1in.am-ը գրում է.
Ամերիկյան Shape ամսագրի հետ հարցազրույցում Շերոն Սթոունն անկեղծացել է, թե ինչպես են վիրաբույժները փորձել իրեն համոզել երիտասարդացնելու դեմքը, և թե որքան դժվար էր ընդունել իր տարիքը:
«Դուք չեք պատկերացնում, թե պլաստիկ վիրաբույժների ինչպիսի հսկայական քանակություն էր փորձում ինձ համոզել դեմքի երիտասարդացում իրականացնել: Դա էթիկային չի համապատասխանում, քանի որ Հիպոկրատի երդումն արգելում է վնաս պատճառել, իսկ նման վիրահատությունները կարող են կործանարար լինել: Դա վատ է»:
Այնուամենայնիվ, դերասանուհին հրաժարվել է դատապարտել նման վիրահատության դիմող մարդկանց:
Տարիքի մասին Շերոնն ասել է. «Գաղափարը, թե երիտասարդությունը գեղեցկություն և գրավչություն հաղորդող միակ բանն է, ճիշտ չէ: Ես չեմ ցանկանում չծերացող գեղեցկուհի լինել: Ես ցանկանում եմ լինել կին, որ գերազանց տեսք ունի իր տարիքում:
Հեշտ չէ ծերանալ: Երբ ես քառասուն տարեկանից մի փոքր մեծ էի, հաճախ էի գինու շշով գնում լոգարան, փակում դուռը և ասում` ես դուրս չեմ գա, մինչև ամբողջությամբ չընդունեմ իմ ներկայիս արտաքին տեսքը:
Ես ուշադիր զննում էի իմ դեմքը և լաց էի լինում: Հետո ինձ ասացի`այժմ դու ծերանալու ես, ինչպե՞ս ես ցանկանում դա անել:
Ես մտածեցի, որ ցանկանում եմ ծերանալ պարողների նման` պահպանելով գեղեցիկ կազմվածքս: Ինձ դուր է գալիս պարել, ինչպես նաև ֆիթնես ակումբ հաճախել»,- ասել է դերասանուհին: