Lurer.com-ը գրում է.
ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ Կրտսերը, ով վերջին տարիներին լրջորեն տարվել Է գեղանկարչությամբ, որոշել Է կազմակերպել իր նկարների ցուցահանդես: Ցուցադրանքը կբացվի ապրիլի սկզբին և տեղի կունենա Դալասում Բուշ Կրտսերի անվան նախագահական կենտրոնում:
Կենտրոնի ներկայացուցիչները հայտնել են, որ «Լիդերության արվեստը. նախագահի անձնական դիվանագիտությունը» խորագրով ցուցահանդեսում կներկայացվի ավելի քան 20 դիմանկար, որոնք նկարել է ԱՄՆ-ի 43-րդ նախագահը: Նախկինում այս գործերը երբեք չեն ցուցադրվել:
Բուշ Կրտսերը գեղանկարչությամբ հրապուրվել Է 2009 թվականին նախագահի պաշտոնից հեռանալուց հետո: Նա նկարում է առավելապես կենդանիներ, նատյուրմորտներ, ինչպես նաև ինքնանկարներ: Անցյալ տարվա վերջին զանգվածային լրատվամիջոցները հաղորդել էին, որ նախկին նախագահը մտադիր է նկարել աշխարհի այն 19 ղեկավարների դիմանկարները, որոնք իշխանության գլուխ են եղել իր հետ միաժամանակ: Առաջինը նա ցանկացել է պատկերել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Հնարավոր Է, այդ կտավներից մի քանիսը ցուցադրվեն արդեն ապրիլին:
«Ես շատ լուրջ եմ վերաբերվում գեղանկարչությամբ զբաղվելուն, այն փոխել է իմ կյանքը: Գեղանկարչությունը հնարավորություն է ընձեռում ստեղծագործության և ինքնարտահայտման համար, և դա ինձ դուր Է գալիս»,-հարցազրույցներից մեկի ժամանակ պատմել Է Սպիտակ տան նախկին ղեկավարը, ով, ի դեպ, իր նկարների վրա ստորագրության փոխարեն դնում Է «43» թիվը: