ՏՈՏԱԼ բառը մեր գիտակցության մեջ առաջին հերթին զուգորդվում է, թերևս, ֆուտբոլի հետ: Սակայն ինձ համար այդ բառն արդեն ստացել է մի շատ ավելի ընդարձակ ու կարևոր համատեքստ` ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՏՈՏԱԼ ԱՐԹՆԱՑՈՒՄ: Տոտալ, քանի որ այն մեծ արագությամբ թափանցում է մեր կյանքի բոլոր ոլորտները: Մի տեղ` մի քիչ շատ, մի այլ տեղ` մի քիչ պակաս թափով ու ողջախոհությամբ, բայց ոչինչ, մեկ է` տոտալ է ու առողջ:

Ամեն անգամ ինչ-որ տձև ու տհաս չորքոտանիների հերթական բեսպրեդելի մասին լսելիս մտածել ենք` նորից անպատիժ են մնալու, ՄԱՐՍԵԼՈՒ են, որովհետև ՈՐՈՃՈՂՆԵՐԻ ենթադասին են պատկանում ու գերազանց ՄԱՐՍՈՂՈՒԹՅՈՒՆ ունեն. բնության մի հատված կործանող հերթական ՕԲԵԿՏԻ կառուցման առիթով ասել ենք` սրա դեմն առնել չի լինի… Դա` ընդամենը ամիսներ կամ մի-երկու տարի առաջ: Իսկ հիմա մեր աչքի առջև դրամատիկ փոփոխություններ են կատարվում: Էդ ՈՐՈՃՈՂՆԵՐՆ էլ առաջվա գերազանց ՄԱՐՍՈՂՈՒԹՅՈՒՆԸ չեն ունենալու…

Ինչքան էլ փորձենք վատատես լինել կամ մեզ ստիպել` հանել վարդագույն ակնոցները, մեկ է, չենք կարող ժխտել ՏՈՏԱԼ ԱՐԹՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԵԼՔԻ իրողությունը: Ես անկեղծորեն կարծում եմ, որ իր երկրին տեր կանգնող առողջ ու անհաղթելի սերունդ է մեծանում: Այդ սերունդը աստիճանաբար անտարբերությունը փոխարինում է գործուն սրտացավությամբ ու արատավոր երևույթների նկատմամբ անհանդուրժողականությամբ, իսկ ազգային փուչ սնապարծությունն ու անցյալի դոշծեծոցը` ճշմարիտ հայրենասիրությամբ ու ազգային արժեքները ճանաչելու ձգտումով:

Մնում է մաղթել, որ մեր երիտասարդների ավյունը երբեք չթուլանա, որ նրանք միշտ մնան այսպես ուժեղ, սրտացավ, խելացի ու, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ, Թ Ա Ս Ի Բ Ո Վ… Բոլորս պիտի համախմբվենք և բորենիների տնօրինությունից ետ խլենք մեր հայրենիքը:

Ու շատ կարևոր է, որ այդ ակտիվությունը միշտ կառավարվի խելամիտ մարդկանց կողմից, որպեսզի որոշ ուժեր չկարողանան այդ կենարար հոսանքը ծռել դեպի իրենց ջրաղացը  և քաղաքական ուղղվածություն տալ դրան: Սա պետք է լինի ծայրահեղորեն ապաքաղաքականացված պայքար:

Հրաչ Մարտիրոսյան, 03.07.2012, Լեյդեն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել