Lurer.com-ը գրում է.

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիվանդ լինելու և բժշկական հսկողության տակ գտնվելու լուրը իրարանցում է առաջացրել թուրքական սոցիալական մամուլում:

Ինչպես հաղորդում է թուրքական odatv.com կայքը, Էրդողանի բժշկական քննության տակ գտնվելու մասին լուրը Twitter-ի իր էջում հայտնել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) վերջին շրջանում ընդդիմադիր հայացքներով օրակարգում հայտնված նախկին պատգամավոր Ֆեյզի Իշբազարանը:

Նա նշել է, որ այդ մասին ինքը տեղեկացել է փետրվարի 26-ին ժամը 17:00-ից հետո: «Վարչապետը բժշկական քննության տակ է…Կուզեի, որ սուտ լիներ լուրը…Նա շատ ծանր օրեր ապրեց…Թող Ալլահը ների Թայիփ բեյի մեղքերը: Ալլահը ոչ մեկին նման ճակատագրի չարժանացնի: Նա գնաց որպես գող…Խթանիչներով հազիվ այսքան դիմացավ…Վարչապետի առողջությունը պետք է թույլ տա քաղաքականություն և պրոպագանդա վարել: 12-ամյա ԱԶԿ-ը պետք է վերակազմակերպվի և շարունակի ճանապարհը»,-Twitter-ում գրել է ԱԶԿ նախկին պատգամավորը:

Կայքը հայտնել է, որ Էրդողանի և որդու Բիլալ Էրդողանի միջև 1 մլրդ դոլարի հասնող կանխիկ գումարը թաքցնելու մասին հեռախոսային ձայնագրությունների համացանցում հայտնվելուց հետո Թուրքիայի «Ժողովրդի ազատագրության կուսակցությունը» վարչապետ Էրդողանին և Բիլալ Էրդողանին կալանավորելու պահանջով փետրվարի 26-ին հայց է ներկայացրել Անկարայի հանրապետական դատախազություն: ԺԱԿ-ը Էրդողանին մեղադրում է «կազմակերպված հանցագործությունների, կաշառակերության, իշխանությունը չարաշահելու, կոռուպցիայի, ապօրինությունների դեմ պայքարի օրենքին ընդդիմանալու, հանցագործ ճանապարհով ձեռք բերված ունեցվածքը թաքցնելու, արդարադատության վրա ազդեցություն գործելու» մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել