«Ուկրաինան Ռուսաստանի ավագ եղբայրն է»,- ասել է Բժեզինսկին՝ իր ելույթներից մեկում: Այն քաղաքական հասունությունը, որը դրսևորում է ուկրաինացի ժողովուրդը՝ իբրև դեմոկրատական արժեքների կրող, իբրև սահմանադրական երկիր (ի դեպ, սահմանադրությունն իբրև ոչ միայն ինստիտուցիոնալ, այլև գաղափարական արժեք) կերտելու ձգտում ունեցող հանրություն, որն ի վիճակի է և ունի կամք գնալու կոմպրոմիսային ճանապարհով, հենց հիմք է տալիս այդ երկիրը դիտարկել իբրև սլավոնական աշխարհի դրոշակակիր, որն իր օրինակով կարող է բոլորին վարակել արևմտյան արժեքներով: Ըստ էության՝ Ուկրաինայի հեղափոխական հակումներն են Բժեզինսկուն դրդել նման կարծիք արտահայտել, և այդպիսի կարծիքը գոյություն կունենա այնքան ժամանակ, քանի դեռ այդ կրքերը արևմտյան կենսաձևի արդյունք է կամ հակառուսական տրամադրությունների ծնունդ: Սակայն հենց հանրության կամքի արտահայտման օրինակներն ու հնարավորությունները շատ հաճախ դառնում են այդ երկրի արտաքին քաղաքական կողմնորոշման փոփոխության հիմք, և այդ կողմնորոշման լեգիտիմությունը գալիս է հենց այդ տրամադրություններից: Այսպիսի իրավիճակը հասունացնում է դեմոկրատիայի սահմանման կոնկրետ նախադեպային փիլիսոփայական մոտեցում. եթե դուք ընտրություններից առաջ ինքներդ ձեզ հարցնեք, թե ով կընտրվի, և չստանաք դրա միանշանակ պատասխանը, ապա դուք գործ ունեք դեմոկրատական ռեժիմի հետ: Ռուսաստանի պարագայում, օրինակ, դա մշտապես հայտնի է, իսկ ահա Ուկրաինայի պարագայում՝ ոչ երբեք, ավելին՝ Ուկրաինայում նույնիսկ իշխանության ձևավորման ժամանակ, դուք կարող եք նույնանման հարցադրում անել, օրինակ՝ արդյոք այս իշխանությունը կմնա մինչև հերթական ընտրություններ և, հավանաբար, կվարանեք միանշանակ պատասխանել: Ահա, այս իրականությունը Կրեմլում սկսել են հասկանալ, նրանք լավ են գիտակցում, որ արժեքային-գաղափարական առումով Ուկրաինան եվրոպական է ու, հետևաբար, հանդես են գալիս այդ երկիրը մասնատելու քաղաքական որոշմամբ: Ռուսաստանը չունի ռեսուրսներ այդ մեծ երկիրը «պահելո» համար, ուստի այն չի կարող թույլ տալ նրա հակակշռումը: Մեթոդաբանական առումով ռուսները դիմում են կոնտրսիմվոլիզմի օգնությանը, որը շատ բարդ քաղաքական հարցեր է լուծել (հիշենք Ներուի գրագետ ազատագրական պայքարը Բրիտանիայի դեմ), և նրանք օգտագործում են արևմտյան բաժանման գեոստրատեգիան: Ղրիմը դրա համար շատ հարմար տարածք է, որն ունի անկայունացման առնվազն 2 «ռեսուրս».
1.Էթնիկ կազմը. բնակչության գրեթե 60 տոկոսը ռուս է, իսկ 10-12 տոկոսը՝ թաթար, որոնք նույնպես հանդես են գալիս ինքնավարության պահանջով, որից բխում է զանգվածային մոբիլիզացման հնարավորությունը,
2. Աշխարհագրական դիրքը. հենց այստեղ էլ առկա են կոնտրսիմվոլիզմի տարրեր, որովհետև ԱՄՆ աշխարհաքաղաքականության գլխավոր ճարտարապետներից Բժեզինսկին տարածքների նվաճման համար (այստեղ խոսքը, հասկանալի է, ազդեցության մասին է) ամենահարմար միջանցք նշել է կղզիները, թերակղզիները, որոնք գոտևորում են նպատակային տարածքները: Ղրիմը, բնականաբար, շրջապատված լինելով ծովով, ավելի հեշտ խոցելի է դառնում, որովհետև նրան «պաշտպանող» տարածքներ չկան: Այն կարելի է շրջափակել և ճնշել, օրինակ, նավատորմի առկայությունը: Ռուսաստանը նույնիսկ շատ հեռուն է գնացել՝ ընդունելով օրենքի նախագիծ, համաձայն որի՝ ՌԴ նախագահն իրավունք ունի այլ պետության որևէ տարածքի բնակչության՝ Ռուսաստանին միանալու մասին դիմումի հիման վրա դիմել Դաշնային խորհրդին, Պետդումային, Կառավարությանը՝ այդ հարցը քննարկելու նպատակով: Այնպես որ, Ուկրաինայում կոնֆլիկտը թեև ներքին կայունացման փուլ մտավ, սակայն արտաքին ազդեցությամբ էսկալյացիան դեռևս մնում է օրակարգային: Եվ հենց ռուսական կոնտրսիմվոլիզմն էլ Արևմուտքին կարող են դրդել ավելի կոնսունակ սիմվոլներ մշակելու և զրկելու մոսկովյան ստրատեգիան կենսունակությունից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել