Vahan Khachtryan 1Kinoashkharh.am-ը գրում է.

Կան կինոռեժիսորներ, որոնք ուղղակի էնտուզիաստներ են կամ բնույթով այնպիսին, որ չեն կարող չստեղծագործել։ Նրանց համար էական չէ՝ փող կա, փող չկա. իրենց նման խենթուխելառների են գտնում,  հավաքվում են մի բաժակ սուրճի շուրջը, ու նոր նախագծերի կծիկը կամաց-կամաց սկսում է քանդվել։ Ուզում են ստեղծել իրենց կինոն ու եթե անգամ չեն ընդունվում լայն հանրության կողմից, չեն ընկճվում։ Շարունակում են գրպանների քունջուպուճախը մաքրազարդելով՝ կինոսցենարներին կյանք տալ։ Վահան Խաչատրյանը չորս ֆիլմ է նկարահանել, սցենարների մի տրցակ էլ պահարանում ունի։ Կինոարտադրության մերօրյա դուռծեծոցերին լավ ծանոթ է: Գիտի, որ կինոնախագիծ ֆինանսավորելու համար հովանավորները գլուխ չեն ջարդում։ Բայց և այնպես ձեռքերը ծալած չի նստում. միգուցե մի դուռ  բացվի, ու հայտնվի ժպտադեմ ու սրտաբաց հովանավորը։Վահան Խաչատրյանը համարձակ երիտասարդ է։ Բավական է ասել, թե ինչ կինոնախագիծ է պատրաստվում էկրանավորել. ոչ ավելի, ոչ պակաս՝ «Պեպո»։ Վահանը ձեռնոց է նետում կարծրատիպերին ու կարծրատիպերով առաջնորդվողներին։րծրատիպերին ու կարծրատիպերով առաջնորդվողներին։

 

- Ծով թեմաներ, ազատ մտածելակերպ, ամենաանհավանական գաղափարներ. այսօր կարելի է ֆիլմ նկարահանել ինչ ձևաչափով ու ինչի մասին ուզես: Ինչո՞ւ հետադարձ հայացք Գաբրիել Սունդուկյանին ու արդեն էկրանավորված «Պեպոյին»։

- Սցենարիստ, պրոդյուսեր Ժիրայր Հակոբյանի հետ այլ նախագծի մասին էինք մտածում։ Զրույցի ժամանակ ասաց. «Արի քեզ շոկի մեջ գցեմ։ «Պեպո» ենք նկարելու, համաձա՞յն ես»։ Ես խոսելու ընդունակությունս կորցրեցի։ Ժիրայրին իսկապես հաջողվեց ինձ շոկի մեջ գցել։ Հետո ծանոթացա սցենարի հետ։ Իսկ սցենարն առանցքային կորիզ ուներ՝ հերոսի կորուստ։ Ֆիլմում տեսա «մեր ժամանակների հերոսին», տեսա նաև, որ նա ճիշտ է մատուցված։ «Պեպոն» ինձ հետաքրքրեց մեկ այլ պատճառով. այն անդրադառնում է մեր հասարակության, մեր ժամանակների, բոլորիս համար շատ արդիական խնդիրների։ Ես ոտք չեմ մեկնում Համո Բեկնազարյանի հետ, չեմ ուզում մեր ֆիլմը համեմատել մեր դասական  «Պեպոյի» հետ: Այնտեղ ուրիշ խնդիր է դրված, առաջին պլանում բարաթի հետ կապված պատմությունն է։  Մեր «Պեպոյում» հասարակությունն է առաջին պլանում, մենք՝ բոլորս, մեր կյանքը։ Անգամ ինտերնետ կա ֆիլմում։ Պիեսի ու ֆիլմի շուկայական ասեկոսեների փոխարեն Facebook-յան բամբասանքն է՝ ավելի սարսափելի պատկեր, քան Բեկնազարյանի «Պեպոյում»։

- Սունդուկյանն էլ, Համո Բեկնազարյանն էլ մտածել են, որ մի պատմության օրինակով հասարակությունը տեսնի իր ախտերը։ Բայց նրանք շեշտը դրել են բարաթի դիպվածի վրա։ Իսկ ինչի՞ վրա եք դուք դրել շեշտը։

- Պեպոյի միջոցով ես իմ խնդիրներն ու մտահոգություններն եմ ներկայացնում։ Եթե դրանք արտահայտվեն Վահան Խաչատրյանի շուրթերով, միգուցե ոչ ոք չլսի, բայց Պեպոյին կլսեն։ Իմ խնդիրն այդպիսով կդառնա լսելի։ Ֆիլմում կարևոր դեր ունեն Զիմզիմովն ու Դարչոն։

- Դարչո՞ն։ Պիեսում Դարչոյի կերպարը չկա։ Նրան ներմուծել է Համո Բեկնազարյանը։

- Մեր ֆիլմում Դարչոն առանցքային կերպարներից է։ Նա հրաժարվում է Կեկելից՝ Պեպոյի քրոջից։  Զիմզիմովի ու Դարչոյի միջև կոնֆլիկտի  է ծագում։ Չեմ ուզում սյուժեն ու գործողությունները պատմել, դա էկրանի գործն է։ Ֆիլմի ասելիքներից մեկն էլ այն է, որ մենք քարկոծում ենք Զիմզիմովին,  բայց ոչ ոք չի կարող ասել՝ ինքն ինչպես կվարվեր Զիմզիմովի փոխարեն։ Խնդիրն այն չէ, որ նա Պեպոյին ասում է՝ բարաթը բեր, փողը տամ։ Նա այդ պահանջի համար չի դառնում բացասական կերպար, այլ իր մյուս արարքների, որոնք հիմա չեմ մանրամասնի։ Խնդիրն այն է, որ մենք խոնարհվում ենք փողի առաջ։ Ու մեր ֆիլմում կա փողին երկրպագելու տեսարան։ Մեր «Պեպոյում» անգամ արտագաղթ կա։ Սունդուկյանն իր հերոսի միջոցով մեզ հնարավորություն է տվել թեման ընդլայնել, ընդարձակել, դարձնել ակտուալ բոլոր ժամանակների համար ու այդ թեմայի մեջ դնել նաև մեր խնդիրները։ Ֆիլմը դիտելուց հետո մարդը հետադարձ հայացքով չափելու է իր անցած կյանքը. իսկ ինչպե՞ս է ապրել ինքը, ի՞նչ սխալներ ու բարդույթներ է ունեցել։ Ես ինքս, 34 տարի ապրելով, հետ եմ նայում ու գնահատական տալիս ապրածիս։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել