Լուսանկարիչ Քերի Մեյերզը բնակվում է Վաշինգթոնի Դյուվալ քաղաքում: Նա միշտ սիրել է լուսանկարչությունը, սակայն միայն 2008 թ.-ին է հիմնադրել իր սեփական լուսանկարչական ստուդիան: Նախքան այդ, նա տարրական դպրոցի ուսուցչուհի էր: Սկզբնական շրջանում Քերին հստակ չէր կողմնորոշվել, թե լուսանկարչության որ ուղղությունն է իրեն ավելի հոգեհարազատ, ուստի նա նկարում էր հարսանեկան, ամուսնական, ընտանեկան լուսանկարներ: Մի քանի նորածինների լուսանկարելուց հետո նա անմիջապես գիտակցեց, որ լուսանկարչության հենց այդ տեսակն է ամենից շատ գրավում իրեն: Ստորև ներկայացված է նրա հետ անցկացված հարցազրույցից մի հատված:
-Ինչպիսի ՞արդյունքի եք փորձում հասնել ձեր լուսանկարների շնորհիվ:
-Իմ ոճը բավականին պարզ ու հստակ է: Ես փորձում եմ նվազագույնի հասցնել դեկորների օգտագործումը, որպեսզի նորածինը լինի կենտրոնական դիրքում: Ես ցանկանում եմ, որ տարիներ հետո, երբ ընտանիքի անդամները նայեն իրենց երեխայի մանկական լուսանկարին, նույն զգացողություններն ունենան և նույն կերպ սիրեն նրան, ինչպես այն ժամանակ, երբ առաջին անգամ տեսել են իրենց փոքրիկին: Իմ լուսանկարներում հիմնականում բնական երանգներն են գերիշխում: Վերջերս ես շատ փորձարկումներ եմ արել գույների հետ: Ես կարծում եմ, որ կարևոր է նոր բաներ փորձարկել: Դա նպաստում է լուսանկարչի ստեղծագործական աճին:
-Ինչպե՞ս եք կարողանում թարմ շունչ հաղորդել ձեր լուսանկարչական աշխատանքին:
-Իմ հաճախորդներն են մոտիվացնում ինձ: Ամեն անգամ, երբ տեսնում եմ, թե ինչպես են նորածնի ընտանիքի անդամները նրան բերում իմ ստուդիա, ես նոր լիցքեր եմ ստանում: Ես սիրում եմ հանդիպել նոր ծնողների և լսել նրանց պատմությունները իրենց փոքրիկի մասին: Ես հաճույքով համադրում եմ գլխարկները և ծածկոցները ու նորանոր աքսեսուարներ գտնում նորածինների համար: Ես ոգեշնչվում եմ ամենահասարակ բաներից, որ տեսնում եմ ամեն օր: Օրինակ, երբ մի գեղեցիկ ծածկոց կամ կտոր եմ տեսնում, անպայման գնում եմ: Ես հետագայում դրանով բարուրում եմ ինչ-որ նորածնի ու լուսանկարում նրան: Ես մշտապես որոնում եմ նորածնի անմեղությունն ու մաքրությունը իմ լուսանկարներում արտացոլելու նորանոր եղանակներ:
-Դուք հիմնականում աշխատում եք երեխաների հետ: Ինչպե՞ս եք կարողանում նրանց համոզել, որ ձեր ուզած դիրքով կանգնեն կամ նստեն:
-Փոքր երեխաների հետ աշխատելիս ես ամենից առաջ հոգում եմ, որ նրանք իրենց ազատ զգան ինձ հետ և չկաշկանդվեն իմ ներկայությունից: Ես նրանց հետ խաղեր եմ խաղում՝ նրանց հետ մտերմանալու համար: Հենց այդ խաղերի ժամանակ էլ ես կարողանում եմ նրանց լուսանկարել՝ դեմքի ամենաբնական արտահայտությամբ: Ես շատ հազվադեպ եմ փոքր երեխաներին խնդրում հատուկ դիրք ընդունել ֆոտոխցիկի առաջ: Ես լուսանկարում եմ նրանց այն ժամանակ, երբ նրանք զբաղված են իրենց խաղերով:
-Ինչպիսի՞ նախապատրաստական աշխատանք եք տանում՝ նախքան գործի անցնելը:
-Նորածինների հետ ֆոտոսեսիա անցկացնելուց առաջ կարևոր է նախապատրաստական աշխատանք տանել նրանց ծնողների հետ: Ես իմ հաճախորդներից յուրաքանչյուրին մի ցուցակ եմ ուղարկում, որտեղ կետերով նշված է, թե ինչ է պահանջվում նրանցից ֆոտոսեսիայի հաջող ընթացքն ապահովելու համար: Այդ ցուցակի ամենակարևոր կետերից մեկն այն է, որ ծնողները ֆոտոսեսիայի ընթացքում հնարավորինս շատ հաղորդակցվեն իրենց երեխաների հետ, և նախքան ինձ մոտ բերելը նրանց կուշտ կերակրեն: Ես նախապես ընտրում եմ անհրաժեշտ բոլոր աքսեսուարները՝ գլխարկները, ծածկոցները և այլն: Այնուամենայնիվ, ծածկոցի հետ կապված վերջնական որոշում կայացնում եմ միայն երեխայի մաշկի գույնը տեսնելուց հետո՝ նրան առավելագույնս համապատասխան ծածկող ընտրելու համար:
-Ե՞րբ եք ստացել ձեր առաջին պատվերը և ո՞րն է ձեր ամենահիշարժան ֆոտոսեսիան:
-Ես իմ առաջին պատվերը ստացել եմ 2008 թ.-ի աշնանը: Ես ֆոտոսեսիաներից ոչ մեկը չեմ բնորոշի իբրև ամենահիշարժան: Ես սիրով եմ հիշում իմ անցկացրած բոլոր ֆոտոսեսիաները, քանի որ դրանց ընթացքում ես նորանոր փորձարկումներ եմ անում և նորանոր բաներ բացահայտում ինձ համար:
























