1916 թ.-ի ցրտաշունչ փետրվարը ճակատագրական եղավ Մերի անունով փղի համար: Այդ ամսին Չարլի Սփարքի շրջիկ կրկեսը ժամանեց Թենեսի նահանգի Քինգսփորթ քաղաք: Մերին կրկեսային բազում համարների աստղն էր: Նա նաև կրկեսի բեյսբոլի թիմի չեմպիոններից էր: Իրենց գործունեությունը գովազդելու համար կրկեսի անձնակազմը գլխավոր փողոցում շքերթ կազմակերպեց: Մերիին, ով հետագայում հայտնի դարձավ Մահաբեր Մերի մականունով, տանում էր 38-ամյա Ուոլթեր Էլդրիջը: 

Պարզվեց, որ Էլդրիջը նորեկ է: Նա միայն նախորդ օրն էր միացել կրկեսին և փղերի հետ շփվելու փորձ չուներ: Սակայն դա մտահոգվելու առիթ չէր: Նա լավ գլուխ կհաներ գործից, եթե կարողանար պատշաճ կերպով օգտագործել փղերին վարժեցնելու փայտիկը: Սա իրականում ոչ թե հասարակ փայտիկ է, այլ նիզակաձև եզրով երկար ձող: Այս դաժան գործիքը սարսափեցնում է տանջահար կենդանիներին: Վարժեցնողներն այդ գործիքը օգտագործում են, որպեսզի ստիպեն փղերին տարբեր հնարքներ կատարել: Վարժեցնողները այս հսկայական կենդանիներին բզում են այնքան ժամանակ, մինչև նրանց մոտ առատ արնահոսություն է սկսում: Ի վերջո, նրանք կատարում են վարժեցնողի ցանկացած հրահանգը՝ այդ ձողի հարվածներից խուսափելու համար: Մերիին ևս այդ ձողով էին վարժեցրել: Նա պատրաստ էր հնազանդվել Էլդրիջի ցանկացած հրահանգին, քանի դեռ նա իր ձեռքում էր պահում ձողը: Ամեն դեպքում Էլդրիջին այդպես էր թվում: Ցավոք սրտի, այդ ճակատագրական օրը Մերին տառապում էր թարախակալած ատամի ցավից: Նա կանգ առավ շքերթի ընթացքում մի կտոր ձմերուկի կճեպ ծամելու համար: Այդ պահին Էլդրիջը ձողով խոցեց նրան, որպեսզի այս կերպ ստիպեր նրան առաջ շարժվել: Ձողը կպավ փղի ցավոտ տեղին:   

Ասում են, որ փղերը կատաղությունից կարող են ակնթարթորեն գժվել: Հենց այդպես էլ եղավ Մերիի դեպքում: Նա կնճիթով հարվածեց Էլդրիջին, գետնին տապալեց նրան և քայլեց նրա գլխի վրայով: Այս ամենը կատարվեց ընդամենը մի քանի վայրկյանում:  Ըստ ականատեսներից մեկի՝ ողջ փողոցը ողողվեց արյունով: Շատերը գուցե մտածեն, թե ամբոխը և կրկեսի անձնակազմը պետք է որ Մերիին սատարեին, սակայն խոսքը վերաբերում է 1900-ականներին, իսկ այս իրադարձությունները  կատարվում էին մի այնպիսի քաղաքում, որտեղ իշխում էր ամբոխը: Մարդիկ, անշուշտ, չէին հապաղում սևամորթներից դատաստան տեսնել այնպիսի «հանցանքների» համար, ինչպիսիք են սպիտակամորթի հետ կռվելը կամ վատ բնավորություն ունենալը: Այսպիսով, փղի հանդեպ խղճահարության մասին խոսք անգամ չէր կարող լինել:  

Ինչպես կարելի էր ակնկալել, ամբոխը զայրագին կոչեր սկսեց հնչեցնել: Մինչ մոլեգնած ամբոխը գոչում էր «Սպանել փղին, սպանել փղին», Մերին հանգիստ կանգնած էր: Սարսափահար ականատեսները ճչացին և փախան դեպքի վայրից: Տեղի դարբինը մի քանի անգամ կրակեց փղի վրա, սակայն չկարողացավ վնասել հաստակաշի փղին: Անգամ կրկեսի սեփականատեր Չարլի Սփարքը չխնայեց Մերիին: Նա որոշեց սպանել նրան՝ ամբոխին հանդարտեցնելու և այլ քաղաքներում անցկացվելիք ներկայացումները չհետաձգելու համար: 

Հենց որ նա կայացրեց փղի վերջը տալու որոշումը, նա վճռեց մինչև փղի վերջին շունչը օգուտ քաղել նրանից: Այսպիսով, նա շոուի վերածեց փղի սպանությունը (փղերը կարող են զգալ, երբ ուտելիքի մեջ թույն է լցված լինում, իսկ էլեկտրաշոկը տարածված չէր այդ փոքր քաղաքում): Որոշ մարդիկ առաջարկում էին ճզմել փղին երկու շոգեքարշների միջև գցելով: Մյուսներն առաջարկում էին նրա գլուխը և ոտքերը կապել գնացքներից, որոնք պետք է ընթանային հակառակ ուղղություններով: Այս կերպ փղին ողջ-ողջ կանդամահատեին:  

Ի վերջո Սփարքը կանգ առավ փղին կախաղան հանելու տարբերակի վրա:  Կրկեսի հաջորդ ներկայացումը պետք է տեղի ունենար Էրվին քաղաքում, որտեղ 100-տոննայանոց կռունկ կար, որն օգտագործվում էր գնացքներ բարձրացնելու համար: Դա հենց այն էր, ինչ Սփարքին հարկավոր էր փղի սպանության համար: Սփարքը կռունկի սեփականատերերի հետ համաձայնության եկավ այն մասին, որ կթույլատրի բոլոր ցանկացողներին անվճար դիտել կախաղան հանելու գործընթացը, եթե նրան անվճար տրամադրեն կռունկը: Կախաղանի օրը Մերիին տարան երկաթուղու բակը՝ կրկեսի մյուս 4 փղերի հետ միասին: Նրա գլխի շուրջ մի շղթա գցեցին: Նրա ոտքերից մեկը կապեցին ռելսից, որպեսզի նա չկարողանար փախչել: Հենց որ կռունկի օգնությամբ սկսեցին փղին բարձրացնել, բարձր ճռռոց լսվեց: Կախաղան հանող «հանճարները» մոռացել էին Մերիի ոտքի շղթան արձակել: Նրա ոսկորները շրխկոցով կոտրվեցին:

Սակայն սա դեռ ամենը չէ: Վրիպումների ողբերգական կատակերգությունը դեռևս շարունակվում էր: Փղին բարձրացրել էին 1.5 մետր, երբ շղթաներից մեկը կոտրվեց: Փիղը տապալվեց գետնին և անմիջապես կոնքազդրային կոտրվածք ստացավ: Մերին սոսկալի ցավերի մեջ էր, քանի որ նրա պարանոցին մի ավելի ամուր շղթա էր փաթաթաված:

Չկորցնելով իրենց՝ կախաղան հանողները նորից գործի անցան: Մերիին շատ վերև բարձրացրին: Սոսկալի էր տեսնել կախ ընկած ոտքերով տանջահար կենդանուն: Մերին դանդաղորեն խեղդամահ եղավ: Հանդիսատեսը գոռում-գոչում էր և ծիծաղում անգամ այն ժամանակ, երբ փիղն աղիողորմ ճիչեր էր արձակում: Նրան կես ժամ այդպես կախված թողեցին, իսկ կես ժամ հետո անասնաբույժը հաստատեց, որ փիղը մահացել է:   

Շատերը կասկածում են, որ Մերիի սահմռկեցուցիչ վախճանի մասին վկայող լուսանկարը կեղծ է: Այնուամենայնիվ, այդ ժամանակի այլ լուսանկարների հետ համեմատությունը վկայում է այն մասին, որ այս լուսանկարը, ամենայն հավանականությամբ, իրական է: Ասում են, որ հողափոր մեքենայի օգնությամբ Մերիի համար գերեզման են փորել, սակայն պարզ չէ, թե կոնկրետ ինչ է պատահել փղի դիակի հետ: 

Վերջապես հասանք պատմության ամենասրտաճմլիկ մասին: Երբ կրկեսը պատրաստվում էր հեռանալ, փղերից մեկն առանձնացավ մնացած կենդանիներից և փախավ դեպի այն վայրը, որտեղ Մերիին կախաղան էին հանել: Այդ փիղը հավանաբար կրկնօրինակում էր վայրի փղերին, որոնք վերադառնում են իրենց ընտանիքի մահացած անդամների ոսկորների մոտ: Հնարավոր է նաև, որ այդ փիղը պարզապես որոնում էր Մերիին: Ինչ էլ որ լինի, Մերին այլևս չկար: Միակ մխիթարանքն այն է, որ մահը վերջ դրեց նրա տառապանքներին ու նվաստացումներին:    Կարդացեք նաև, թե ինչպես են փղերին տանջում մեր օրերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել