Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը փետրվարի 22-ին համացանցում տեղադրել է իր նոր տեսահոլովակը: Երգը կոչվում է «Քեզ խաբել եմ»:

Ընդամենը մեկ օր անց շրջանառության մեջ է հայտնվել նմանատիպ երաժշտությամբ մեկ այլ տեսահոլովակ: Երգը կատարում են Դանի եւ Կրիստի անուններով ռուս երեխաներ, վերջիններիս երգը կոչվում է «Любовь сильней»: Հայկական լրատվական կայքերն անմիջապես ողողվեցին Լիլիթի հասցեին մեղադրական նյութերով՝ «Լիլիթ Հովհաննիսյանը գողացել է», «Լիլիթի նոր երգը պլագիատ է» եւ նմանատիպ այլ ամպագոռգոռ վերնագրերով: Երգչուհին որոշել էր չպատասխանել մեղադրանքներին, սակայն մեզ հաջողվեց կապվել նրա հետ եւ պարզել խնդիրը։

Լիլիթը պարզաբանեց. «Նախ կուզենայի նշել, որ երգը գողացված կամ պլագիատ կարող է համարվել այն դեպքում, երբ կատարողը երգում է այդ երգը առանց հրապարակելու հեղինակի անունը կամ հրապարակում է մեկ այլ հեղինակի անուն, իսկ այս երգի երաժշտության հեղինակի՝ վրացուհի Մաիկո Կաչկաչիշվիլիի անունը ես հրապարակել եմ թողարկման առաջին իսկ վայրկյանից։ Այսինքն՝ անգամ մեծ ցանկության դեպքում ինձ պլագիատ անելու մեջ մեղադրելը պարզապես անհնար է։ Չնայած այս երգի հեղինակը կարող է երգի կատարման իրավունք տալ ում կցանկանա եւ քանի հոգու կցանկանա, այնուամենայնիվ ես, տեսնելով երեխաների տեսահոլովակը, այն անմիջապես ուղարկեցի երգի հեղինակին՝ ճշտելու համար, թե արդյոք նա տեղյա՞կ է, որ իր երգը կատարում են նաեւ նրանք: Մաիկոն շատ զայրացավ եւ ասաց, որ առաջին անգամ է տեսնում ու լսում այդ մասին: Նա պատմեց, որ 3 տարի առաջ հենց ինքն է կատարել այդ երգը եւ «դեմո» տարբերակը տեղադրել համացանցում:

Երգի հեղինակը ենթադրում է, որ Դանիի եւ Կրիստիի պրոդյուսերները միայն այդ ճանապարհով կարող էին ձեռք բերել իր գրած երաժշտությունը։ Մաիկոն նաեւ նշեց, որ անմիջապես զբաղվելու է նրանց՝ պրոդյուսերներին պատասխանատվության ենթարկելու հարցով: Մաիկոն անգամ համացանցում ներբեռնում է փոքրիկ տեսանյութ, որը կհաստատի այս խոսքերս»։ Լիլիթը հավելեց. «Ես ունեմ պայմանագիր YouTube եւ Fullscreen ընկերությունների հետ, իմ YouTube-ի պաշտոնական ալիքն ունի 21 միլիոնից ավելի դիտում, եւ այսքան ժամանակ չի գրանցվել ոչ մի խախտում կամ դիտումների արհեստական լցոնում: Հենց այդ պատճառով ես արժանացել եմ նրանց մեծ վստահությանը եւ ունեմ որոշակի առավելություններ: Երբ տեսագրում էի նոր՝ «Քեզ խաբել եմ» տեսահոլովակս, YouTube-ից ստացա մի նամակ, որտեղ ասվում էր, թե կայքում արդեն կա նմանատիպ երաժշտությամբ տեսահոլովակ՝ մկնիկի մեկ հարվածով ես կարող էի այն ջնջել, սակայն չարեցի դա, երեխաներին չնեղացնելու նպատակով: Կարծում եմ, այսքանով այս խոսակցությունները կավարտվեն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել