Եղբայրք մարդիկ, ես շատերի նման դեգերումների մեջ չեմ: Վաղուց արդեն կողմնորոշվել եմ և ընդմիշտ հաստատվել Հայրենիքում:
Ես ծնվել ու կյանքիս մեծ մասը ապրել եմ օտարության մեջ: Ամբողջ կյանքիս ընթացքում միայն պառակտումների ականատեսը եղա: Սփյուռքում կային ավանդական կուսակցություններ, երբ Հայաստանում միայն մեկ կուսակցություն էր իշխում: Սփյուռքահայը ուներ եկեղեցական տարբեր ճյուղեր, երբ Հայաստանում անգամ մեկ եկեղեցին կարգին չէր գործում, հավատացյալին էլ հեգնում էին: Սփյուռքում կար ՀայԴատի խնդիր և գործունեություն, իսկ Հայաստանում պայքարում էին, որ ապրիլի 24 եղեռնի օր ճանաչվի: Հեշտ չէր ինձ համար ընտելանալը, երբ ապրելակերպն ու մտածելակերպն այդքան տարբեր են՝ եղեռն տեսած մարդկանց ժառանգների հոգեբանությունն այլկերպ է ձևավորվել: Բայց ես ՎԵՐԱԴԱՐՁԱ Հայրենիք արյան ու հոգու կանչով: Հնարավոր չէր այլևս ապրել Հայաստանից դուրս այդքան արհավիրքների վկա լինելով: Շատ անպատրաստ եկա, ընդամենը մեկ ճամպրուկ ձեռքիս և զավեշտալի գումար /900 դոլար/: Պետք էր սովորել ապրել խաղաղ պայմաններում, երբ մարդիկ արդեն խելքի էին գալիս ու ապագայի նկատմամբ հստակ քայլեր էին ձեռնարկում: Ես հարազատներ չունեի այստեղ, բայց երջանիկ էի, որովհետև հոգեհարազատ միջավայրում էի՝ թեկուզ միայն իր հայկականությամբ գրավող: Ես ամեն օր տեսնում եմ ԱՐԱՐԱՏԸ /սփյուռքահայն ինձ կհասկանա/, այդքան բաղձալի և անհասանելի թվացող...Մեր առասպելական հոգևոր խորհուրդը, որը դեռևս գերության մեջ է: Դեռ տասներկու տարեկանից հասցրել եմ լինել փամփուշտների տակ, եղել եմ հեղափոխական /ՀՅԴ անդամ/, պատերազմի մասնակից, պաշտպանելով հայկական թաղամասերը: Այսօր ես ապրում եմ Հայաստանում, բայց դեռ քաղաքացի չեմ: Ինձ համար ամենածանր բանն է տեսնել հայերի պառակտումը՝ թե կուսակցական, թե հոգևոր, թե այլ գաղափարական առումներով: Ես այդ ամենը արդեն տեսել եմ սփյուռքում, իսկ Հայրենիքում, երբ այն դեռ շրջապատված է իրական թշնամիներով, դա է՛լ ավելի անտանելի է: Ես նախևառաջ ՀԱՅ եմ՝ սփյուռքում ծնված, բայց հայրենադարձ եղած: Հետո, ես Հայ Առաքելական Եկեղեցու զավակ եմ՝ մանկուց եկեղեցում շապիկ հագած ու ծառայած /Երուսաղեմ ուխտի գնացած "հաջի" եմ ես/: Ես ՀՅԴ անդամ եմ եղել երիտասարդ տարիքից, այժմ էլ կրում եմ այդ գաղափարախոսությունը /ընդամենը կուսակցական կյանքից եմ հեռացել, բայց ոչ գաղափարից ու ընկերներից/, ես ազատամարտիկ եմ, բայց ..............ոչ նախկին, և ոչ էլ միայն Արցախյան...Ես ՀՅԴ, Խաչակիրների, ԵԿՄ և այլն անդամությունը այլևս վեր չեմ դասում, քանի իրականում եղել եմ կամ ու կմնամ պարզապես ազգիս մի շարքային զինվոր: Խնդրում եմ այլևս ինձ զերծ պահել ցանկացած պիտակավորումից՝ ես ոչ իշխանամետ եմ, ոչ էլ ընդդիմադիր: Ասել եմ ու կասեմ. ինձ համար Հայրենիքիս ՍԱՀՄԱՆՆ ու երկրիս ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ են կարևոր: Ահավասիկ, մի փորձեք ինձ ներքաշել ոչ մեկ պառակտման մեջ, ոչ մի խժդժություն ինձ այսօր ոգևորել չի կարող: Մենք ունենք կիսատ խնդիրներ, մենք ունենք իրական արտաքին թշնամիներին, որոնք մեր երկրում անկայունությանն են սպասում: Ես խելամիտ քայլեր կամ լրջախոհ ուժեր չեմ տեսնում և, ուրեմն, կմնամ հավասարակշռության ու խաղաղ քայլերի կողմնակից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել