Kinoashkharh.am-ը գրում է.
«Իրականը, երբ ներառում է մարդուն, արդեն միայն այն չէ, ինչ որ է, այլ նաև այն ամենը, ինչ պակասում է իրեն ու ինչի համար որպես ֆերմենտ են ծառայում մարդկանց երազներն ու ժողովուրդների միթոսները»: (Ռոժե Գարոդի, գրող, փիլիսոփա)
«Այն ժողովուրդը, որը XXI դարում իրեն չի ճանաչի գեղարվեստական ֆիլմերում առաջարկված կերպարներում, կարող է անհետանալ»: (Ժան-Քլոդ Քարիեր սցենարիստ, դրամատուրգ և դերասան)
Կինեմատոգրաֆին առնչվող անեկդոտանման մի այսպիսի մեկնաբանություն կա.
Պատմությունն ընթացել է երեք փուլերով.
ա) այնպես, ինչպես տեղի է ունեցել,
բ) այնպես, ինչպես գրել են պատմիչները,
գ) այնպես, ինչպես ներկայացված է ամերիկյան ֆիլմում:
Հիրավի, հատկապես վերջին երեք տասնամյակում մենք ականատես ենք դարձել, թե կինոյի միջոցներով ինչպես է խմբագրվում պատմությունը: Եվ այդ երևույթն ամենաանվերահսկելի եղանակով արվում է հատկապես ամերիկյան կինոյում: Օրինակ` դիտելով Երկրորդ աշխարհամարտի մասին իրենց նկարած բավական թվով ֆիլմեր, պատմությունը չիմացող մարդու մոտ տպավորություն կստեղծվի, թե ամերիկացիներն են փրկել ողջ մարդկությունը գերմանական ֆաշիզմից, իսկ այսօր արդեն նրանք «փրկում» են աշխարհը ահաբեկիչներից, և դա այն դեպքում, երբ ահաբեկչության մասին առասպելը նրանք նախ սկսեցին ստեղծել էկրանին, ընդ որում` դեռևս անցյալ դարի 70-ականներից սկսած: Ամերիկացիներից զատ, ուրիշները նույնպես վաղուց հասկացել են, որ այն, ինչ չեն արել պատմության ընթացքում, կարելի է անել կինոյում: Ավելին, ոմանց հաջողվում է ազգային հարցեր լուծել կինոյի օգնությամբ…
Անկեղծ ասած, ինձ միշտ հետաքրքրել է այն հանգամանքը, թե ինչպես է այս կամ այն ժողովրդի պատմությունը ներկայանում իր կինեմատոգրաֆում: Այդ հարցը շատ կարևոր է, որովհետև շատ ներկայանալի արվեստ է կինոն: Վերջապես, շատ ժողովուրդների մենք առավել չափով կինոյի շնորհիվ ենք ճանաչում, ֆիլմերի հիման վրա ենք պատկերացում կազմում տվյալ երկրի, տվյալ ժողովրդի նկարագրի մասին: Նախկինում ինձ զարմացնում էր, օրինակ, որ եվրոպացիներն անցյալի մասին ֆիլմերում բոլորովին չեն քաշվում իրենց բարբարոսական արարքներից: Այդպես «Մարգո թագուհին» ֆիլմում եղերական «բարդուղիմեոսյան գիշերը» գրեթե վերածվեց ֆրանսիացիների «ազգային պատմական բրենդի»: Ինձ, իհարկե, ժամանակ պետք եղավ ըմբռնելու համար, որ այդ ճանապարհով նույնպես նրանք շեշտում են իրենց պատմական հզորությունը և իրենց տեղը եվրոպական քաղաքակրթության պատմության մեջ: Իսկ այդօրինակ հզորությունը գիտակցող ազգը չի կարող արդեն տառապել այնպիսի մանր-մունր բարդույթներով, թե ինչ կմտածի աշխարհը` տեսնելով նման դաժանություն: Նրանք վստահ են, որ աշխարհը նույնչափ գիտի նաև ֆրանսիական նրբագեղության մասին և իհարկե ֆրանսիացիների նուրբ, աշխարհայացքային իրոնիայի` իբրև գեղագիտական երևույթի ու արժեքի մասին, էլ չենք ասում զուտ ֆրանսիական հոգեբանության անհատակ խորքերի մասին, ինչը վկայող ֆիլմերով այնքան հարուստ է ֆրանսիական կինոարվեստը:
Արդ, շրջվենք հայացքով դեպի մեզ:
Հիշում եմ, «Ոսկե ծիրան» երկրորդ փառատոնի բացման արարողության ժամանակ Նիկիտա Միխալկովը, Օպերայի բեմում կանգնած, ասաց մի բան, որ դաջվել է ուղեղումս. «Հայաստանը երկիր է, որ ունի այդպիսի հզոր պատմություն» («Страна с такой великой историей!»): Հետաքրքիր էր և առաջին հայացքից տարօրինակ, որ նա առաջին հերթին շեշտեց, կարևորեց մեր պատմությունը և ոչ թե, ասենք, մշակույթը: Դահլիճում նստած մտածում էի` Աստվաʹծ իմ, մենք ու մեր ողբերգական պատմությունը… Եվ այս մարդը կանգնել է մեր առջև և այդպես մեծարում է մեր պատմությունը, որը մենք գուցե ինքներս մեզ համար, հօգուտ մեզ պետք է հասկացած լինեինք, բայց տակավին չենք հասկացել:
Այո, ուրիշները մեր պատմության դասերն ավելի լավ են յուրացրել…
Ինձ հուզում է այն հարցը, թե մեʹր պատմությունը որքանով է ներկայացված կինոյում և հիմա ինչ պիտի անենք: Եթե հաշվի առնենք, որ խորհրդային դարաշրջանում ինչքան սահմանափակումներ են եղել, այնուամենայնիվ կարելի է ասել` էպիկական իմաստով մեր պատմությունը ներկայացվել է հատկապես Դովլաթյանի և որոշ չափով` Մալյանի կինեմատոգրաֆում: Հարկ է նշել, որ Ֆրունզե Դովլաթյանի դեռևս առաջին նշանակալի ֆիլմում` «Բարև, ես եմ» կինոժապավենում, խարսխվեց իր ժողովրդի պատմությունը, դարի պատմական ազգային հիշողությունը` իբրև «ազգի խոցված ինքնասիրության ինքնագիտակցում»` հերոսի խոսքերով ասած: Ֆիլմի այդ գլխավոր հերոս ֆիզիկոս Արտյոմ Մանվելյանը, որի նախատիպը հայտնի գիտնականներ Ալիխանյան եղբայրներից մեկն է, թատերական հրապարակում Տիգրան Պետրոսյանի հաղթանակին տենդագին սպասող հայ ժողովրդի համախմբումն անվանում է «կոլեկտիվ արշավ դեպի անցյալ»: Նույնը կարող ենք ասել Դովլաթյանի կինեմատոգրաֆի մասին:
Կարելի է հիշատակել նաև ուրիշ հեղինակների առանձին գործեր, սակայն մեր խնդիրն այդ չէ: Այնուամենայնիվ, գնալով դեպի մեր ֆիլմարվեստի ակունքները, նշենք, որ Բեկնազարյանը մտադիր է եղել Տիգրան Մեծին նվիրված պատմական ֆիլմ բեմադրել` պատկերելով մ.թ.ա. I դարում հայ ժողովրդի պայքարը հին հռոմեացի զավթիչների դեմ: Սակայն այդ դարաշրջանից չէր պահպանվել նյութական` ֆիզիկական իրականության գրեթե ոչ մի հետք, և կինոստուդիան նույնպես չուներ անհրաժեշտ ռեսուրսներ: Պարսկական լծի դեմ հայ ժողովրդի պայքարի առաջնորդի, ազգային փառապանծ հերոսներից մեկի` Դավիթ-Բեկի դարաշրջանը XVIII դարի առաջին քառորդն էր: Այդ ժամանակներն անհամեմատ մոտ էին: Ֆիլմի պատմական խորհրդատուն էր պատմաբան, հնագետ Հովսեփ Օրբելին: Մեծ ջանքերով հաջողվում է ճշտությամբ վերականգնել «պատմական բնապատկերը»` այդ դարաշրջանի ինտերիերը, կահավորանքը, հագուստը, զենքը: Այսօր դժվար է պատկերացնել, թե ինչպես է պատերազմական ժամանակ` 1943-ին, սովի և զրկանքների պայմաններում այդպիսի մեծամասշտաբ ֆիլմ նկարահանվել, ինչպիսին «Դավիթ-Բեկ» կինոնկարն է: Էյզենշտեյնի «Իվան Ահեղից» մեկ տարի առաջ բեմադրված այս լայնակտավ հերոսապատումն իր ստեղծման ժամանակի համատեքստում բավական արժանի պատմական կինոնկար է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ