Երբ ես փոքր էի, և ինձ հարցնում էին, թե ում կտամ Նոբելյան մրցանակ, եթե այն ինձ հանձնելու հնարավորություն տրվի, իմ պատասխանը հստակ էր՝ այն մարդուն, ով ստեղծել է պաղպաղակը: Իսկ այժմ, եթե նույն հարցը ինձ այս տարիքում ուղղեին, պատասխանս միանշանակ կուղղեի համացանցի ստեղծմանը, քանզի ինձ համար համացանցը ինֆորմացիոն լայն հնարավորությունների մի աղբյուր է և նաև քաղաքակիրթ ինֆորմացիոն հարթակ այս կամ այն հասարակական-քաղաքական հարցի շուրջ լուրջ տեսակետներ հայտնելու համար: Նույն կերպ, եթե դիտարկելու լինեմ մասնավորապես Ֆեյսբուքը, ապա պիտի նշեմ, որ 2-3 տարի առաջ այս սոցկայքը բավականին բարձր ինտելեկտուալ վարկանիշ ուներ և հանդիսանում էր զուտ քաղաքակիրթ ինտելեկտուալ ինֆորմացոն հարթակ: Վերջին տարիներին պատկերը, իհարկե, փոխվել է, և Ֆեյսբուքում կարելի է տեսնել ամենահիմար դիտարկումից մինչև ամենավերջին հայհոյանքը, սակայն, այնուամենայնիվ, ըստ իս, այն մնում է մի վիրտուալ հարթակ, որը շատ մեծ նշանակություն ունի հասարակական գիտակցության վրա ազդելու առումով և բավականին հզոր զենք է իրենից ներկայացնում՝ այլ խնդիր է, իհարկե, թե յուրաքանչյուր ոք այն ինչպես է օգտագործում: Ֆեյսբուք մտնում են անհամեմատ ավելի մեծ հասարակական զանգվածներ, քան ցանկացած լրատվական կայք, Ֆեյսբուքում անհատական էջ ունեն տարբեր լուրջ լրագրողներից սկսած մինչև ամենալուրջ հասարակական-քաղաքական գործիչները և, ուրեմն, ինչո՞ւ պետք է թերագնահատենք այս սոցկայքի հնարավորությունները՝ տարբեր հասարակական-քաղաքական խնդիրներ լուծելու առումով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ani.zakharyan.9/posts/237652949751649?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել