Shushan petrosyan newsՍիրելի՛ Շուշան, դիմում եմ Ձեզ որպես պատգամավորի, որպես մշակութային վաստակավոր գործչի ու որպես հայ մարդ-քաղաքացու: Ամիսներ առաջ Դուք վրդովված խոսում էիք Գառնու տաճարի մոտ սրճարան բացելու մասին՝ խոստանալով, մեջբերում եմ, ամանորյա եռուզեռից հետո ինչ-որ բան ձեռնարկել ու խնդիրը բարձրաձայնել ԱԺ-ում: Պատկերացրե՛ք՝ ես հավատացի Ձեզ: Բայց այսօր կարծես թե մշակութամայրը փեշերը փռել է այդ հակամշակութային նախաձեռնության վրա, բահը տվել վանդալների ձեռքն ու ... մի խոսքով, կարծում եմ՝ Դուք ինձանից լավ գիտեք: 
Այժմ հարց, իսկ ո՞ւր մնաց Ձեր խոստումը, մի՞թե Ձեզ մոտ ամանորյա տոները դեռ չեն ավարտվել... ախր քանի դեռ դուք տոնում եք, էն մնացածը մեր դարավոր մշակույթը հողին են հավասարեցնում... Խոսե՛ք վերջապես:

Շարունակելով միտքս՝ դիմում եմ մտավորականներին, եթե այդպիսիք դեռ մնացել են, դիմում եմ մշակութային գործիչներին, «վաստակավորներին» ու դեռ նոր «վաստակողներին»: Լսե՛ք, ո՞ւր եք նայում դուք բոլորդ... Դուք գոնե հասկանո՞ւմ եք՝ ինչ ասել է մշակույթ: Ախր մշակույթը քռչոտ տեսահոլովակները չեն, լալաթոթով երգերը չեն, պորտացնցուղ պարերը չեն, ու ոչ էլ մանկամիտ սերիալային դերերն են... 
Հասկացե՛ք վերջապես. դուք իրավունք ունեք ձեր բերանները բացել ոչ միայն «վետերոկներում» կենացներ քաղցրացնելու համար, դուք նույնպես էս երկրի քաղաքացին եք, էս դարավոր մշակույթի կրողը: Լավ, ձեզ ընդհանրապես չի՞ հուզում Գառնին ու մնացած բոլոր կոթողները, որոնք անխնա ապականվում են...

Մի հատ կողմնորոշվե՛ք վերջիվերջո, թե ով եք դուք՝ մեր մշակույթի կրողն ու պահպանո՞ղը, թե էդ նույն մշակույթը ռեստորանային մակարդակում անխնա բռնաբարողը...

Կողմնորոշվե՛ք ու խոսե՛ք, ի սեր Աստծո, կամ հավերժ պապանձվեք՝ ազատելով մեզ ձեր տխուր ներկայությունից...

Կից նյութն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել