Հայ ժողովրդի միջնադարյան մշակույթի պատմության մեջ բացառիկ տեղ է գրավում ճարտարապետությունը, որի հետ սերտորեն կապված է եղել քանդակագործությունը, մասնավորապես՝ կոթողային բնույթի հուշարձանների կառուցումը: Հայաստանում հանդիպում են կոթողների  տարբեր տեսակներ ու ձևեր,որոնց թվում, սակայն, ամենատարածվածն ու տիրապետականը խաչքարերն են: Ավելի քան մեկ հազարամյակ այդ հուշարձանները հանդիսացել են մասսայական սիրված կոթողներ, կերտող վարպետները դրանցում ներդրել են հայկական մշակույթի յուրահատուկ գծերը: Հայկական խաչքարերի ընդհանուր թիվը տասնյակ հազարների է հասնում, որոնցից  ոչ մեկը մյուսին նման չէ:  Դրանք հաճախ կշռում են մի քանի տոննա: Խաչքարը հիմնականում ստեղծվում է հրաբխային բազալտից կամ տուֆից: Հայերի համար խաչքարը դա Քրիստոսի հարության խորհրդանիշն է՝ մահի դեմ նրա հաղթանակը:

Մինչև 20-րդ դարի կեսերը տարածված էր այն թույր կարծիքը, թե իբր խաչքարերը լոկ գերեզմանաքարեր են եղել: Սխալ պետք է համարել նաև Հայկական խաչքարերը ռուսերեն՝ «надгробный памятник», անգլերեն՝ «tombestone» թարգմանելը, ավելի ճիշտ կլիներ խաչքարը ռուսերեն թարգմանել «кресть-камень» , անգլերեն՝ «cross stone» , որովհետև «քարե խաչը» դեռ խաչքար չէ, այլ ուղղակի քարից պատրաստված խաչ:

Խաչքարային կոթողաշինությունը լայն տարածում է գտել պատմական Հայաստանի բոլոր նահանգներում և դարձել է քանդակագործական արվեստի բնագավառ, որտեղ հազարավոր վարպետներ փորձել են իրենց տաղանդն ու հմտությունը:: Կարելի է ասել, որ այլազգի շատ գիտնականները հայ արվեստին հաճախ ծանոթացել են մեր ճարտարապետության, մանրանկարչության և խաչքարերի միջոցով: Խաչքարերը կարևոր դեր են խաղացել նաև հայ միջնադարյան հոգևոր կյանքում, նրանց հետ կապված են զանազան ժողովրդական ավանդություններ և հաշապատում զրույցներ, որոնք թեև ոչ մի կապ չունեն այդ կոթողների իսկական բովանդակության հետ, բայց և այնպես կարևոր են հայկական միջնադարյան ժողովրդական պատկերացումների, մտածողության , բանահյուսության ուսումնասիրության տեսակետից: Միջնադարյան այդ ավանդապատումների ու հրաշապատում զրույցների հիմքում հաճախ ընկած են դեռևս հեթանոսական շրջանի զանազան պատկերացումների ու հավատալիքների վերապրուկները:

Մեզ հասած ամենահին խաչքարերը IX դարից են: Դրանցից հայտնի են ութը (գառնի՝ 879թ., Մազրա՝ 881թ., Ն.Թալին՝ 882թ., Կեչուտ՝ 886, Տաթև՝ 895-906թթ: Հացառատում հայտնի է 898թ. Որմնախաչ: IX դարի երկու թվակիր խաչքարեր էլ կան Լեռնային Ղարաբաղի Վաղուհասիկ և Քոլատակ գյուղերի տարածքում), սակայն շատ ավելի մեծ է X դ. թվագրված խաչքարերի թիվը: Խաչքարերի ծագումը չի կարելի IX դ. Վերագրել: Հայաստանում պահպանված ամենահին խաչքարը թվագրվում  է 879թ-ին և գտնվում է Գառնու հեթանոսական տաճարի տարածքում: Այն նվիրված է Աշոտ Ա Բագրատունու կնոջը՝  Կատրանիդեին:  Պետք է ենթադրել, որ խաչքարերն սկսեցին առաջանալ VII դ. Առաջին կեսում, իսկ երբ VIII Դարի առաջին քառորդում արաբներն արգելեցին մարդկային պատկերներ քանդակելը և սկսեցին խորտակել նման պատկերներ կրող քառակող կոթողները՝ խաչքարաշինությունը արգելքի չհանդիպեց: Նորաստեղծ խաչքարերը VIII-IX դդ. հաջողությամբ փոխարինեցիննախկին քառանիստ, հուշասյուն կոթողներին ու թևավոր խաչերին: Արագորեն տարածվելով, նրանք IX դ. Վերջերին արդեն ասպարեզից դուրս մղեցին իրենց նախորդներին և դարձան հիշատակարան- հուշարձանների տիրապետող ձև: IX դ-ից արդեն առկա է խաչքարի ավարտուն կերպարը՝ նրան բնորոշ զարդամոտիվներով:

Հնագույն խաչքարերը հիմնականում երկարավուն , ուղղանկյուն և կամարաձև գագաթներով քարե սալիկներ են, որոնք իրենց ներքևի մասի ելուստներով  (պոչուկ) ագուցվում են խորանարդաձև պատվանդանների վրա: Հաճախ առանց պատվանդանի կանգնեցվում են ուղղակի գետնի մեջ: Խաչքարի արևմեյան երեսին սովորաբար փորագրված է խաչի պատկերը, որի վերևի թևից իջնում են խաղողի , նռան և այլ զարդաձևեր, իսկ ներքևի թևի երկու կողմերից բարձրանում են արմավենիկի տերևաքանդակներ: Խաչի ներքևում սովորաբար պատկերվում են կամ աստիճանաձև հիմքեր, կամ նռան ու վարդյակաձև զարդամոտիվներ:

XI-X դարերից մինչև XVII դ. Զույգ աղավնիների կերպարը դառնում է խաչքարերի հատկանշական զարդամոտիվներից մեկը: Այս տիպի խաչքարերից պետք է նշել Կեչուտի՝ 886թ., Էջմիածնի X դար, Հաղպատավանքում՝ Ատոմ Վերակացուի (1004թ.), Գառնիի՝ 1220թ., Նորավանքուում՝ Հակոբ նկարողի (1569թ) և բազմաթիվ այլ խաչքարեր:

Նոր զարդամոտիվներից առավել տարածվածներից է պտտվող սվաստիկան, որի հիմքում ընկած է հավիտենականությունը և արեգակը խորհրդանշող արմնկաձև խաչի պատկերը: Այս զարդամոտիվը նեոլիթյան ծագում ունի և հանդիպում է դեռևս IV-VII դդ. հայկական հուշարձանների վրա: XI դդ սկսած՝ պտտվող սվաստիկան և կեռ խաչերը զարդարում են նաև հայկական խաչքարերը: Սկսած XI դարից խաչքարի վրա հանդես է գալիս փնջաձև բուսական զարդաձևը, որը սովորաբար պատկերվում է խաչաքանդակի և նրանից ներքև գտնվող վարդակի միջև: XIII դ. Խաչելության խաչքարի համար պարտադիր է եղել աջից արեգակի, իսկ ձախից՝ լուսնի պատկերումը:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել