Lragir.am-ը գրում է.

Տեղեկություն է տարածվել, որ Երեւանում ֆրանսիական Կարֆուր հիպերմարկետն այդուհանդերձ կբացվի, ու դրա համար տարածք է հատկացվել Երեւան Մոլ նորաբաց առեւտրի կենտրոնում:

 Կարֆուրի պատմությունը Հայաստանում շատ հիշեցնում է Հին Կտակարանը, երբ Մովսեսը Եգիպտոսից դուրս բերած հրեաներին 40 տարի պտտեցնում է, մինչեւ ստրկությունից ազատ սերնդի ձեւավորումը:

 Կարֆուրը Հայաստանում «չպտտեցվեց» 40 տարի, դրա պատմությունն ընդամենը երկու-երեք տարվա է, բայց դա էլ թերեւս բավարար էր հայտնի ապրանքանիշը Հայաստանի տնտեսական իրողություններին, տնտեսական հարաբերությունների բնույթին ու մշակույթին «հարմարացնելու» համար:

 Կարֆուրի մուտքը կարեւոր էր, ինչպես կարեւոր է գրեթե 100 տոկոս օլիգարխացված, Համաշխարհային բանկի տվյալով առնվազն երկու-երրորդով մոնոպոլացված հայաստանյան տնտեսության փակ շրջանը կոտրելու համար, Հայաստանի տնտեսության գերբարձր ռուսաֆիկացիան թեկուզ մասնակիորեն դիվերսիֆիկացնելու համար:

 Պատահական չէ, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը մի քանի անգամ հարցնում էր թվիթերյան իր բլոգում, թե ինչ նորություն կա Կարֆուրից, չէ որ դա մրցակցության նախադրյալ է Հայաստանի տնտեսության համար:

 Բայց արդյոք արդարանալու է մրցակցության այդ սպասումը: Ինչու՞ Հայաստանում այդքան ձգվեց Կարֆուրի մուտքը, որը պետք է տեղի ունենար ավելի վաղ Դալմա Գարդեն Մոլում:

 Մամուլը այդ ժամանակ գրեց, որ Դալմայի սեփականատեր, ռուսաստանցի հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանին նրա հայաստանցի օլիգարխ ընկերները դժգոհել են Կարֆուրի մուտքից, որը փաստացի մրցակից էր հանդիսանալու թե ներկրումների, թե մանրածախ վաճառքի ոլորտում: Մասնավորապես, խոսքը թիվ մեկ ներկրող, մենաշնորհատեր, սուպերմարկետիստ Սամվել Ալեքսանյանի մասին է, որի երեխաների կնքահայրը դարձավ հետո Սամվել Կարապետյանը:

 Ի վերջո, Կարապետյանի Դալմա Գարդեն Մոլում Կարֆուրի փոխարեն բացվեց Սամվել Ալեքսանյանի հերթական սուպերմարկետը:

 Այդ ընթացքում, Քարֆուրի պատմությունը Հայաստանում շարունակեց ծավալվել: Եվ կարծես թե ոչ միայն Հայաստանում: Բանն այն է, որ Հայաստանում ներդրում կատարողը լինելու է Կարֆուրի այսպես ասած տարածաշրջանային ճյուղը, որի կենտրոնակայանը Դուբայում է: Մի քանի ամիս առաջ տեղեկություն տարածվեց, որ ֆրանսիական կողմը այդ ճյուղում իր բաժնետոմսերը վաճառել է եւ այն լիովին արաբական փաթեթ է: Զուգահեռ, մամուլում տեղեկություն հայտնվեց նաեւ, որ արաբական կողմից որոշակի տոկոս բաժնետոմսեր գնել է Հայաստանի ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը: Մամուլում տեղեկություններ են եղել նաեւ, որ Երեւան Մոլի սեփականատերն էլ Գագիկ Խաչատրյանն է:

 Համենայն դեպս, մամուլի հրապարակումների այդ հաջորդականությունը տրամաբանական է դարձնում այն, որ ի վերջո Կարֆուրը տեղակայվում է նորաբաց Մոլում: Բայց, այստեղ արդեն ստացվում է հետաքրքրական պատկեր՝ փաստացի տեղակայվում է այսպես ասած «հայաֆիկացված» Կարֆուրը: Այլ կերպ ասած, Կարֆուրից ըստ էության անունն է մնում:

 Իսկ դա արդեն առաջացնում է հարցեր, թե արդյոք ընկերությունը իսկապես նոր եւ լուրջ մրցակցություն է բերելու հայկական մենաշնորհացված շուկա, թե պարզապես հանդիսանալու է շուկայի հերթական քվոտաներից մեկը, խոշոր հաշվով փոխելով շատ քիչ բան, եւ գլխավորը՝ տեղավորվելով Հայաստանում առկա տնտեսական «կանոնների» շրջանակում, ոչ թե իր ներկայությամբ նպաստելով դրանց փոփոխությանը:

 Մի Կարֆուրով իհարկե գարուն չէր գա, բայց կարող էր ոլորտում ստեղծվել նախադեպ: Կարֆուրն իր աշխատանքով կարող է ցրել այդ մտավախությունը եւ իսկապես իրավիճակ փոխել շուկայում, բայց «պտտումից» հետո դրա հավանականությունը երեւի թե էապես նվազել է:

 Հնարավո՞ր է արդյոք «հայաֆիկացնել» աշխարհահռչակ այդ ապրանքանիշը, որն իր տարեկան շրջանառությամբ կգերազանցի Հայաստանի բյուջեն ու օլիգարխիայի ամբողջ ունեցվածքը: Հնարավոր չէ, եթե Կարֆուրն իր առաջ դներ հայաստանյան համակարգը ճեղքելու խնդիր:

 Այստեղ արդեն հարցը տեղափոխվում է քաղաքական հարթություն: Քաղաքական առումով ակնհայտ է, որ Արեւմուտքում սեպտեմբերի 3-ից հետո տեղի է ունեցել Հայաստանը դադարել է ընկալվել որպես քաղաքական սուբյեկտ: Այդ դեպքում, ինչպես ռուսներն են սիրում ասել Ադրբեջանին զենք վաճառելու մասով՝ բիզնես, ոչ մի ավելորդ բան: Կարֆուրի պարագայում էլ մնում է զուտ բիզնեսը, ոչ մի ավելորդ բան: Իսկ բիզնեսը կայունություն է նախընտրում, ոչ թե ճակատամարտ «Մաքսային միությամբ» զինված օլիգարխիայի դեմ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել