվի ընկալվել անհամեմատ հեշտ մի բան, քան այդ «հեղափոխություն» բառի թողած տպավորությունն է հարմարվող ազգաբնակչության վրա: Երբ իշխողների արժեհամակարգի սրբություններին են տշշում, հասարակական տրամադրություններն անհամեմատ արագ են սկսում փոխվել, քան գրագետ քննադատությամբ: Սեռական բնույթի հայհոյանքի հրապարակային արտահայտումը այսօրինակ հոտած մթնոլորտում կարող է վերածվել ճակատագրականորեն ազդեցիկ գործիքի, ավելի զորավոր մի բանի, քան տնտեսության անկման, երկրի սնանկացման, խայտառակ գաղթի, պետական դավաճանության եւ հանրային միջոցների հափշտակության մասին գրավոր կամ բանավոր հազարավոր վերլուծականները: Այս սրացումները հուշում են, որ ավարտվել է խոսակցությունը այդ իշխանությունների հետ, կամ արդեն ավարտվում է:

Իսկ Հրայրը` Թովմասյան, ինչքան էլ շատերը հիացան նրա ստացած գնահատականով, երեւի ամենաանարժանն էր ամբողջ իշխանական թայֆից` իր, համեմատաբար, կիրթ լինելու բերումով: Եւ ակնհայտորեն Ռուստամյանը իշխանության թույլին ջոկեց` ոչնչացնելու համար, գուցե կարողացավ հազիվ դիրիժորին բան հասկացնել. շատերը` հենց նույն խորհրդարանից եւ կառավարությունից, այնպիսի բաներ են թույլ տվել իրենց, որ բազմապատիկ կարող էին հրապարակայնորեն արժանանալ այդօրինակ գնահատականների, բայց չեն արժանացել, որովհետեւ իրենց արժեհամակարգը անհամեմատ պաշտպանված է ժելեած չոլկեքով եւ զինված հումանոիդ-բուլդոգներով: Ռուստամյանը գիտե հաստատ, չիմացողների համար. եթե բանը հասել է սեռական հայհոյանք տալուն, ապա` դիրիժորին պիտի տալ, եւ ոչ թե ֆլեյտահարին, որովհետեւ չաթլախության  սիմֆոնիկ նվագախմբի պարտիտուրան միայն դիրիժորի հանձնարարությամբ է բաժանվում երաժիշտներին: Ֆլեյտահարին հայհոյելը իսկապես մանրուք է Չաթլախության տեսության մեջ:

Լեւոն Բարսեղյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել