Շախմատի բարդ մրցաշար էր: Գրոսմայստերը տեղ զբաղեցրեց սեղանի մոտ: Նա լավ գիտեր հակառակորդին, ուսումնասիրել էր նրա նախորդ պարտիաները և որոշեց բարդ պարտիա խաղալ, որպեսզի հաղթանակի հավանականությունը մեծ լիներ:

Երբ նա առաջ մղեց կենտրոնական զինվորին, դահլիճից կանչեցին.
- Նրան ճանաչեցինք, նա կենտրոնամետ է:
Մի որոշ ժամանակ հետո հարկ եղավ առաջ մղել աջ եզրային զինվորին:
- Նա աջ ծայրահեղական է, նա աջ ծայրահեղական է, - ձայներ լսվեցին դահլիճից:
- Նա ֆաշիստ է, անկասկած:

Երբ առաջ մղեց ձախ եզրային զինվորին, նոր ձայներ լսվեցին.
- Նրա դիմակը պատռվեց. նա կեղծ ազգայնական էր: Հեռու մնացեք նրանից:

Ապա գրոսմայստերը խաղի մեջ մտցրեց ձին, փիղը, նավակը:
Դրան արձագանքներ եղան.
- Նա ագենտ է, նա անդրծովյան երկրների կամակատար է:
-Ոչ, նա դավաճան է, ձիաբույծների ու փղաբույծների շահերն է պաշտպանում:

Հետո գրոսմայստերը հակառակորդի համար դարան ստեղծելու նպատակով ետ քաշեց որոշ ֆիգուրներ:
- Նա վախկոտ է, նա փախավ բարիկադի վրայից: Նրա ասածներն այլևս ոչ մեկդ չլսեք ու հաշվի չառնեք,- բորբոքվեցին դահլիճում:

Հետո հարկ եղավ թագուհուն մտցնել խաղի մեջ:
- Օ, նա կնամոլ է, նա կանանց միջոցով է իր գործերն առաջ տանում,- լսվեցին ծաղրական կանչեր:

Խաղավարտին նա կատարեց քայլ արքայով:
- Վերջ, պարզ է, նա իշխանությունների գործակալ է,- բացականչեցին դահլիճից:

Այստեղ խաղի մրցավարն էլ չդիմացավ ու դիմեց դահլիճին.
-Բայց այստեղ մանկապարտեզ չէ, այստեղ շախմատ են խաղում, և ոչ թե ձեր սիրած կռիվ-կռիվը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել