Արթուր Պետրոսյան. Բեռնար Շալանդն այն մարզիչն է, ով… (Տեսանյութ)Armsport.am-ը գրում է.

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արթուր Պետրոսյանը շատ լավ ծանոթ է Հայաստանի ազգային թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդին: Պետրոսյանը, ով ներկայումս գլխավորում է «Ցյուրիխի» երիտասարդական թիմը, 2007 թվականին նույն ակումբում աշխատել է փորձառու մասնագետի հետ:

Armsport.am-ի հետ զրույցում, Արթուր Պետրոսյանն այսպես բնութագրեց Շալանդին.

«Շվեյցարիայում Շալանդին շատ լավ են ճանաչում, քանի որ նա մեծ հաջողություններ է արձանագրել այստեղ: Երկար տարիներ հաջողությամբ գլխավորել է Շվեյցարիայի երիտասարդական հավաքականը, ապա ակումբներում է ունեցել հաջողություններ: Եվրագավաթներում նրա գլխավորությամբ եղել են տպավորիչ արդյունքներ:

Ո՞վ Հայաստանի նոր մարզիչը. եթե համառոտ, ապա Բեռնար Շալանդն այն մարզիչն է, ով «Ցյուրիխին» առաջին անգամ դուրս է բերել Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշար: Կոնկրետ Չեմպիոնների լիգայում, դա միակ դեպքն է եղել, երբ «Ցյուրիխը» ելույթ է ունեցել խմբային մրցաշարում»:

Օրերս Բեռնարդ Շալանդը հեռախոսազրույց է ունեցել Արթուր Պետրոսյանի հետ.

«Բնական է, նա ինձանից տեղեկություններ հարցրեց Հայաստանի, հայկական ֆուտբոլի մասին: Ես նշեցի, որ Հայաստանի հավաքականը գլխավորելը՝ շատ լավ տարբերակ է: Տրամադրեցի նրան անհրաժեշտ տեղեկություններ՝ մեր երկրի, մեր ֆուտբոլի մասին: Բնականաբար, վերջնական որոշումը Շալանդին էր»:

Արթուր Պետրոսյանը կարծում է, որ Շալանդը կարող է հաջողություններ ունենալ Հայաստանի հավաքականում.

«Նա շատ էմոցիոնալ մարզիչ է, մեծ ապրումներ է ունենում խաղի ընթացքում: Նրա գլխավորած թիմերը հանդես են գալիս կարճ փոխանցումներով, ցուցադրում են հարձակվողական ֆուտբոլ: Ես միայն ուրախ եմ, որ նա է գլխավորելու Հայաստանի հավաքականը: Նա մեծ փորձ ունի եւ բավական երկար ճանապարհ է անցել մարզչական ասպարեզում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել