1992թ. այս օրը Արցախի Մյուրիշեն գյուղի մոտակայքում իր ընկերների` Երոյի (Արմեն Երիցյան) և Արայիկի (Արա Ավագյան) հետ մարտական առաջադրանք կատարելիս դավադիր ականից զոհվեց Շուշիի գումարտակի հրամանատար, Արցախյան պատերազմի հերոս, լեգենդար Վարդան Ստեփանյանը (Դուշման Վարդան):
Դուշման Ստեփանյանը ծնվել է 1966թ. մարտի 9-ին Երևանում, 1984թ. կամավոր ծառայության է անցել Աֆղանստանում: «Աֆղանստան ծառայելու գնացի կամավոր, ուզում էի լավ կռվել սովորել և կռվեցի: Վատ զինվոր չեմ եղել և միշտ հավատացել եմ, որ մի օր Հայոց բանակի զինվոր եմ լինելու»,- մի առիթով ասել է նա:
Զորացրվելուց հետո Դուշմանը ընդունվում է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ: Արցախյան պատերազմի առաջին տարիներին համագործակցել է Հայ դատի ռազմական թևի հետ: Ընկերոջ` Արմեն Երիցյանի հետ, ստեղծում է ռազմական «Ասպետ» դպրոցը, որտեղ պատրաստվում էին Արցախ մեկնող ֆիդայինները:
Ընկերները նրան կոչում են «Դուշման»: Այս մականունը նրան տվել էին թուրքերը, որոնց դեմ կռվում էր և որոնց սարսափ էր ներշնչում: Այնուհետև Դուշմանը մասնակցում է Իջևանի և Նոյեմբերյանի շրջաններում տեղի ունեցող մարտերին, այնուհետև անցնում է Արցախ, որտեղ մասնակցում է Բադարա և Ասկերանի շրջանի Դագրավ գյուղերի ինքնապաշտպանության կազմակերպմանը: 1991թ. հոկտեմբերի 30-ին «Դաշնակցություն» ջոկատի կազմում, որի հրամանատարն էր Աշոտ Ղուլյանը (Բեկոր), մասնակցում է ԼՂՀ Հադրութի շրջանի Տող գյուղի ազատագրման մարտերին:
Վարդանի տղաների հաջորդ հաղթանակը Ստեփանակերտի արվարձան Կրկժանի` ադրբեջանական ամուր հենակետի, ոչնչացման ուղղված օպերացիան էր 1992թ. հունվարի 22-ին: Քարին Տակի հաղթանակը դարձավ հայկական ուժերի առաջին խոշոր հաղթանակը Արցախյան պատերազմում: Հաջորդ կարևորագույն հաղթանակներից էին Խոջալուի կրակակետերի ոչնչացումն էր փետրվարի 25-26-ի գիշերը և Ստեփանակերտի օդանավակայանի ու Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհների բացումն էր:
Վարդանի մարմինը հողին է հանձնվել Եռաբլուրում: Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին կարգի շքանշանով: 2009թ. հուլիսի 3-ին Մյուրիշեն գյուղում, այնտեղ, որտեղ զոհվել էր Վարդանը, կանգնեցվեց նոր հուշարձան:
Նյութի աղբյուր՝ http://nakhshkaryan.blogspot.com/2012/07/blog-post_1518.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել




