Փաստելով, որ օրվա հայությունը զերծ է ազգային ամբողջականության զգացումից, որով եւ՝ ազգային միության գիտակցումից, նաեւ, լինելով հատվածապաշտ եւ եսակենտրոն՝ առաջնորդվում է նախանձի, հաշվի վրա հենված ներկուսակցական բարոյականով, Տարոնականությունը իբրեւ սկզբունք որդեգրելով ներցեղային բարոյականը՝ ձգտում է արմատախիլ անել ներքին պայքարի ախտը, բովանդակ հայության ուժերը ներքին ճակատից տեղափոխել եւ կենտրոնացնել արտաքին վտանգի դեմ: «Կա՜ արտաքին ճակատը, որի վրա միայն կարելի է արժանապես
հերոսանալ»,- նշանաբանում է Տարոնականությունը: Միաժամանակ, մատնանշելով այն վտանգավոր հանդուրժողականությունը եւ համակերպվելու տրամադրությունը, որ առկա են մեր մեջ ներքին թշնամիների` ստոր, նյութապաշտ, թուլամորթ, հաշվենկատ «հայրենասիրությամբ» հայ կոչվողների ներկայության նկատմամբ, որոնք, ցավոք, հաճախ առաջավոր դիրքեր են գրավում մեր ազգային կյանքում, Տարոնականության գաղափարախոսները գտնում էին, որ անհրաժեշտ է ամենից առաջ ներքին այս արգելքները վերացնել, որպեսզի կարողանանք հաջողությամբ դիմագրավել արտաքին անխուսափելի արգելքները:
Որպես ցեղային միություն դավանող ուսմունք՝ Տարոնականությունը դեմ է «դասակարգային» մտածումին, որ կոչված է մասնատելու ազգային մարմինը: Նա ապադասակարգային ուսմունք է:
- Մի՜ ըսեր «հայ աշխատավորություն», «հայ քաղքենիություն» (բուրժուազիա,- Մ. Լ.), «հայ ավատատեր», «հայ կղեր», ազգը մի՜ պատկերեր ներքուստ պառակտված, այլ ըսե՝ «հավիտենական հայկականություն», «հայություն»,- ուսուցանում է Տարոնականությունը:
Նա ընդամենը ազգային միության քարոզ չէ. վստահ, որ «միությունը կստեղծվի ո՜չ թե կողմերի, հատվածների սակարկություններով, այլ՝ ընդհանուր նպատակի մը, արժեքի մը ենթարկվելու բացարձակ կամքով», Տարոնականությունը սահմանում է այդ ընդհանուր նպատակը (իմա՜ Ցեղի հավերժացումը) եւ ցույց տալիս ընդհանրական հավիտենական արժեքները (իմա՜ Ցեղը եւ Հայրենիքը): Միա՜յն այս գերնպատակի ու ընդհանրական այս արժեքների շուրջ եւ դրանց ծառայելու կամքով է հնարավոր մեր ազգային միությունը:
* * *
Երկու կարեւոր, փոխկապակցված հասկացությունների՝ ազգային զգացումի եւ ազգային գիտակցության վերաբերյալ Տարոնականությունն ունի հետեւյալ բացատրումները:
Ազգային զգացումը արդյունք է ազգային հավաքական էության, եւ առանձին անհատի մեջ հանդես է գալիս իբրեւ այդ հավաքական էությունից փոխանցված մասնիկ: Այս դեպքում, անհատը բնազդաբար զգում է, որ ինքը կապված է մի հավաքականության եւ զգացումի (բնազդի) թելադրանքով ապրում է այդ հավաքականության կյանքով (կենցաղով, բարոյականով եւ այլն):
Ազգի հավաքական գիտակցությունը ձեւավորվում է նրա առանձին անհատների անջատ-անջատ գիտակցությունների միավորումով եւ ամբողջացումով: Անհատի ազգային գիտակցությունը հենվում է նրա ազգային զգացումի վրա. դա է ամենասերտ կապը ազգի առանձին անհատների գիտակցությունների միջեւ: Այս դեպքում, անհատը սկզբում գիտակցում է այն կապերը, որ կապում են իրեն ազգային հավաքականությանը, այն առանձնահատկությունները, որոնցով ինքը տարբերվում է մյուս ազգերից, գիտակցում է սեփական արժեքը ազգերի համալիրում, ապա, գի- տակցաբար կամենում է պահպանել ու զարգացնել դրանք՝ այդպիսով հավերժացնելով իր ազգային անկրկնելիությունը, ամրապնդելով ազգի հավաքական միությունը:
Տարոնական Շարժում. ՀՀԿ, 2002
Նյութի աղբյուր՝ http://hay-geni-haxtanak.blogspot.com/2014/02/blog-post_27.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել