Կատուն այնքան սև էր, որ Արենը որոշեց անունը Կոնֆուցիուս դնել: Եվ կատուն պատճառ դարձավ (դրանից պետք է որ այն մյուս Կոնֆուցիուսը լավ զգար), որ երեխաներն սկսեն Կոնֆուցիուս կարդալ ու չհասկանալ: Կատվին փողոցից էր գտել (ուղղակի կպել էր  ոտքերին) և խղճալով` տուն էր բերել: Երկու տարի, անմռունչ ու անմլավ, կատուն ապրեց մթնող ու լուսացող սենյակների փափկության մեջ` բոլորի հետ, բոլորի պես: Եվ հիմա հիվանդ էր: Մազը թափվում էր, մաշկի վրա բացվող խոցերից ինչ-որ զզվելի հեղուկ էր հոսում: Ցավ կար նրա աչքերի խորքում, այնքան սև, որ ցավը միայն Արենը տեսավ: Բժիշկն ասաց, որ Լաո-Ցզի է սիրում, բայց զննեց Կոնֆուցիուսին ու տարուբերեց գլուխը:

- Անկողինների վրա է նստում, չի կարելի, - ասաց տանտիկինը: Արենը կատվին դուրս տարավ` անցավ գրկելով նրա այլանդակվող վտիտությունը: Ավտոտնակում ստվարաթղթից ու բամբակից օթոց պատրաստեց և կատվին դրեց մեջը: Երեխաներն այլևս  Կոնֆուցիուս չէին սիրում և ոչ էլ` Լաո-Ցզի: Օրը երկու անգամ (աշխատանքից առաջ և հետո) Արենն անհայտ մի սարսուռով բացում էր ավտոտնակի դուռը, կերակրում, սրբում ու գարշահոտ մի քսուքով փորձում էր ամոքել Կոնֆուցիուսի վերքերը: Կատուն նստել էր ուղեղի մեջ ու դուրս չէր գալիս: Արենի անորոշ ու հոգնաբեկ հայացքն անհանգստացնում էր ընկերներին: Բայց ինչպե՞ս բացատրես, որ ինչ-որ կատվի պատճառով սիրտդ ցավում է : Քանի՞սը կհասկանան…

Կոնֆուցիուսը մեռնում էր` անձայն ու արժանապատիվ, ինչպես քչերը մահկանացուներից: Հարևան պարտեզում փոքրիկ հողաթումբն իր մեջ ամփոփեց մի ամբողջ փիլիսոփայություն: Աշխարհում ինչ-որ բան մնաց կիսատ ու անկատար:

Երազում Արենն իրեն տեսավ: Տեսավ ու հիշեց այն փոքրիկ տղային, որ մյուսների հետ, մյուսների նման քար շպրտեց կատվի անճար ձագի վրա ու սպանեց նրան: Հիշեց, որ չէր ուզում, որ հետո թաքուն լաց եղավ, բայց… բոլորի պես էր ուզում լինել… Արենը գիտեր` երազում մեռնող, պատեպատ կպչող կատուն իր խիղճն է, որ եկել է մոռացության խավարից ու Կոնֆուցիուսի կերպարանքով  քարկոծում է սիրտը:

2009

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել