Արվեստի ստեղծագործություննեում բազմիցս արծարծվել է կոտրված սրտի կործանարար ազդեցությունը: Գիտնականներն ասում են, որ իսկապես հնարավոր է մահանալ սիրելիին կորցնելու հետևանքով ստացած տրավմայից: Մի հետազոտության արդյունքներից պարզ է դարձել, որ վիշտը կրկնապատկում է սրտամկանի ինֆարկտ և կաթված ստանալու հավանականությունը: Լոնդոնի համալսարանի գիտնականները ուսումնասիրել են Մեծ Բրիտանիայի հազարավոր բնակիչների բժշկական տվյալները, որոնց մի մասը վերջերս կորցրել էր զուգընկերոջը/զուգընկերուհուն: Նրանք հայտնաբերել են, որ 1000 պացիենտից 16-ը իրենց զուգընկերոջ/զուգընկերուհու մահից հետո 30 օրվա ընթացքում սրտամկանի ինֆարկտ են տանում: Ստացվում է, որ այս մարդկանց շրջանում սրտամկանի ինֆարկտի մակարդակը կրկնակի անգամ ավելի բարձր է, քան այն մարդկանց շրջանում, ում զուգընկերը/զուգընկերուհին ողջ է: Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Internal Medicine ամսագրում: Այդ արդյունքներից պարզ է դարձել, որ ինֆարկտ ստանալու ռիսկայնությունը նվազում է 30 օրից:

Հետազոտական թիմի գլխավոր գիտնական Սունիլ Շահն ասել է. «Մենք հաճախ ենք կիրառում «կոտրված սիրտ» արտահայտությունը՝ մատնանշելու համար այն ցավը, որ մարդ ապրում է սիրելիին կորցնելուց հետո:  Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ սիրելիի կորուստը կարող է անմիջական ազդեցություն ունենալ սրտի առողջության վրա:

Այլ հետազոտություններից ստացված ապացույցներ կան, որոնք վկայում են այն մասին, որ սիրելիի կորուստը և վիշտը մի շարք բացասական հետևանքներ են թողնում օրգանիզմի վրա, այդ թվում՝ արյան ճնշման տատանումներ, հորմոնային խանգարումներ և սրտի խնդիրներ: Սիրելիին կորցնելուց հետո այս ամենի հետևանքով բարձրանում է սրտամկանի ինֆարկտ և կաթված ստանալու հավանականությունը: Մի այլ հետազոտության ընթացքում մենք նաև բացահայտել ենք, որ սիրելիին կորցնելուց հետո մարդիկ մի քանի ամիս շարունակ դադարում են կանոնավոր կերպով ընդունել իրենց կանխարգելիչ դեղամիջոցները, ինչպիսիք են խոլեստերինի մակարդակն իջեցնող հաբերը կամ ասպիրինը»:  

Գիտնականի խոսքերով՝ նման դեղամիջոցների ընդունման կարճատև դադարեցումը կարող է բարձրացնել սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը:

«Կարծում եմ, որ կարևոր է, որ սգավորի բժիշկները, ընկերներն ու ընտանիքի անդամները տեղյակ լինեն սրտամկանի ինֆարկտ և կաթված ստանալու բարձր ռիսկի մասին: Այդ դեպքում նրանք կկարողանան ապահովել համապատասխան խնամք և աջակցություն, որն այդքան կարևոր է սիրելիին կորցնելուց հետո. չէ՞ որ սիրելիի կորստից հետո մարդ ավելի խոցելի է դառնում»:

Հետազոտության համահեղինակ Դոկտոր Իեյն Քերին ասել է, որ սրտանոթային սուր հիվանդությունների հետ կապված ֆիզիոլոգիական և սոցիալական գործոնների ավելի համապարփակ ընկալումը այդ հիվանդությունների կանխարգելման և ավելի լավ բուժօգնության տրամադրման հնարավորություններ կընձեռեն: Սիրելիի կորուստը երկար ժամանակ համարվել է ռիսկային գործոն, որը կարող է հանգեցնել մահվան: 2005 թ.-ին Ջոն Հոփքինսի համալսարանի ամերիկացի գիտնականները պարզել են, որ անակնկալ էմոցիոնալ սթրեսը կարող է ծանր սրտային անբավարարության հանգեցնել, որը նման է սրտամկանի սովորական ինֆարկտի: Այս վիճակը կոչվել է կոտրված սրտի համախտանիշ:   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել